Նաիրա Զոհրաբյանը`Հակոբ Ավետիքյանի մեղադրանքների մասին
– Տիկին Զոհրաբյան, այսօր հրավիրած ասուլիսում ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարեց, որ Ծառուկյանի վրա իշխանական որոշ օղակներ ճնշում են գործադրել, որի արդյունքում ՀՌԱԿ ը դուրս է մնացել «Ծառուկյան» դաշինքից։
– Թե՛ պարոն Ավետիքյանը եւ թե՛ ցանկացած ոք, կարծում եմ, հրաշալի հասկանում է, որ Գագիկ Ծառուկյանի վրա որեւէ մեկը ճնշում գործադրել չի կարող։ Ուստի, ես բարեկամաբար խորհուրդ եմ տալիս թե՛ պարոն Ավետիքյանին եւ թե՛ մեր մյուս գործընկերներին պրոբլեմը փնտրել սեփական թիմի եւ սեփական կուսակցության մեջ։ Եթե մի ամբողջ ավանդական կուսակցություն երկու շաբաթ է՝ չի կարողանում որոշել, թե իրենցից ո՞վ է «ֆեյք» եւ ո՞վ է «օրիգինալը», այստեղ, կարծում եմ, բացարձակապես կոռեկտ չէ շահարկել Ծառուկյանի անունը։
Գագիկ Ծառուկյանի վերընտրվելուց հետո այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր զարթոնքն է ապրում, եւ կրկին անգամ վստահաբար կարող եմ ասել, որ թե՛ նախկին եւ թե՛ ներկա որեւէ իշխանավորի ազդեցություն ո՛չ նախկինում եւ ո՛չ էլ այժմ չի եղել ու չկա։
Նորից եմ կրկնում՝ Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է եղել՝ Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբմամբ ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ քաղաքական ուժերի և անհատների դաշինք։
Իսկ այն, ինչ այսօր կատարվում է ՌԱԿ- ում՝ կուսակցության հեղինակային իրավունքի վիճարկման հարցով, թե ո՞ւմ է պատկանում կուսակցության կադաստրի վկայականը, անկեղծ ասած, շատ տխուր է, եւ բնավ պատիվ չի բերում ավանդական կուսակցությանը։
Այդուհանդերձ, հասկանում եւ ցավակցում եմ ամենուր ազդեցություն փնտրող այն ուժերին, ում հետ դժբախտություն ենք ունեցել ընդամենը մի քանի օր առնչվել։
– Տիկին Զոհրաբյան, Հակոբ Ավետիքյանը, ըստ էության, հասկացրեց, որ Ծառուկյանի վրա ճնշում է գործադրել նաեւ Դաշնակցությունը։
– Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Ո՛չ իշխանությունը, ո՛չ այդ իշխանության մաս Դաշնակցությունը եւ ո՛չ էլ երկրում, կամ երկրից դուրս գտնվող որեւէ սուբյեկտ չի կարող Ծառուկյանի վրա ճնշում գործադրել։ Վստահ եմ, սա հրաշալի հասկանում է նաեւ պարոն Ավետիքյանն ու իր կուսակցությունը, եթե, իհարկե, այս ընթացքում վերջապես կարողանան ճշտել, թե ո՞վ իրավունք ունի խոսելու ՌԱԿ-ի անունից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար առհասարակ անհասկանալի են պարոն Ավետիքյանի պատճառաբանությունը`ընտրություններին չմասնակցելու մասին: Իսկ Հակոբ Ավետիքյանն իր հայտարարություններով, ըստ Աղվան Վարդանյանի, ավելի վիրավորում է Գագիկ Ծառուկյանին` նրան վերագրելով ուրիշներին լսելու, ուրիշների ասածներով առաջնորդվելու դիրքորոշում. «ՀՅԴ-ն որեւէ նման բաների մեջ չի եղել եւ չի էլ կարող լինել»: