Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում արյան քաղցկեղով տարեկան հիվանդանում է 70 երեխա

Փետրվար 15,2017 15:33

«Ընդհանրապես Հայաստանում այս կամ այն քաղցկեղով հիվանդանում են տարեկան միջինում 70 փոքրիկներ: Սա այն թիվն է, որը ֆիքսված է ՀՀ-ում, մեկ տարի կարող է լինել 80, մեկ տարի՝ 50, բայց միջին թիվը 70 է»,- «Արմենպրես» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

Նրա խոսքով` առհասարակ հաճելի չէ նշել հիվանդության հետ կապված օրերը, սակայն այս օրը համախմբել է քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների ֆեդերացիային և իրենց առաջարկությամբ ևս մեկ անգամ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռում են մանկական քաղցկեղի վրա , որովհետև այս հիվանդությունը բացի այն, որ բավականին ծանր և դժվար բուժվող է, նաև ամբողջ ընտանիքի համար դառնում է լուրջ հոգեբանական և սոցիալական խնդիր: Այս առումով էլ այսպիսի օրերի հետ կապված հաղորդագրությունները հիմնականում ուղղված են վերհանելու խնդիրները, խոսելու հիվանդացությունների հետ կապված հարցերի մասին:

Պարոն Դաղբաշյանն անդրադարձավ արյան և արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդություններին` նշելով, որ այդ ամբողջ հիվանդությունների մեջ 40-50-ն արյան չարորակ նորագոյացություններն են: Այսօր արյունաբանական կենտրոնում հսկվում են 1165 փոքրիկներ, որոնք ունեն արյան այս կամ այն հիվանդությունը, իսկ նրանցից 189-ը ունեն արյան քաղցկեղ:

Արյունաբանական կենտրոնի մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի վարիչ Լալա Վաղարշակյանն ասաց, որ արյունաբական կենտրոնի մանկական բաժանմունքում բուժվում են 0-18 տարեկան երեխաները: Հիվանդությունները կարող են հանդիպել բոլոր տարիքային խմբերում էլ, ամենահաճախը հանդիպում է 2-10 տարեկան հասակում: «Տարիքային խմբերի բաժանումը շատ էական է, քանի որ տարիքից կախված երեխաների բուժման արդյունավետությունը փոփոխական է, օրինակ 2-10 տարեկանների մոտ բուժման արդյունքներն ավելի բարձր են, քանի մինչև 2 տարեկանը կամ 10 տարեկանից բարձր երեխաներինը»,- ասաց նա:

Պարոն Դաղբաշյանի խոսքով, բուժման արդյունավետությունը բարձրացել է մեր կլինիկաներում: «Արդյունավետության բարձրացմանը ուղղված գործոններից է գործելակարգերի կիրառումը: Կապ չունի հիվանդությունը ախտորոշվել է Գերմանիայում, թե Հայաստանում, բուժումը իրականացվելու է նույն սխեմաներով, կիրառվելու են նույն բուժական գործողությունները և մենք այդ դեպքում ունենալու ենք նույն արդյունավետությունը: Հիվանդները մեկնում էին արտերկիր ախտորոշման հետ կապված խնդրից ելնելով: Մեր նորաբաց արյունաբանական կենտրոնի հիմնական առավելությունն այն է, որ այն հագեցված է բազմաթիվ ախտորոշիչ հնարավորություններով, և ախտորոշման համար երեխաները կարիք չունեն դուրս մեկնելու: Այս առումով արտերկիր մեկնողների թիվը քչացել է», -ասաց նա:

Մանկական գլխավոր արյունաբան Անահիտ Զախարյանը, խոսելով դեղորայքների ձեռք բերման մասին, ասաց, որ կան դեղորայքներ, որոնք դժվար է ձեռք բերել Հայաստանում. «Այդ պատճառով մենք դիմում ենք բարեգործական ընկերություններին»: Տիկին Զախարյանը առանձնացրեց «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի գործունեությունը և կոչ արեց պատկան մարմիններին ձեռնամուխ լինել և իրականացնել դեղորայքների գրանցումն ու ձեռքբերումը:

Նշենք, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում արյան քաղցկեղից բուժվել է 600 երեխա, որոնք այժմ լիակատար կյանք են վարում: Այդ հիվանդությունը բուժվում է պետական պատվերի շրջանակում: 10 տարի առաջ պետությունը այդ թանկարժեք բուժվող հիվանդության ընդամենը 30%-ն էր կարողանում հոգալ, այժմ այդ թիվն աճել է. պետությունը հոգում է դեղորայքի ձեռքբերման 60-70%-ը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728