«Շփման գծում իրական միջադեպեր են տեղի ունենում, ուստի կոռեկտ չէ ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված է»,-«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ այսօր հայտարարեց Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի քաղաքական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը:
«Ղարաբաղի դեպքում չենք տեսնում խաղաղապահների: Մի կողմից, դրանք դրական գործոն են եւ կողմերին հետ են պահում սադրանքներից, մյուս կողմից էլ՝ խաղաղապահներն «աբստրակցիաներ» չեն: Երբ ասում ենք՝ հակամարտության խաղաղ լուծում, պետք է հասկանալ՝ ո՞ւմ է այն ձեռնտու: Պետք է հասկանալ նաեւ, որ խաղաղապահների հետեւում կանգնած են այն երկրների ազգային շահերը, որոնք ուղարկել են այդ խաղաղապահներին: Դա խնդիրների այլ հավաքածու է»,-անդրադառնալով շփման գծում խաղաղապահներ տեղակայելու մտադրության շուրջ քննադատություններին, ասաց Մարկեդոնովը:
Նա ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտությունն, ի տարբերություն այլ հակամարտությունների, չի դարձել այլ երկրների շահերի բախման կետ. «Բարեբախտաբար, կարծում եմ, Ղարաբաղը չի դարձել տարածք, որի շուրջ ՌԴ-ն եւ Արեւմուտքն են մարտնչում»:
Քաղաքագետը հիշեցրեց, որ Հայաստանը Մոսկվայի ռազմավարական դաշնակիցն է, բայց պետք չէ մոռանալ, որ ՌԴ-ն հետաքրքրություն ունի նաեւ Ադրբեջանի հանդեպ. «Մենք էլ մեր հետաքրքրություններն ունենք, ես հասկանում եմ, որ զգացմունքների խնդիր կա»:
Կարդացեք նաև
Խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման տարբերակների մասին՝ Սերգեյ Մարկեդոնովը նշեց, որ «Մադրիդյան սկզբունքներում» հակասություններ կան, որոնք լուրջ խնդիրների տեղիք են տալիս:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ