Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ Հայտնիների Դիվանագիտությանն ու Սփյուռքի Քաղաքացիական Հասարակությանը

Փետրվար 15,2017 13:06

«Հայտնիների Դիվանագիտություն. Վերասահմանելով Հայաստանի դերը Սփյուռքում՛՛ համաժողովը ստեղծարար նախաձեռնություն էր, որ գրավել էր մեծաթիվ հանդիսատես ՅուԷսՍի համալսարանում Հունվարի 29ին: Ուսումնական այս հաստատությունն ու Հայկական Ուսումնասիրությունների Կենտրոնի տնօրեն Սալփի Ղազարյանն արժանի են երախտագիտության՝ բանախոսների տպավորիչ ցանկ կազմելու համար: Այս ձեռնարկի ծագումը, թերեւս «Արդարություն Հայաստանում»՝ change.org կայքում սկսված ստորագրահավաքից էր, որ սկսել էին մի խումբ արվեստագետներ՝ առավել լայն հայ հանրություն գրավելու նպատակով:

Որպես բանախոս, արվեստագետների հետ մեկտեղ քաղաքագետների ներառումը՝ ձեռնարկին հաղորդել էին «հանրային գիտակրթական» ձեւաչափ, ինչն առավել հետաքրքիր էր դարձրել միջոցառումը՝ անմիջական եւ առցանց հանդիսատեսի համար: Կենդանի հեռարձակումն ու տարբեր երկրներից բանախոսների հետ տեսամիացումն առավել զորավոր էին դարձրել համաշխարհային հաղորդակցությունը:
Կազմակերպչի նպատակը չէր կասկածի ենթարկել, արդյո՞ք Սփյուռքի արվեստագետները պետք է մասնակցեն Հայաստանի ընտրական քաղաքականությանը: Դա թողնում եմ Վահե Բարբերյանին (բանախոս արվեստագետ) իր հաջորդ կատակերգական ներկայացման համար: Նպատակն էր՝ առավել լայն ուղերձի շուրջ քննարկումը: Կանդրադառնամ ձեռնարկում հնչած առանցքային հարցերին, քանզի անհնար է մեկնաբանություններ անել 12 բանախոսներից յուրաքանչյուրի ասածի շուրջ:

Ընդհանուր առմամբ, մասնակիցները համախմբման հզոր կոչ փոխանցեցին Սփյուռքին՝ մասնակցելու Հայաստանի ժողովրդի քաղաքացիական պայքարին համաշխարհայնեցված մի դարաշրջանում, որտեղ սահմաններն այլեւս չեն սահմանափակում: («Այսօրվա համաշխարհային քաղաքացիական հասարակության պայմաններում, յուրաքանչյուրը ներգրավվում է աշխարհում առկա իրեն հուզող տարբեր հարցերում», Ա. Խանջյան): Մասնակցության մասին տեսակետները տարբերվում էին՝ «ներգրավվում ավանդական առիթներից անդին» (Ատոմ Էգոյան) ներգրավում առանց «տեղական քաղաքական կուսակցություններից որեւէ մեկին աջակցության» (Սերժ Թանգյան), կամ՝ «մասնակցություն որպես մեկ ազգ, եւ ոչ թե հեռվից հետեւող միայնակ դիտորդ» (Վահե Բերբերյան): Արվեստագետները կարծես համաձայն էին առանցքային սկզբունքների շուրջ առանց կարգադրողական տոնի:

Հետաքրքիր էր պրոֆեսոր Աննա Օհանյանի ելույթում հնչած մեկնաբանությունը, ըստ որի՝ իշխող քաղաքական գործիչների կողմից Հայաստանի հանրությանը ներկայացվող «քվեաթերթիկ/ընտրություն կամ սահմաններ» կամ «անվտանգություն ընդդեմ ժողովրդավարության» թեզերը՝ սխալ ընտրություն են: Նա նկատի ուներ, թե ինչպես է վերջին 25 տարիներին Հայաստանում ընտրական քաղաքականությունը հաճախ որպես ճնշում բանեցվում՝ քաղաքացիներին ստիպելով ընտրություն կատարել արտաքին սպառնալիքների/անվտանգության եւ լավ կառավարման ու ազգային բարեկեցության զարգացման միջեւ:

Ես լիովին համաձայն եմ պրոֆեսոր Օհանյանի հետ, թե արդար «Հայկական քվեաթերթիկը որքանով որ կենսական է Հայաստանի լիազորությունները զորացնելու, այնքան էլ՝ Հայաստանի անվտանգությունը ուժեղացնելու» համար: Մինչդեռ, Սփյուռքի ազգայնական ուղղափառները երբեմն ձախողում են այս հարցն ըմբռնել ողջ խորությամբ, իսկ Հայաստանի հետ կապի մեջ գտնվող Սփյուռքի երիտասարդ ակտիվիստները՝ տեսնում են սա բավականին պարզորոշ:

Արդյո՞ք ազգային անվտանգության հարցերը Հայաստանում իսկապես երկակի գերակայություն ունեն ժողովրդավարության եւ, որ ավելի կարեւոր է՝ տնտեսական զարգացման հարցերում, ինչպես որ նախորդ ընտրական քաղաքականությունն է առաջարկում: Արդյո՞ք վատ կառավարման հանդեպ Սփյուռքի անհամաձայնությունը պետք է անպայմանորեն դիտարկվի որպես դավաճանություն Հայաստանի նկատմամբ: Ձեռնարկին ներկաներից ոմանք զգացողություն ունեին, որ սփյուռքի ավանդական կազմակերպությունները չափազանց երկար ժամանակ են աչք փակել Հայաստանի պայքարող քաղաքացիական հասարակության վրա:

Քաղաքական վերլուծաբան Իրինա Ղափլանյանը (իր «Հայաստան. Երկիր, որը փնտրում է ղեկավարներ» գրքում, որ լույս կտեսնի 2017թ-ին) հետաքրքիր կետեր է ներկայացնում: Դրանցից մեկն անդրադառնում է հետխորհրդային իրար հաջորդող վարչակազմերի կողմից «ստեղծելու կարեւորության բացակայությանը»:Սրանով, Իրինան, կարծում եմ, նկատի ուներ Հայաստանի ղեկավարների կողմից հայկական համընդհանուր գաղափարախոսության տեսակետներ կերտելու ջանքերի բացակայությունը, որոնք կձեւակերպեն գործընթացներ ու առիթ կդառնան ինստիտուտների ստեղծմանը, որոնք պիտի արտացոլեն այսօրվա հայ հանրության արժեքները (ի հեճուկս, պարզապես լինելու հետխորհրդային մի երկիր, որը բնորոշվում է ավելի շատ անցյալով, այլ ոչ վերջին 25 տարիներով):

Այս «ստեղծելու կարեւորութան» ջանքը, որ շատ նման է նրան, ինչ ԱՄՆ հիմնադիր հայրերն արեցին երկրի ձեւավորման տարիներին, իսկապես հրատապ հարց է: Սա մեկ այլ հիմնարար առիթ է Սփյուռքի տարբեր ցանցերի (կազմակերպությունների,միությունների, խմբերի) համար՝ առաջիկա տարիներին համագործակցելու Հայաստանի քաղաքացիական հասարակության խմբերի հետ:

Ակնհայտ է, որ ո՛չ ԼՏՊ-ի կողմից առաջին հանրապետության վաղաժամ ընդունված խորհրդանիշները, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից կեղծված Գարեգին Նժդեհի ազգայնական նշանակաբանությունը (ՀՅԴ առաջնորդ եւ Հայաստանի ազգային հերոս), կարող են փոխարինել Ղափլանյանի առաջարկած «ստեղծելու կարեւորության» հայեցակարգին:

Ձեռնարկի ընթացքում, աշխարհի տարբեր կողմերում երիտասարդ պետությունների մասին ոչ հայ քաղաքական վերլուծաբանների կողմից բարձրացված հարցերը եւս ճանաչողական էին: Նրանք հաստատեցին, որ Հայաստանում ընթացող կառավարման համար պայքարը բացառիկ երեւույթ չէ: Այնպիսի առաջադրումներ, ինչպես օրինակ՝ «ժողովրդավարական գործընթացներում բացերը չեն լրացվում առանց ներքեւից եկող ճնշումների եւ ուժեղ քաղաքացիական հասարակության» զանգ հնչեցրին համաժողովին ներկաներիս շրջանում: Հատկապես հետաքրքիր էր Չիլլի երկարատեւ անցումը դեպի ժողովրդավարություն, որ կարծես միշտ էլ կարիք է ունեցել ճնշման: Կարո՞ղ է արդյոք ճնշումը ներքեւից (Հայաստանի քաղաքացիական հասարակությունը) եւ ճնշումը «մերձավոր արտասահմանից» (սփյուռքի ցանցերն ու տարբեր հարցերով զբաղվող խմբերը) լինել արդյունավետ: Կարո՞ղ է արդյոք դա տեղի ունենալ առանց համախմբող գաղափարախոսության: Թե՞ դա կհիշեցնի Հայաստանի մասնատված ընդդիմության միավորման փորձերը:

Որոշ տեխնիկական թեմաներ եւս տեղեկատվական էին: Օրինակ, շատ հետաքրքիր էր այն փաստը, որ 119 երկրներում գործում են այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս իրենց սփյուռքի անդամներին քվեարկել արտերկրից, մինչ Հայաստանը, համառորեն իր քաղաքացիներից պահանջում է քվեարկել միայն Հայաստանում գործող ընտրատեղամասերում: Խոսվեց նաեւ «Ընտրողների գաղտնիության ցանկ»-ի մասին, եւ թե, ինչպես առաջիկա ընտրություններից սկսած այն խոչընդոտ չի հանդիսանալու (մեկ քայլ առաջ): Միաժամանակ, քաջալերող էր լսել, Հայաստանի իշխանությունների մեկ այլ որոշման մասին, ըստ որի առաջիկա ընտրություններում թվային տեսախցիկներ են տեղադրվելու շուրջ 1500 ընտրատեղամասերում: Նպատակն է՝ մեղմացնել (կամ նվազագույնի հասցնել) հնարավոր խախտումները:

Բովարդ հանդիսասրահի լեցուն դահլիճում, ներկաները թվում է, թե դրական էին արձագանքում բանախոսներին: Կար նաեւ «դեժավյու»-ի զգացում առ այն, որ Հայաստանը, որ համամասնական առումով նախկին խորհրդային ցանկացած պետություններից ամենամեծ թվով սփյուռքն ունի, ի վիճակի չի եղել հնարավորինս օգտագործել այդ «սուպեր առավելությունը»:

Բանախոսների աշխույժ քննարկումն ինձ ստիպեց քիչ ավելի խորությամբ անդրադառնալ հետեւյալ հարցերին.

1. Չեմ կարծում, որ սփյուռքի կազմակերպությունները միշտ են աչք փակել 1991թ-ից սկսված Հայաստանի վատ կառավարման վրա: Մինչ տարակարծությունները չեն բարձրաձայնվել, շատ կազմակերպություններ (ինչպես օրինակ՝ Հայ Դատի հանձնախումբը, Հայկական համագումարը եւ այլք) արտահայտվել են երեք վարչակազմերի ժամանակ էլ: Հարկ է նշել, որ մեծ բազմազանություն կա սփյուռքի կազմակերպությունների, միությունների տեսակներում. նրանցից մի քանիսը մուտք ունեն դեպի կառավարություն, եւ կարող են ճնշում գործադրել, մինչ մյուսները՝ կարող են ավելի արդյունավետ կապ հաստատել քաղաքացիական հասարակության հետ: Օրինակ, ՀՅԴ-ն (համահայկական քաղաքական կուսակցություն՝ Հայաստանում եւ Սփյուռքում անդամներով ու հասարակական ներկայությամբ, եւ այսօր՝ նաեւ Հայաստանի կառավարություն հասանելիությամբ), շարունակաբար բարեփոխումների լոբբինգ է անում: Իրականում, Ապրիլին նախատեսված պատմական ընտրությունները, որոնք կփոխակերպեն Հայաստանը խորհրդարանական հասարակության, ՀՅԴ-ի 20 տարվա անդադար գործունեության արդյունքն են: Ուրախ եմ, տեսնելու, որ Հայաստանի մասնատված ընդդիմությունն, որ ի սկզբանե չեղյալ էր համարել այս կարեւոր բարեփոխումը, այժմ ակտիվորեն ներգրավված է առաջիկա պատմական ընտրություններում: Նույն ձեւով, ՀՅԴ-ն շարժիչ ուժն էր Սահմանադրության մեջ 2007 թվականին Հայաստանի Քաղաքացիության օրենքի փոփոխման, որ լիազորում է երկքաղաքացիություն: Այստեղ ես համաձայն եմ պրոֆեսոր Օհանյանի հետ, որ Երկքաղաքացիության մասին օրենքը շատ ազատական չէ (այն բացառում է Հայաստանից դուրս քվեարկությունը), եւ ըստ այդմ՝ ուներ զարգացման սահամանափակ արժեք: Գովելի կլինի, եթե ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը, Սփյուռքի կառույցների հետ միասին, ապրիլյան ընտրություններից հետո ներգրավվի Երկքաղաքացիության օրենքի ազատականացման գործընթացում:

2. Ճիշտ ինչպես Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը, սփյուռքը միատար էություն չէ, եւ նրա ինքնությունը մասնատված է շատ չափումներում: Եվ մինչ Սփյուռքի «զորավոր բազմազանությունը» արժեք է՝ արդյունավետ ինստիտուցիոնալ համագործակցության հարթակի բացակայություն կա: Մինչ հայերն ունեցել են Սփյուռք, անհրաժեշտություն կա հետագա ուսումնասիրություններ այս ոլորտում՝ որոշելու համար Սփյուռք ունեցող այլ երկրների հաջողված փորձը: Բացի այդ, հայաստանյան ընտրությունները ժամանակ առ ժամանակ ցույց են տվել, որ դրանք պայմանավորված են անհատականություններով, քանի որ քաղաքական կուսակցությունների (եւ «դաշինքների») շրջանում կա գաղափարախոսության պակաս: Նույն ձեւով, հայկական սփյուռքի այսօրվա ազատական ազգայնականությունը շատ հեռու է սփյուռքում միավորող գաղափարախոսություն լինելուց: Մինչ հայկական «անդրազգային» (Թոլոլյան) լեզուն, եւ այժմ էլ՝ «Գլոբալ Հայեր»-ը (Վարդանյան եւ այլք) աշխատում են բնորոշել կամ առաջացնել նոր ինքնություններ, իրականում, թվում է, թե Սփյուռքում չկա այնպիսի առարկայական հավաքականություն, ազգային ինքնություն, որ կարող է լինել զորաշարժի աղբյուր եւ «հավաքական գործակալություն» ճգնաժամին հակազդելու, ոչ էլ՝ ազգային տեսլական կա: Այստեղ կարեւոր է նշել, որ Սփյուռքում «քաղաքական տարաձայնությունները» կարող են առողջարար լինել, քանզի առաջադրում են զրույց եւ բանավեճ: Օպտիմալ չէ չափազանց մասնատվածությունը (եւ անտարբերությունը), երբ խոսքը վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությանը: Ցեղասպանության 100 ամյա տարելիցը, կամ մարդասիրական արտակարգ իրավիճակները չեն կարող լինել Սփյուռքի համայնքներին համախմբող ընդհանուր հայտարարը: Ավելին, այդ խթանը պետք է բխի քաղաքացիական պատասխանատվության համընդհանուր եւ հայրենասիրական զգացումից: Եվ կրկին, «ստեղծելու կարեւորության բացակայությունը», ինչի մասին ակնարկում էր Ղափլանյանը:

3. Զարգացող երկրերում սոցիալ-տնտեսական հիմնական շարժիչ ուժ շատ տեսաբաններ համարում են ինստիտուտների առողջ լինելու հանգամանքը: Այստեղ ցանկանում են զորեղ տեսակետ ներկայացնել առ այն, որ հայերը 1991 թվականից սկսած, բավարար ներդրումներ չեն արել պետականաշինության (ինստիտուտների կառուցման) գործում եւ նրանց շեշտը եղել է քաղաքական գործիչների եւ ո՛չ քաղաքականության վրա: Սա հատկապես կարեւոր է հետ-խորհրդային հասարակությունների համար՝ ինչպիսին Հայաստանն է: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հետխորհրդային պետությունները սովորաբար սկիզբ են դրել երկակի քաղաքական համակարգերի. Սահմանադրական (սահմանադրության ձեւաչափ,մարդու իրավունքների պաշտպան, ընտրություններ, խորհրդարան, եւ այլ) տիպ, որ ուղեկցվել է հետամնաց կողմով՝ ներկայացնելով նեղ էլիտայի շահերն ու երկրում կրկին ներդրումներ կատարելու անտարբերությունը: Հայաստանը նման խառնածին պետություն է: Գուցե ավելի լավ է՝ քան կենտրոնական Ասիայի որոշ երկրներ (եւ Ադրբեջանը), սակայն ավելի քիչ առաջադեմ է՝ քան Բալթյան երկրները: Քաղաքացիական հասարակության մասնակցությունն ուղղորդելու այլընտրանքային միջոց (եւ Հայաստանում եւ արտասահմանում) կարող է լինել ինստիտուտների ստեղծման հարցը, եւ այստեղ առկա բացի լրացումը: Պետականաշինությունը, իհարկե, կարող է տեղի ունենալ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրից անկախ՝ ծանրակշիռ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներսում: Քանի դեռ Սփյուռքահայ քաղաքացիական հասարակությունը չի պարտավորվի ստանձնել երկարաժամկետ հատվածում ինստիտուտների կառուցումը որպես Հայաստանյան գործընթացներին մասնակցության ձեւ, ընտրությունների արտաքին մոնիթորինգը չի հանգեցնի ոչինչ ավելիի, քան «խոռոչ պետության»՝ արատավորված ձախողված ինստիտուտներով եւ հայ օլիգարխիայի համար կատարյալ միջավայրով («Հայաստանի քաղաքականության եւ բիզնեսի միջեւ կապը», Իրինա Ղափլանյան), որ կշարունակի բարգավաճել: Այդուհանդերձ, ըստ պրոֆեսոր Օհանյանի, «ընտրությունները նույնպես ինքնին ինստիտուտներ են, եւ կարող են զորեղ գործիքներ լինել ինստիտուտներ կառուցելու եւ փոփոխությունների»:
Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի գործընթացներին Սփյուռքի ներգրավվածության զգայուն հարցի շուրջ պետք է հետագա բանավեճ ծավալվի, քննարկումներ անցկացվեն՝ անդրադարձ կատարելով տարբեր անկյուններից եւ տեսակետներից:

Եվ վերջում, ի տարբերություն ՅուԷսՍի համալսարանի Բովարդ հանդիսասրահում հավաքվածների, որոշ հայեր դեռ դժգոհում են ստորագրահավաք ձեռնարկած Սփյուռքի արվեստագետների դեմ, եւ շարունակում են նրանց հորդորել տեղափոխվել Հայաստան, եթե նրանք իսկապես հետաքրքրված են երկիրը բարեփոխելու հարցում: Արդյո՞ք Սփյուռքի փափուկ ուժի ազդեցությունը կողջունվի Հայաստանի ներսում: Այո՛, եւ ո՛չ: Արդյո՞ք այն պետք է դուրս գա Ցեղասպանության, Թուրքիայի եւ Արցախի հանդեպ արտաքին քաղաքականության հարցերի սահմաններից, եւ ներառի Հայաստանի ներսում կառավարման խնդիրը: Իսկ ինչո՞ւ ոչ: Դա, ինչեւէ, մեծապես կախված կլինի, թե 21րդ դարի Սփյուռքն ինչպե՞ս կինքնակազմակերպվի (Դիմագրքի ինքնության քաղաքականությունից եւ «ընտրությունից ընտրություն էյֆորիայից» դուրս), եւ որքանո՞վ նրանց քաղաքացիական ներգրավումը կտարբերվի ներկայիս՝ բարեգործական հատուկ ազգայնականությունից:
Ես փորձեցի ուշադիր լսել ՅուԷսՍի-ում արվեստագետների եւ գիտնականների ներկայացրած գաղափարները: Արսինե Խանջյանի ինձ ուղղված վերջին խոսքն այն էր, որ «Մենք պետք է լինենք այնտեղ՝ նրանց հետ միասին: Դա կարեւոր է: Մենք կարիք ունենք լինելու մեկ ամբողջություն»: Որոշ մարդիկ, հնարավոր է անհարմարավետություն զգան այս համարձակ գաղափարներից: Բայց հայերն այնքան մեծ եւ համարձակ իրագործումներ են նախկինում կատարել, եւ իրենց համառ հաստատակամությամբ վերապրել են ավելի լավ օրվա համար:

Արվեստագետների խոսքը ես չդիտարկեցի առճակատման գնացողի հայացքով: 21րդ դարում, կարծում եմ, որ մեզ է տրված հնարավորությունը լինելու Հայաստանի երբեւե ամենահզոր սերունդը:Մենք կարիք ունենք 20րդ դարը թողնելու հետևում, եւ ներգրավվելու՝ մարդկության համար առաջիկա լուսաբացի խոստումով: Որպես աշխարհի քաղաքացիներ, ովքեր խորապես կապված են արմատներին եւ Հայաստանի ժողովրդին, գուցե արժե փորձել ներգրավվել այս ոգեւորող ճամփորդության մեջ:
Սփյուռքը կարող է փոխել իր ռազմավարությունը, վերաձեւելով ինքն իրեն որպես ժամանակակից անդրազգ եւ կրկին դառնա վերափոխվող՝ ոչ թե փոխանակելով մի առաջնորդին մյուսով, ինչպես դա արեց Հայաստանի թույլ ընդդիմությունը, այլ՝ մանր քաղաքականությունից անցում անելով ու փորձելով առաջադիմել: Ինչպես մեր մտավորականները 1860 թվականին դա արեցին, դարերով պետականություն չունենալուց հետո, երբ սկսվեց դեպի պետականություն մեր երկար ուղին: Հայկական Սփյուռքի կառույցները կարող են, իհարկե, առավել գործուն դառնալ Հայաստանի երիտասարդ ժողովրդավարության կայացման գործում: Սակայն, բացի «միայն այս պահին մասնակցելով» հետագա աշխատանք էլ է անհրաժեշտ՝ սահմանելու համար հաստատուն ճանապարհներ: Սա էր այն կարեւոր ուղերձը, որ «Հայտնիների Դիվանագիտությունն» արթնացրեց իմ մեջ:

Րաֆֆի Արտալճեանը ֆինանսների եւ տեխնոլոգիաների հարցերով արհեստավարժ մասնագետ է, եւ սփյուքահայ մտավորական, ով Հայաստանի անկախացումից ի վեր՝ սոցիալական ձեռներեցության իրականացման մեծ պատմություն ունի հայրենիքում: Նա ավարտել է Ֆլեթչերի Իրավագիտության եւ դիվանագիտության Դպրոցը, եւ Չիկագոյի Համալսարանի Բիզնեսի ֆակուլտետը:

Րաֆֆի Արտալճեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728