Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը՝ ԼՂՀ-ն բանակցությունների սեղան վերադարձնելու եւ Մամեդյարովի ստերի մասին. (Տեսանյութ)

Փետրվար 15,2017 12:43

«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց». այսօր այս թեմայով միջազգային կոնֆերանս էր կազմակերպվել՝ հայաստանյան եւ օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչու է հիմա անհրաժեշտություն առաջացել վերլուծելու 92-ի դեպքերը, պատասխանեց, որ այդ անհրաժեշտությունը միշտ կա, քանի որ Ադրբեջանը փորձում է լրիվ այլ կերպ ներկայացնել իրավիճակը. «Մի երկիր, որի հետ մարդու իրավունքներն ուղղակի անհամատեղելի են…ինչ ասես, պետական մակարդակով իրականացվում է ահաբեկչություն: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ սկսվել է 90-ականներին, դեռ շարունակվում է»:

Նա ասաց, որ Ադրբեջանը տարիներ ի վեր չի փոխվում, տեսնում է միայն ուժային լուծում, իրականացնում է ցեղասպան քաղաքականություն, ամեն ինչ արվում է, որպեսզի ԼՂՀ ճանաչումը խափանվի:

Մեր հարցին՝ ապրիլյան պատերազմից հետո ոլորտի փորձագետները վստահեցնում էին, որ սա պետք է օգտագործենք՝ բանակցային գործընթացում, ի՞նչ արվեց այս ընթացքում, ինչպե՞ս ենք դուրս գալիս ստեղծված իրավիճակից՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Բանակցային գործընթացը Ադրբեջանի համար ընդամենը իմիտացիա է, ինքը բացահայտ դա ասում է»:

Ըստ Շավարշ Քոչարյանի, միջազգային հանրությունը արդեն շատ լավ հասկանում է, որ մի կողմը որեւէ փոխզիջման պատրաստ չի, ավելին՝ Ղարաբաղի հարցը մի կողմ դրած՝ բացահայտ հայտարարում է իր հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ՝ ասելով, որ դրանք պատմական ադրբեջանական հողեր են, ինչը ծիծաղելի է. «Իրավիճակը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը այսօր եռանախագահների առաքելություններից մեկն է, այդ առաքելություններից մեկը այս փխրուն զինադադարի պահպանումն է եւ պատերազմական նոր գործողությունների վերսկսման արգելափակումը, որը եւս կասկածի տակ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի հայտարարությունները»:

Մենք հետաքրքրվեցինք՝ խոսվում է Ղարաբաղը բանակցությունների սեղան վերադարձնելու հնարավորության մասին, կա՞ նման հնարավորություն՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Եկեք ճիշտ հասկանանք, մի կողմից այն հանգամանքը, որ Ադրբեջանը ամեն ձեւ խոչընդոտում է Ղարաբաղի մասնակցությանը, դա լակմուսային թուղթն է, որը ցույց է տալիս, որ ինքը երբեք հակված չի եղել հարցի բանակցային կարգավորմանը»: Շավարշ Քոչարյանը հայտարարեց՝ իհարկե, առանց Ղարաբաղի մասնակցության, որեւէ հարց չի կարող լուծվել, քայլ չի կարող արվել, դա ակնհայտ է նաեւ եռանախագահների համար:

Հարցին՝ Մամեդյարովը Լավրովի հետ քննարկված պլանի մասին էր խոսում, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Մամեդյարովը ընդհանրապես Բաքվից այնքան ստեր է ասել, որ ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել: Խոսում է պլանի մասին, եթե կա ինչ-որ կարգավորման պլան, կարեւոր չէ ինչ պլան է, ապա իրենց նախագահն ասում է, որ դա իրենց ներքին գործն է, էլ ինչի մասին է խոսքը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728