Իջեւան քաղաքի բնակիչ, 1966թ. ծնված Արծրուն Հարությունյանը 2016թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 15.30-ի սահմաններում մուտք է գործել անհատ ձեռներեց Վազգեն Վարդապետյանին պատկանող, Իջեւանի Անկախության փողոցում գտնվող խանութ, հափշտակել 1 կգ քաշով խոզի միս եւ դիմել փախուստի: Նա Վ. Վարդապետյանին պատճառել է 2000 դրամի գույքային վնաս: Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Արծրուն Հարությունյանն իրեն մեղավոր է ճանաչել, դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ: Սակայն նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ խանութի դռան ձախ կողմում կախված մսի կտորներից մեկը վերցրել է ու փախել: Նա հայտարարել է, որ Վազգեն Վարդապետյանն իր հետեւից վազել է, սակայն չի կարողացել բռնել, գողացված մսի կտորը ճանապարհին իր թեւի տակից ընկել է: Ա. Հարությունյանը հայտնել է, որ թեեւ ինքը 2000 դրամը չի վճարել, սակայն Վ. Վարդապետյանի համար ձմռան վառելափայտ է կտրատել:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ 2017թ. հունվարի 30-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ա. Հարությունյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով ե եւ նրան դատապարտել 1 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Դատավորը վճռել է նշանակված պատժին գումարել նախորդ՝ 2015թ. հուլիսի 7-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասը եւ Ա. Հարությունյանին վերջնականապես դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ