Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը հուզիչ միջադեպ պատմեց Արցախից. «Այդ մանչուկի աչքերը մինչեւ հիմա իմ աչքերի առաջ են»

Փետրվար 15,2017 12:35

«Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց». այսօր այս թեմայով միջազգային կոնֆերանս էր կազմակերպվել՝ հայաստանյան եւ օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ:

Կոնֆերանսին ներկայացվեցին Արցախյան պատերազմի մասին անչափ ուշագրավ դրվագներ, վերլուծություններ՝ 1992-ի ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ դեռեւս 20-րդ դարի սկզբին, երբ ԼՂ-ն եւ Նախիջեւանը պոկվեցին ՀՀ-ից եւ բռնակցվեցին Ադրբեջանին, այդ ժամանակից սկսվեցին հայաթափման ագրեսիվ գործողությունները, որոնք դարձան պաշտոնական սովետական Բաքվի քաղաքականությունը. «Շատ մեծ կամք ու քաջություն էր անհրաժեշտ, որ մարդիկ կարողանային չլքել, մնալ իրենց հայրենիքում, ապրել, զարգանալ: ԼՂ ինքնավար մարզի տարածքով մեկ արհեստականորեն բնակեցվում էին եւ ծնվում էին գյուղեր, վերաբնակեցվում էին ամենատարբեր տիպի քաղաքացիներ, որոնց նպատակն էր ազդեցություն ունենալ կոմունիկացիոն, դեմոգրաֆիկ խնդիրների վրա, հոգեբանական ճնշման ենթարկել ԼՂՀ բնիկ ժողովրդին՝ հայերին: Հետո այդ վերաբնակեցված գյուղերը դարձան շրջափակման օղակներ ԼՂՀ հիմնական քաղաքների եւ շրջկենտրոնի համար: Ասկերանի հիմնական օղակը, շարժիչ ուժը Ստեփանակերտն էր, ամեն օր այդ օղակը սեղմվում էր եւ բերում էին մի իրավիճակի, որտեղ գերմարդկային քաջություն էիր անհրաժեշտ, որ հնարավոր լինել դիմանալ ճնշումներին եւ մտածել ճեղքելու այդ օղակը, ինչը ստացվեց, որովհետեւ կար կամք եւ հասարակական մեծ էներգիա, որն ուներ մեկ նպատակ՝ ապրել ազատ, անկախ»:

Արտակ Զաքարյանն ասաց, որ պետք է այս իրականությունը կարողանանք զերծ պահել այն կեղծ ու շինծու պատմությունից, որով Ադրբեջանը փորձում է ներկայանալ տարբեր երկրներում, բուն կոնֆլիկտը փորձելով վերածել զուտ տարածքային վեճի:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խոսեց որպես այդ իրադրությունների ականատես: Նա ասաց, որ այդ տարիներին Շուշիից, Խոջալուից խփում էին թե գրադով, հրետանիով: Նա այնքան պատկերավոր ներկայացրեց ստեղծված իրավիճակը Ստեփանակերտում, թե ինչպես մարդիկ չէին կարողանում իրենց հարազատի մարմինը հողին հանձնել, մառախուղ էր, սով, ահավոր պայմաններ. «Սահմանափակվում էր այն մարդկանց թիվը, որոնք կարողանում էին հողին հանձնել իրենց հարազատներին: Մարդիկ գտնվում էին նկուղներում, գազի շլանգը վառում էին եւ դա լուսավորում էր: Դա այն ժամանակահատվածն էր, երբ ԼՂՀ տարածքի 60 տոկոսը օկուպացված էր: Ստեփանակերտ հասնում էինք ուղղաթիռներով, օդանավակայանը Խոջալուին կպած էր, անհնարին էր դրանից օգտվել, ուղղաթիռը ռելիեֆին կպած մի կերպ տեղ էր հասնում ուղղաթիռը: Այն տեղափոխում էր ալյուր, որովհետեւ այնտեղ սով էր: Ուղղաթիռից իջնողները սպիտակ էին ամբողջությամբ լինում, հետ գալիս տեղափոխում էին ծանր վիրավորների, թե ինքապաշտպանվող ուժերի, թե՛ քաղաքացիներից: Մարդկանց, վիրավորների ձայները…մի կողմից, մյուս կողմից՝ այդ ոգին: Երբ սկսում էին ռմբակոծել, երեխաներն արդեն ձայնից ասում էին՝ գրադն է խփում, թե հրետանու որ տեսակը»:

Շավարշ Քոչարյանը մի հուզիչ միջադեպ պատմեց, որը տպավորվել է ու ցավով է հիշում մինչ այժմ. «Տեսա դպրոցական երեխաներն իրար հետ խոսում էին, մեկը մյուսին հարց տվեց՝ գիտե՞ս հայկական այբուբենը քանի տառ ունի: Այդ երեխան չգիտեր, ասաց՝ 36, երեխան արձագանքեց՝ վա՜հ, ոնց որ գրադի զալպ լինի: Այդ երեխան, որը չգիտեր հայկական այբուբենի տառերը, բայց գրադի զալպն անգիր գիտեր: Այդ մանչուկի աչքերը մինչեւ հիմա իմ աչքերի առաջ են»:

Շավարշ Քոչարյանը նաեւ գնահատական տվեց. «Ի սկզբանե Ադրբեջան այս հարցում ընդունել է ուժային քաղաքականություն եւ առ այսօր այդ նույն քաղաքականությունը շարունակողն է»: Նա ասաց, որ այն, ինչ սկսվեց Սումգայիթով, Կիրովաբադով, շարունակվեց նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ, եւ այդ վայրագությունների ականատեսը ամբողջ աշխարհն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728