Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյանը մեղադրում է Նաիրա Զոհրաբյանին եւ Հովիկ Աբրահամյանին (Տեսանյութ)

Փետրվար 15,2017 12:27

«ԲՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին գնալը մեր մանկության կապույտ երազանքը չի եղել, մանավանդ, որ այնտեղ դերակատարում ունեն այնպիսի մարդիկ, ովքեր արհեստականորեն դուրս են մնացել ՀՀԿ-ի ցանկից»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

Ինչպես հայտնի է, երեկ ՍԴՀԿ-ն հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի բանակցություններից դուրս գալու մասին, քանի որ խախտվել են նախնական քաղաքական պայմանավորվածությունները:

Նարեկ Գալստյանը վերահաստատում է` այս բանակցությունները սկսվել էին բացառապես Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչների կողմից: ՍԴՀԿ-ն էլ պայմաններ է առաջադրել, որոնք ընդունվել են` ՍԴՀԿ-ի համար ընկալելի հայաստանյան քաղաքական ուժերի հետ`ՌԱԿ, ՀՀՇ, «Միասնություն» շարժում, պետք է դաշինք կազմեին, ոչ թե անհատները մտնեին ցուցակ: Դաշինքում որոշումները եւ կառավարումը պետք է իրականացվի խորհրդի միջոցով, որը կազմված էր լինելու դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից: Եվ երրորդ պայմանը` ՍԴՀԿ-ն ընտրապայքար էր մտնելու բացառապես սեփական ֆինանսական միջոցներով`8 ռեյտինգային թեկնածու էին ներկայացրել:

«Ամեն ինչ համաձայնեցված էր, նախնական աշխատանքները սկսվել էին, որից հետո, ինչպես մամուլն է գրում`հայտնի որսից հետո, մեկ ժամվա ընթացքում սկսեցին իրադարձությունները այլ ուղղությամբ զարգանալ»,- ասաց Նարեկ Գալստյանը: Նա նկատի ունի այն խոսակցությունները, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Գագիկ Ծառուկյանը միասին որսի են գնացել ու ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել, որից հետո «Ծառուկյան» նախնական դաշինքում ուժերի վերադասավորում տեղի ունեցավ:

Հնարավոր դաշինքում տիրող մթնոլորտը, ըստ Նարեկ Գալստյանի՝ չէր նպաստում քաղաքական կոռեկտությանը: Նաեւ այս ընթացքում ՍԴՀԿ-ի վերաբերյալ մամուլում եղած, իր բնորոշմամբ եւ իր խորին համոզմամբ, «բոլոր կեղտոտ» հրապարակումների ետեւում կանգնած է եղել Նաիրա Զոհրաբյանը: «Թույլ տվեք բացարձակ անհեթեթություններին չանդրադառնալ եւ չպատասխանել: Մենք շատ կարեւոր գործով ենք զբաղված, որպեսզի ես իմ ժամանակը վատնեմ նման անմտությունների վրա»,- Aravot.am-ի հետ զրույցում իր հասցեին հնչած մեղադրանքի մասին ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Դաշինքում, Նարեկ Գալստյանի պնդմամբ, որոնք հիմնված են «քաղաքական շշուկների» վրա, մեծ դերակատարում ունի նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հարցին` հատկապես ի՞նչ դերակատարման մասին է խոսքը, հնչեց այսպիսի պատասխան. «Նախընտրական ցուցակը հրապարակվի, ընտրարշավը կսկսվի`դուք կտեսնեք նրա դերակատարումը»: Կլինի՞ Հովիկ Աբրահամյանը այդ ցուցակում, թե`ոչ, Նարեկ Գալստյանը չգիտի:

Այլ մանրամասները` տեսանյութում

ՍԴՀԿ վարչության երեկ երեկոյան կայացած նիստում որոշել է`կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ տեխնիկական խոչընդոտներ կան`ժամանակը քիչ է վերակազմակերպվելու ու միայնակ ընտրություններին մասնակցելու համար: Դաշինքների եւ կուսակցությունների գրանցումը ԿԸՀ-ում, հիշեցնենք, ավարտվում է վաղը`ամսի 16-ին:

«Ծառուկյան» դաշինքի դեպքում Նարեկ Գալստյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու էր Գեղարքունիքում: Ասում է`վստահ է` հաջողություն էր ունենալու: Այժմ, ըստ ատենապետի, ՍԴՀԿ-ն կլինի ամենաակտիվ արտախորհրդարանական ուժը: Կուսակցությունը պլանավորում է ակտիվ մասնակցություն ունենալ մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին: Հավանաբար, այս անգամ արդեն ի սկզբանե միայնակ կգնան ընտրության:

Մյուս ավանդական կուսակցություն`ՌԱԿ-ի եւ ենթադրյալ «Ծառուկյան» դաշինքի միջեւ առաջացած խնդիրների համար Նարեկ Գալստյանը մեղադրում է ՌԱԿ նախկին ատենապետ, այժմ Չեխիայում բնակվող Հարություն Առաքելյանին: Ասում է`վերջինս մեծ դերակատարում է ունեցել ՌԱԿ-ի ներքին խնդիրներն այս հարթություն բերելու գործում:

Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՎՍԴՀԿ-ն Նարեկ Գալստյանը համարում է ֆեյք-կուսակցություն եւ դրա մասին չի խոսում: Միայն փաստում է`Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի տարածած հայտարարությունն այն մասին, որ ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ խնդիրների պատճառով է բանակցությունները դադարեցվում, իրականությանը չի համապատասխանում. «Նման խնդիր չի եղել ընդհանրապես»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728