Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական հին-նոր խաղ՝ «կպավ-չկպավ». «Հայոց Աշխարհ»

Փետրվար 15,2017 11:55

Հայրենի քաղաքական դաշտում նախընտրական դաշինքներ կազմելու ժամանակահատվածը սահուն փոխարինվում է ներդաշինքային ու միջկուսակցական հստակեցումներ-պարզաբանումների կարճատեւ շրջանով:

Երեկվա համեմատաբար թարմ օրինակներից մեկը ՍԴՀԿ հայտարարությունն էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները դադարեցնելու մասին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Մի քանի օր է, սակայն, բոլոր հնարավոր առումներով միակողմանիորեն խախտվում են քաղաքական պայմանավորվածությունները, որի պատճառով Հնչակյան կուսակցությունը դադարեցնում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած միավորման հետ քննարկումները»:

Ի դեպ, տարածված հայտարարությունը որոշ մանրամասներ էր բացահայտում նախորդած քննարկումների ու պայմանավորվածությունների մասին: Զորօրինակ, նշված է, որ ՍԴՀԿ-ն համաձայնել էր միանալ այդ պլատֆորմին, որտեղ դաշինք կազմող ուժերը պետք է լինեին, պարզ է, իրենք, ապա՝ ԲՀԿ-ն, ՌԱԿ-ը, ՀՀՇ-ն եւ «Միասնություն» շարժումը:
Բացի դրանից, ըստ հայտարարության, ՍԴՀԿ-ն մասնակցելու էր 8 ռեյտինգային թեկնածուներով, ըստ որում՝ «բացառապես սեփական միջոցներով»: Ի լրումն. «ՍԴՀԿ համաշխարհային ղեկավարությունն այս պայմաններով պատրաստ է եղել բարոյական աջակցություն ցուցաբերել դաշինքին»:

Հարկ է նկատել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարձագանք չթողեց այս հայտարարությունը: Նրա խոսնակ Ի.Տոնոյանը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ մասնավորապես հաստատեց, որ ի շարս այլոց, նաեւ ՍԴՀԿ ներկայացուցիչների հետ եղել են քննարկումներ: «Սակայն, ինչպես ավելի վաղ ՀՌԱԿ-ի դեպքում առաջ էր եկել սփյուռքյան կառույցների հետ տարաձայնությունների խնդիրը, այս դեպքում էլ առկա են ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հակասություններն ու հանրային ու քաղաքական ոչ միարժեք ընկալումները: Մեծ հարգանք տածելով երկու կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ էլ՝ այնուամենայնիվ Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում նրանց հետ դաշինքային համագործակցությունը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- բացատրել էր Գ.Ծառուկյանի խոսնակը:

Եթե ավելի պարզ, ո՛չ Նարեկ Գալստյանի գլխավորած ՍԴՀԿ-ի դեպքում, ո՛չ էլ Լյուդմիլա Սարգսյանի վերակազմյալ ՍԴՀԿ-ի դեպքում «Ծառուկյան դաշինքին» միանալը չստացվեց: Խոսակցականով ասած՝ «չկպավ»: Ու Ծառուկյանի խոսնակը պարզորոշ ակնարկել է, թե հատկապես ինչո՛ւ «չկպավ»:

Ինքնին հասկանալի է, որ առաջիկա նախընտրական թոհուբոհում Գագիկ Ծառուկյանն աշխատում է հնարավորինս ապահովագրվել կողմնակի ու լրացուցիչ աղմկահարույց հանգամանքներից: Եվ նրա նման ցանկությունը միանգամայն հասկանալի է: Ի վերջո, այնպիսի կոլորիտային դեմքեր են այս դաշինքում հայտնվել, որ արդեն միայն դա՝ անխուսափելի անախորժություններով, արդեն լիուլի բավարար է, էլ ուր մնաց, մի հատ էլ ՌԱԿ-ՀՌԱԿ, ՍԴՀԿ-ՎՍԴՀԿ հարաբերությունների պարզաբանման աղմուկը «քարշ տան» իրենց հետ:

Ի դեպ, ինչ վերաբերում է Ռամկավար ազատական կուսակցությանը, ապա ՌԱԿ կենտրոնական վարչության երեկ հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ռամկավար ազատական կուսակցությունն իր բարոյական կապը պաշտոնապես եւ միանգամընդմիշտ խզում է ՀՌԱԿ-ի հետ:

Հիմնվելով իր ավանդական իրավունքի վրա՝ ՀՌԱԿ-ին արգելում է նույնանման անունով հանդես գալ»: Հասկանալի է, որ նման կտրուկ հայտարարությունը պայմանավորված է Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության՝ «Ծառուկյան դաշինքի» կազմում ընդգրկվելու փորձով, որը փաստորեն ձախողվեց: Այսինքն, էլի՝ «չկպավ»:

 

Ա. Հակոբյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Փետրվարի 15-ի համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728