Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալներ Վարուժան Ավետիսյանին եւ Ժիրայր Սեֆիլյանին. «Հայկական ժամանակ»

Փետրվար 15,2017 11:49

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին երեկ «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմը թույլ չի տվել տեսակցել իր պաշտպանյալներ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանին եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին։

Նախ, փաստաբան Մուշեղ Շուշանյանին մետաղորսիչ գործիքով ստուգել են եւ ոչինչ չհայտնաբերելով՝ փորձել են խուզարկություն իրականացրել, ինչպես նաեւ զննել նրա մոտ գտնվող փաստաթղթերը։

Մի քանի օր առաջ Հիմնադիր խորհրդարանը տեղեկացրել էր, որ Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ-ում պահվում է խիստ պայմաններում եւ բացի դա, 2 օր անընդմեջ խուզարկվել է նրա խուցը եւ ծիծաղելի իրեր առգրավվել։ Այս թեմայի վերաբերյալ հարցերին պատասխանել է Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը։

– Պարոն Շուշանյան, ի՞նչ պատճառով ձեզ չեն թույլատրել տեսակցել ձեր պաշտպանյալներ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարուժան Ավետիսյանին։

– Ժամը 11 ։25–ի սահմաններում գնացել եմ «Արմավիր» ՔԿՀ տեսակցելու իմ պաշտպանյալներ Սեֆիլյանին եւ Ավետիսյանին. ներկայացրել եմ համապատասխան դիմում-պահանջագիրը։

Երբ մուտք էի գործում փակ գոտի, աշխատակիցներն ինձ ասացին, որ պետք է զննեն ինձ մոտ գտնվող իրերը, ինձ մոտ բացառապես թղթեր էին, այլ իր չկար։ Ես ասացի, որ մետաղորսիչ սարքավորումով կարող են ստուգել, ստուգեցին

ասացին նորմալ է ամեն ինչ։ Ինչից հետո մի անձ եկավ քաղաքացիական համազգեստով եւ սկսեց հարցնել, թե բացի գործին առնչվող նյութերից, այլ փաստաթղթեր կա՞ն ինձ մոտ, թե՝ ոչ։ Ես պահանջեցի, որ ինքը ներկայանա, ներկայացավ որպես «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ. իրեն ասացի, որ հրաժարվում եմ իր հարցին պատասխանել, ինչ փաստաթղթեր կան ինձ մոտ՝ դա որեւէ մեկին չի վերաբերվում։

Ինչից հետո ինձ ասացին, որ ես կարող եմ մուտք գործել այն դեպքում, եթե իրենք ուսումնասիրեն ինձ մոտ եղած փաստաթղթերը եւ ասացին, որ քաղաքական բնույթի փաստաթղթեր, քաղաքական բնույթի կոչեր պարունակող փաստաթղթեր ես իրավունք չունեմ ներս տանել։ Ինչեւէ։

Դրանից հետո ես ասացի, որ սա ապօրինություն է. ինձ թողեցին, որ ես մտնեմ տեսակցությունների համար նախատեսված սենյակ, ես գնացի, սենյակում նստած սպասում էի, որ պետք է Ժիրայր Սեֆիլյանին ուղեկցեն ինձ մոտ, սակայն եկավ կրկին այն անձնավորությունը մեկ այլ անձնավորության հետ, որը նույնպես ներկայացավ որպես «Արմավիր» ՔԿՀ պետի տեղակալ եւ նրանք սկսեցին ինձ բացատրել, թե օրենքի պահանջ է, որ իրենք կարող են զննել։

Ի պատասխան ես ասացի, որ իրենց գործողություններն ապօրինի են, իրենք չեն կարող փաստաբանին խուզարկել, նույնիսկ զննել փաստաբանի մոտ առկա փաստաթղթերը, քանի որ դրանք կարող են պարունակել փաստաբանական գաղտնիք։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728