Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյան. Դուք թյուր կարծիք ունեք, թե ես Հովիկ Արգամիչի կամ Արտաշատի քաղաքապետի դեմ եմ աշխատելու «Հայկական ժամանակ»

Փետրվար 15,2017 11:35

Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերեւս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու։ Այստեղ բախվելու են հին ու նոր կրքեր:

Մամուլում գրվել է, որ մարզում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը։ Այդ պարագայում Աբրահամյանները, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ Արգամ Աբրահամյանն առավելագույն ձայներ ստանա։ Այդ մարզում ընդհանրապես բախվելու են Աբրահամյանների, ԲՀԿ-ի ու իշխող Հանրապետական կուսակցության շահերը։ ԲՀԿ-ն ու Արգամ Աբրահամյանն ամեն ինչ անելու են ՀՀԿ-ին ու ՀՀԿ-ի թեկնածուներին հաղթելու համար։ ԲՀԿ-ն Ա. Աբրահամյանից զատ այդ մարզում այլ թեկնածուներ էլ է առաջադրելու։ ՀՀԿ-ի թեկնածուներից են մարզպետ Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանն ու այլք։

Երկու բեւեռների բախման մասին երեկ զրուցեցինք Ալիկ Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, ՀՀԿ-ի համար Արարատի մարզում դժվար չի՞ լինելու պայքարել Աբրահամյանների ու ԲՀԿ-ի դեմ։

– Ես իմ հաջողության համար չեմ կասկածել։ Ուրեմն իզուր եմ այսքան տարի ապրել, աշխատել, որ հիմա էլ գոնե չհասկանամ, թե իմ աշխատանքն արդյոք արդյունք կունենա, թե ոչ։ Ես որեւէ անձի հետ խնդիր չունեմ, ես իմ ժողովրդի հետ եմ եւ ակնկալում եմ, որ ժողովուրդը պետք է ինձ հասկանա ու հավատա։

– Խոսքը ոչ այնքան ձեր մասին է, որքան մարզում նրանց ունեցած ազդեցության մասին։

– Ես իրենց դեմ չեմ աշխատում, ես աշխատում եմ հանուն մեր գործի, հանուն մեր կուսակցության։ Եվ ես հավատացած եմ, որ մեր գործը հաջողությամբ կպսակվի։ Ես որեւէ մեկի դեմ պայքարելու հանձնարարական չունեմ։ Ես եկել եմ մարզ՝ իմ այսքան տարիների ստեղծածը, հարգանքը, պատիվը, հնարավորությունները կիսեմ իմ ժողովրդի հետ։ Ես զբաղված եմ մեր գործերով, եւ ինձ չի հետաքրքրում, թե ով որտեղ ինչ ռեյտինգ ունի։

– Դուք ասում եք՝ դեմ չեք աշխատելու, բայց նույն Արտաշատում, որտեղ դուք եք փորձելու աշխատել առաջադրվելու է նաեւ Արգամ Աբրահամյանը։ Ուզած, թե չուզած, պիտի իրար դեմ աշխատեք։

– Ես ՀՀԿ մարզային խորհրդի ղեկավարն եմ եւ աշխատում եմ ՀՀԿ-ի համար, անգամ ոչ այնքան ինձ համար։ Դուք թյուր կարծիք ունեք, թե ես Հովիկ Արգամիչի կամ Արտաշատի քաղաքապետի դեմ եմ աշխատելու։ Ով ինչքան ստանա, իր ու իր կուսակցության ձայներն են։ Ես դեմի խնդիր չունեմ, ես հանունի խնդիր ունեմ։

– Դուք համոզվա՞ծ եք, որ մարզում ՀՀԿ-ն է հաղթելու եւ ոչ թե ԲՀԿ-ն։

– Իհարկե, համոզված եմ, բա էլ ինչի՞ համար եմ հասել այստեղ:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728