Քաղաքական շրջանակները նկատել են, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը եւ Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին վերջին շրջանում բավականին հաճախ են հյուրընկալվում վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ:
Ընդ որում, որեւէ մեկի հայացքից չի վրիպել այն հանգամանքը, որ այդ հանդիպումները գնալով ավելի գործնական եւ նույնիսկ ջերմ մթնոլորտում են անցնում: Եթե նկատի ունենանք հայաստանյան քաղաքական դաշտի կարծրատիպերը, ապա «ռուսամետ» համարվող վարչապետի եւ արեւմտյան դեսպանների նման հարաբերությունները պարզապես նոնսենս են ու տարօրինակ: Տարօրինակ է նախ եւ առաջ նրանով, որ թե՛ ԱՄՆ եւ թե՛ Եվրամիության դեսպաններն իրենց ուղղակի գոհունակությունն են հայտնել ՀՀ բոլոր կառավարությունների համար մինչ օրս անհաղթահարելի համարվող կոռուպցիայի դեմ պայքարի հարցի վերաբերյալ:
Ավելի ճիշտ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը գոհունակություն է հայտնել կոռուպցիայի դեմ պայքարի՝ կառավարության կողմից կատարվող քայլերից եւ ողջունել ՀՀ վարչապետի հրապարակային հայտարարությունները եւ գործողություններն այդ ուղղությամբ: Ավելի հեռուն գնաց Եվրամիության դեսպան Սվիտալսկին, որը նույնպես իր աջակցությունը հայտնելով վարչապետի հակակոռուպցիոն ծրագրերին՝ արդեն իսկ կազմակերպել էր Հայաստանում եվրոպական ընկերությունների եւ բիզնես-ասոցիացիայի ներկայացուցիչների հանդիպում վարչապետի հետ: Փորձագետների գնահատմամբ՝ այս մեսիջները պարունակում են նաեւ հզոր քաղաքական բաղադրիչ:
Փորձագիտական շրջանակների ուշադրությունից չի վրիպել նաեւ այն փաստը, որ արեւմտյան աջակցությունը հետեւեց վարչապետ Կարապետյանի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցին, որտեղ ամենաբարձր մակարդակով տնտեսական եւ քաղաքական աջակցության բացահայտ դրսեւորումներ արձանագրվեցին: Այս ամենը, հավանաբար, թույլ է տալիս ենթադրելու, որ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները արդեն սկսել են ավելի հեռահար ծրագրեր իրականացնել Հայաստանի կառավարության հետ, իսկ վարչապետի շուրջ ձեւավորվում է յուրահատուկ աշխարհաքաղաքական համաձայնություն:
Կարդացեք նաև
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ»
15,02.2017