Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցակ կազմելու «ճիշտ ձեւը»

Փետրվար 15,2017 10:15

Սամվել Բաբայանն, ըստ էության, չհերքեց, որ մասնակցել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի ցուցակի ստեղծմանը, ինչպես որ դա պնդում է դաշինքից դուրս եկած Վիկտոր Դալլաքյանը: «Լավ եմ անում, լավ եմ անում… պրոբլեմ ո՞վ ունի, ասեք՝ պատասխանեմ: Վատ բան հո չե՞մ անում, որ էս երկիրը փրկվի»,- tert.am-ին ասել է Բաբայանը: Եթե մի կողմ թողնենք այդ պատասխանի զուտ «տղայական» բաղադրիչը եւ այն «կանխավարկածը», թե իբր որեւէ ցուցակ կազմելով հնարավոր է «էս երկիրը փրկել», ապա կմնա այն սկզբունքը, որով կազմվում է «դաշինքների» ցուցակը: Չակերտավոր «դաշինքների», որովհետեւ եթե կան «լոկոմոտիվ» եւ «դատարկ վագոններ», ապա դա արդեն դաշինք չէ:

Այն սկզբունքը, որը ՕՐՕ դաշինքի համար առաջարկում է Սամվել Բաբայանը կամ՝ ով էլ լինի, այդ սկզբունքն, իմ կարծիքով, ճիշտ է: Պատկերացրեք կուսակցություններ, որտեղ կա 2,5 մարդ, բայց որոնք ունեն կնիք, այսինքն՝ գրանցված են արդարադատության նախարարությունում: Նման կուսակցության ղեկավարը 5 տարին մեկ արթնանում է եւ հայտարարում՝ ես միանում եմ այս դաշինքին կամ այն դաշինքին: Որպես հիմնավորում նա դարձյալ բերում է «երկիրը փրկելը», բայց մտքում պատգամավոր դառնալու կրքոտ ցանկությունն է: Եվ ահա 2,5 հոգանոց կուսակցության ղեկավարը գալիս է մեծ, «անցողիկ» կուսակցության շեֆի մոտ եւ ասում. «Ես քեզ հետ դաշինք եմ կազմում, եւ քանի որ ես կուսակցության ղեկավար եմ, դու պետք է ինձ դնես առաջին 5-յակում՝ ինձ նման կուսակցապետերի կողքին: Ավելին՝ ընտրություններից հետո դու պետք է ինձ պաշտոն տաս գործադիրում»:

Ի՞նչ պիտի ասի «անցողիկ» կուսակցության ղեկավարը: Նրա առաջին ցանկությունն է, իհարկե, ուղարկել նման «դաշնակցի» որեւէ հեռավոր վայր: Բայց…

Բայց չէ՞ որ նա հայտարարել է, որ համախմբման, կոնսոլիդացիայի, լայն դաշինքի կողմնակից է: Հետեւաբար նա ասում է՝ «կմտածենք, կբանակցենք»: «2,5 հոգանոցը» փքվում է հպարտությունից, աջ ու ձախ հարցազրույցներ է տալիս, թե նա «քաղաքական կոնսուլտացիաների» մեջ է, «հստակեցնում է գաղափարական հիմքերը» եւ այլն: Բայց այդ ընթացքում դժգոհում են անցողիկ կուսակցության անդամները՝ ուրեմն դու, սիրելի շեֆ, մեզ բրախո՞ւմ ես հանուն ինչ-որ անհասկանալի լայն կոնսոլիդացիայի: Եվ «շեֆն», ի վերջո, հասկանում է, որ կողքի մարդիկ իրավացի են, ու հասարակ պրագմատիզմը հուշում է՝ անհիմն հավակնություններ ունեցողներին իսկապես պետք է «ուղարկել»:
Ահա թե ինչու ես կարծում եմ, որ ՕՐՕ-ի ցուցակի առաջին տասնյակում իսկապես պետք է հիմնականում լինեն «Համախմբում» կուսակցության անդամները՝ բացի Սեյրան Օհանյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից եւ Արմեն Մարտիրոսյանից, որոնք ինքնին հայտնի մարդիկ են: Ճիշտ նույն տրամաբանությամբ, «Ծառուկյան» դաշինքի կազմի առաջին 20-25-յակում պետք է լինեն հիմնականում ԲՀԿ-ականները:

Ինչո՞ւ եմ մի դեպքում խոսում 10, իսկ մյուս դեպքում՝ 20-25 հոգու մասին: Որովհետեւ դրանք են այդ դաշինքների «լիմիտները»: Գուցե կուսակցականները նեղվեն իմ ասածից: Բայց ո՞վ, եթե ոչ բարեկամը, պիտի ասի ճշմարտությունը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Պրոբլեմը վատ ու լավ ցուցակ կազմելու մեջ չի: Ողբերգությունը 5 հազար դրամով ձայն ծախելու մեջ էլ չի`վերջիվերջո հակառակ “բանակից” փողի փոխարեն “մեծ մտքեր” առաջարկողների “դեմ տվածը” 5 հազար էլ չարժի: Ողբերգությունը նրա մեջ է, որ ձայն ծախողներն են տհաս`10 տարում չֆայմեցին գոնե գները մի քիչ բարձրացնել: Սա արդեն գենետիկ պրոբլեմների հարց է:

  2. Լավատես says:

    Խնդիրն այն է, որ կամ մե՛նք պետք է մեր օրենքները ուրիշների վզին փաթաթենք, կան էլ ուրիշներն իրենց օրենքները մեր վզին կփաթաթեն՝ երրորդ տարբերակ միջազգային վայրենի հարաբերություններում չկա: Ասում են՝ եթե մարդ ինքն իր թուլությունները հաջողությամբ հաղթահարի, ուրիշ ոչ ոք նրան չի հաղթի, նմանապես՝ եթե ազգն այնքան հզոր լինի, որ իր թուլությունները հաջողությամբ հաղթահարի՝ թշնամի ազգերը մեզնից միայն պարտություն կկրեն:
    Թուլություն հաղթահարելու մի ձեւ կա՝ ցանկացած գործողություն ծրագրավորելուց առաջ գրում ես Օրենք, որին ինքդ պետք է սրբորեն ենթարկվես ու բոլորին ենթարկացնես, ով կփորձի քեզ այդ օրենքից շեղել՝ սկսած ծխելը թարգելուց ու ցուցակ կազմելուց վերջացրած քոչվորներին, քաղքենիներին ու գեղցիներին քո օրենքներին ենթարկեցնելով:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728