Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվա հայտարարությունից հետո Օհանյանն ու Օսկանյանը պարտավոր են ՀՔԾ-ում ցուցմունք տալ

Փետրվար 15,2017 15:00

Երեկ 3 նախկին նախարարներ հուշագիր ստորագրեցին՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարարներ Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դաշինք կազմեցին. նրանց քաղաքական հայտը իշխանափոխությունն է:

Հուշագրի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, Սեյրան Օհանյանն ասել է. «Քաղբանտարկյալներ այսօր Հայաստանում, իհարկե, կան, բայց ես այսօր չեմ ուզում այդ ուղղությամբ…»:
Դաշինքի օրակարգում կլինի՞ Մարտի 1-ի բացահայտումը՝ հարցին էլ Օհանյանն ասել է. «Մենք բացառապես գործելու ենք օրենքի շրջանակներում: Եթե կան թերություններ, որոնք նախկինում եղել են եւ մինչեւ հիմա բացահայտված չեն, անկասկած, մենք մեր ներուժը կօգտագործենք, որպեսզի այդ ամենը բացահայտվի: Ոչ միայն Մարտի 1-ը, ինչո՞ւ ենք մենք շեշտը դնում Մարտի 1-ի վրա»: Լրագրողների դիտարկմանը՝ որովհետեւ մարտի 1-ին 10 զոհ ունեցանք, Օհանյանն ասել է. «Եթե գործեր կան, որոնք բացահայտված չեն, եւ օրինապահ մարմինները զբաղվում են, պետք է մենք էլ հասցնենք մինչեւ վերջ»:

«Կիսատ-պռատ հայտարարություններ անելով լուրջ քաղաքական հայտ չեն ներկայացնում, եթե դաշինքը պոպուլիզմով չի զբաղվում, ապա պետք է անուններ հնչեցնի»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա նկատում է՝ լավ է, որ Օհանյանը քաջություն ունեցավ ասելու՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, լավ է, որ կարծում է՝ Մարտի 1-ի քննությունը պետք է վերջին հասցնեն. «Օհանյանն ավելին գիտի, եւ եթե արտահայտվեր լինելով՝ նախարարի պաշտոնում, հատկապես այն դեպքում, որը վերաբերում է ազատազրկված Վոլոդյա Ավետիսյանին, որը պահեստազորի գնդապետ է, անուրանալի ծառայություն ունի մատուցած Հայաստանի Հանրապետությանը, սա լավ գիտի Օհանյանը, այնպիսի ծառայություն, որի մասին չի էլ բարձրաձայնվել, եւ, իհարկե, Մարտի 1-ի գործով, որ զինված ուժերի գործադրմանն է վերաբերում: Այսինքն՝ եթե իր պաշտոնավարման ժամանակ հայտարարեր այդ մասին, ապա վստահեցնում եմ՝ քաղաքական իրավիճակն էլ այլ կլիներ»:

Լինելով իշխանության կազմում՝ արդյոք Օհանյանը համարձակություն կունենա՞ր նման հայտարարություն անելու, Սաքունցն ասում է՝ ճիշտ է, գուցե Օհանյանը ենթարկվեր հետապնդումների, ընդհուպ մինչեւ քրեական, բայց նա նախարարի պաշտոնում գտնվելու ժամանակ նման հայտարարություններ անելով ու գնահատական տալով արդեն իսկ քաղաքական լուրջ գործչի հանդես գալու հայտ կարող էր ներկայացնել:
«Ես գտնում եմ՝ անգամ այսօր նման հայտարարություն անելը կիսատ է: Ես, քիչ թե շատ տեղյակ լինելով Մարտի 1-ի իրադարձությունների խոհանոցին, եւ զուտ այն փաստը արձանագրելով, որ Ռոբերտ Քոչարյանի հատուկ գաղտնի հրամանով առանձին զորամիավորում էր ստեղծվել, որի հրամանատարությունը Քոչարյանը վստահել էր Յուրի Խաչատուրովին, խոսում է այն մասին, որ Սեյրան Օհանյանն առաջին վճռորոշ դերը չի ունեցել: Բայց նա առնվազն գոնե այն ժամանակ զինված ուժերի անթույլատրելի գործադրման մասին իր բողոքի արտահայտման հրապարակավ հայտարարությունը պիտի աներ կամ հրաժարական տար, ոչ թե վերջում կամ ինչ-ինչ պատճառներով նախարարի պաշտոնից զրկվելուց հետո խոսեր»:

Իրավապաշտպանը կարծում է, որ հիմա էլ ուշ չէ Օհանյանի համար. եթե նա իրապես ընդդիմություն է, ապա այս պահին նա կարող է հրապարակավ իր իմացած տեղեկատվությունը՝ Մարտի 1-ի իրադարձությունների խոհանոցի վերաբերյալ, ընդունվող որոշումների մասին հրապարակավ հայտարարել: Սաքունցն ասում է՝ Օհանյանն առնվազն գոնե տվյալներ պետք է հաղորդի հանրությանը կամ էլ Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք տա Մարտի 1-ի հանցագործության գործի շրջանակներում. «Ոչ թե իշխանությունից զրկվի, հետո հայտարարի, որ քայլեր կանենք, այլ հենց հիմա քայլեր անի: Վստահեցնում եմ՝ Օհանյանը իր նկատմամբ բավական լուրջ վերաբերմունք կփոխի»:
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների մասին հայտարարությանը, ապա Սաքունցն ասում է՝ Օհանյանը պետք է հստակ իմանա, որ որպես քաղաքական դաշինքի անդամ՝ պետք է հասնի նրան, որ այդ բաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը հենց հիմա դրվի, որ քաղբանտարկյալների առկայությունը կստվերի առաջիկա խորհրդարանական ընտրությունները:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Օհանյանը պետք է հստակ քաղաքական գնահատական տա քաղբանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի եւ ընկերների, որոնք զինվորներ են եղել, «Սասնա ծռերի» անդամների համար, որոնք եւս պատերազմի հերոսներ են եղել, անկախ նրանից՝ համաձա՞յն է նրանց գործողությունների հետ, թե՞ ոչ, որովհետեւ նրանք քրեական հանցագործություն կատարած անձինք չեն, նրանք քաղաքական քայլեր են արել. «Ամբողջական պիտի խոսի, ոչ թե կիսատ-պռատ: Գուցե դա հոգեբանական կաշկանդվածությամբ է պայմանավորված, բայց կարծում եմ՝ կիսով չափ չեն լինում քաղաքական գործիչ, կիսով չափ քաղաքական հայտ չեն ներկայացնում»:
Սեյրան Օհանյանի հետ, ըստ Սաքունցի, նաեւ Վարդան Օսկանյանը նույն բանը պիտի անի, եւ երբ Օսկանյանն ասում է՝ «Ինձանից բան կախված չէր, թող բացահայտեն», տեղին չէ, ինքն այն ժամանակ հայտարարությամբ հանդես է եկել, ուրեմն տեղեկացված է եղել, նաեւ գիտեր՝ ինչ քայլեր էին սպասվում. «Այդ քայլերն ինչպե՞ս են որոշվել, ո՞ւմ ի՞նչ հրահանգ է տրվել, ո՞վ է տվել, Օսկանյանն էլ հրապարակավ բացատրություն պիտի տա: Նա էլ պիտի գնա Հատուկ քննչական ծառայություն ու բացատրություն տա, ապա հանրությանը տեղեկացնի, ասի՝ այս պաշտոնատար անձինք՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ռազմական ոստիկանության պետ Վովա Գասպարյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ այլք ինչ առնչություն են ունեցել Մարտի 1-ի հետ: Ասեն՝ այդ մասին իրենք տեղյակ են եղել, կամ ասեն՝ մենք տեղյակ ենք այսքանով»:

Արթուր Սաքունցը վստահ է՝ քաղաքական իրավիճակ չի փոխվի, եթե իր նշած քայլերը դաշինքի անդամները չանեն, ավելին՝ սեփական պատասխանատվության մասին չխոսեն. «Իշխանությունը միայն նախագահն ու վարչապետը չեն, նաեւ նախարարներն էլ պատասխանատվության իրենց բաժինն ունեն: Չի կարող լինել՝ «Դավիթ գող-գող եկավ-գնաց», չի կարող լինել՝ դուք մեզ ձայն տվեք, հետո մենք ենթադրյալ ցանկությունները կամ սպասելիքները կարդարացնենք»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

14,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728