Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահականի կրծողներին բարձր մակարդակով են ոչնչացնելու

Փետրվար 15,2017 14:30

Իսկ ԱԱԾ-ինը` ոչ այնքան

Գնումների մասին նոր օրենքը, որն, ըստ կառավարության պատասխանատուների, միտված է կոռուպցիոն երեւույթները նվազեցնելուն եւ բյուջեի գումարները տնտեսելուն, մեկ անձից գնումներ կթույլատրի հրատապ պահանջ առաջանալու կամ ոչ այնքան մեծ գումարների դեպքում, երբ մրցույթ հայտարարելը նպատակահարմար չէ: Գնումների մասին նոր օրենքն արդեն ուժի մեջ է, սակայն կառավարության կայքէջի «Մեկ անձից գնումներ» բաժնից տեղեկանում ենք, որ մեկ անձից հարյուրավոր գնումներ են կատարվում, որոնք ամենեւին էլ հրատապ գնումներ չեն:

Օրինակ` կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ընկերությունից ախտահանման, մակաբույծներին ոչնչացնելու ծառայություն է գնել: ԱԱԾ-ն այս ընկերությանը կվճարի 6 միլիոն 998 հազար 664 դրամ, որպեսզի վերջինս միջատազերծման ծառայություն մատուցի, պայքար մղի կրծողների դեմ` մեխանիկական եղանակով եւ քիմիական մեթոդով` օգտագործելով թունաքիմիկատներ:

«Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ընկերությունը այդ աշխատանքները պետք է կատարի  ամիսը 4 անգամ ուսումնասիրելով:

Այլ գերատեսչություններ եւս հենց այս ընկերությունից են նույն ծառայությունը գնել: Նախագահի ապարատը, սակայն, ի տարբերություն ԱԱԾ-ի, ընկերության հետ կնքած պայմանագրում ֆիքսել է, որ կրծողների եւ միջատների վնասազերծումը պետք է կատարվի պատշաճ որակով, էկոլոգիապես անվտանգ պատրաստուկներով` պահպանելով տարածքի կենսագործունեության սանիտարահիգիենիկ բարձր մակարդակը: Փաստաթղթում նաեւ նշված է, որ ծառայությունը կմատուցվի Բաղրամյան 26-ում: Կրծողներին «բարձր մակարդակով» ոչնչացնելու համար նախագահականը «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ընկերությանը կվճարի 1 միլիոն 960 հազար դրամ:

Ախտահանող այս նույն ընկերությունը ծառայություն կմատուցի նաեւ Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ): Իրավապահ այս հիմնարկում էլ, ինչպես տեղեկանում ենք ՀՔԾ-ի հետ կնքած պայմանագրից, կրծողների համար հատուկ գրավչանյութ կօգտագործեն: Ըստ պայմանավորվածության՝ գրավչանյութը կտեղադրվի նկուղներում, շենքերի շրջակայքերում, տանիքում: Ախտահանողները ՀՔԾ կայցելեն ամիսը երկու անգամ` ամեն այցելության ժամանակ տեղադրելով երկու կիլոգրամ գրավչանյութ: Այս ամենի դիմաց իրավապահ հիմնարկը ընկերությանը կվճարի 120 հազար դրամ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ անձից գնում է կատարել` «Յուքոմ» ընկերությանը վճարելով մոտ 1 միլիոն դրամ` համացանցի ծառայությունների դիմաց: 204 հազարի էլ նույն ընկերությունից հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություն է գնել:

Սահմանադրական դատարանն էլ մեկ միլիոն դրամի «ԱրմենՏել»-ից է ֆիքսված հեռախոսակապի ծառայություն գնել:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

14,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728