Փետրվարի 9-ի «Առավոտի»՝ «24-ամյա կնոջ ոտքերից արյան հետ որդեր էին դուրս գալիս» հրապարակումը մեծ արձագանք գտավ սոցցանցերում, տարբեր լրատվամիջոցներում:
Երկրորդ կարգի հաշմանդամ Աստղիկ Մելքումյանը, ըստ ԱՆ մամուլի քարտուղարի, հրապարակումից հետո շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել է ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն։ Մաշկային բաժանմունքի վարիչն առաջատար մասնագետների հետ զննել են հիվանդին։ Նրա վերքերը մշակվել են, տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք։ Պետք է կատարվեն լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ, որոնց արդյունքները որոշակիորեն կհստակեցնեն պատկերը։ Բուժման հետագա ռազմավարությունը որոշելու նպատակով երեկ կազմակերպվելու էր կոնսիլիում՝ հարակից մասնագետների մասնակցությամբ:
Ինչ վերաբերում է միայնակ մոր դատական վեճին, որի մասին կար նշյալ հրապարակման մեջ, կապված «Նուռ» վարկային կազմակերպության կողմից հինգ հարյուր հազար դրամի բռնագանձման պահանջի հետ, արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ արդեն կա իրենից գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ: ՀՀ արդարադատության նախարարությունից եւս արագ արձագանքեցին, պահանջել են փաստաթղթերը, պարզել խնդրի էությունն ու փորձել գտնել դրա լուծումը: ԴԱՀԿ-ում կկազմվի պարտքի մարման ժամանակացույց, իսկ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն անձամբ խոստացել է աղջկա պարտքի գումարը մարել:
Ա. Մելքումյանի ներկայացուցիչ-փաստաբանի՝ Տաթեւիկ Բուժատյանի հետ հարցազրույցն էլ կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Ռ. Մ.
«Առավոտ»
14,02.2017
Լրագրողի աշխատանքի <> արդյունք․․․ հակադրվող վառ օրինակ բոլոր նրանց համար, ովքեր համարձակվում են փնովել կամ չկարևորել իսկական լրագրողի աշխատանքը․․․
Շնորհակալություն Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻՆ և ՛՛Առավոտին՛՛: