Մեր ազգի լավագույն զավակները, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին Արցախի ազգային-ազատագրական սուրբ գործին, ոչ բոլորն են ըստ արժանվույն գնահատված: Արցախյան մեծագույն հերոսներից է մտավորական, ֆիզիկոս Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովրդի փառապանծ զավակները խիզախաբար մարտնչել են բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լենինգրադյան եւ Ստալինգրադյան: Սակայն վաղուց արդեն Ռուսաստանի քարտեզի վրա Լենինգրադն անվանափոխված է Սանկտ Պետերբուրգի, իսկ Ստալինգրադը՝ Վոլգոգրադի: Լենինգրադյան փողոցի վերանվանումն ազնվագույն, ազնվաբարո եւ մեծ հայրենասեր, ՀՀ եւ ԼՂՀ Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, Ազատագրական բանակի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի անունով սերունդների մեջ հայրենասիրության դաստիարակության իսկական օրինակ կլինի: Լենինգրադյան անվանումն ի՞նչ է տալիս մեր մտքին ու հոգուն:
Երեւանի քաղաքապետին եւ ավագանուն ուղղված Լենինգրադյանն Ազգալդյանի փողոց վերանվանման համար ստորագրած հազարավոր անձանց թվում են հասարակության ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ մտավորականներ, բարձրաստիճան զինվորականներ, ինչպիսիք են՝ ԼՂՀ Մարտական խաչ 1-ին եւ ՀՀ Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանների ասպետ, Շուշիի ազատագրման հերոսներից, Արցախի ինքնապաշտպանական ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Ֆելիքս Հովհաննեսի Գզողյանը, Արցախի հերոս, «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ ԿԽ նախագահ, գեներալ-մայոր Արկադի Հովհաննեսի Թադեւոսյանը (Կոմանդոսը): Նա պատմում է. «Լեոնիդն իր հայրենասիրությամբ հիացմունք ու հարգանք էր ներշնչում: Հիշելով այնպիսի հերոսների, ինչպիսիք էին Լեոնիդը, Յուրա Հովհաննիսյանը, հպարտության զգացում ես ապրում, որ նման մարդիկ են եղել քո շրջապատում: Լեոնիդը պետականության մասին հոգ տանող, պետականություն ստեղծելու համար պայքարի ելած մտավորական, գիտնական էր: Նա իր մասին բնավ չէր մտածում: Մտածում էր միայն իր ազգի, ժողովրդի մասին»: «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական ՀԿ կենտրոնական խորհրդի գրեթե բոլոր անդամները միացել են հայրենասիրական այս ստորագրահավաքին:
Հազարավոր մարդկանց թվում են բազմաթիվ մտավորականներ, ինչպիսին է Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի 40 տարվա գիտական քարտուղար, թարգմանիչ, Վաստակավոր դասախոս, Ս. Սահակ-Ս.Մեսրոպ եւ Ս.Ներսես Շնորհալի Հայրապետական շքանշանների, ինչպես նաեւ Ֆրանսիայի «Ակադեմիական Արմավենիներ» շքանշանի ասպետ Պարգեւ Շահբազյանը, նաեւ հոգեւորականներ: ՀՀ Մարդու իրավունքների 1-ին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն եւ Հայ-ռուսական համալսարանում «Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի» տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասաց. «Նախ եւ առաջ հստակեցնեմ, որ կոնկրետ Լեոնիդ Ազգալդյանի գործն այսօր լիարժեք չի գնահատված: Լեոնիդի դերը նրանով է ամբողջովին տարբերվում, եթե ոչ առաջին, ապա առաջիններից մեկն էր, ով պատկերացրեց մեր հաղթանակի դժվարին ուղին. որ առանց զինված պայքարի հնարավոր չէ ազատագրել Արցախը: Մենք դպրոց կամ լսարաններ ենք անվանակոչում Լեոնիդի անունով, օրինակ, Սլավոնական համալսարանում եւ Երեւանի պետական համալսարանում, բայց դա շատ քիչ է: Լենինգրադյան փողոցն անհրաժեշտ է վերանվանել Ազգալդյանի անվան փողոց»:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը եւս մեծ ջերմությամբ խոսեց Լեոնիդի մասին. «Ես ամբողջ հոգով ու սրտով կողմ եմ, որ Լենինգրադյան փողոցն անվանակոչվի Ազգալդյան: Լեոնիդի մեծությունը սերունդներ է կրթելու: Եթե Լեոնիդը մնար, նա կլիներ եզակի առաջնորդ»: 2015թ. լույս տեսավ «Հայ հերոսներ» հանրագիտարանը, որը հիացմունքով ընդունվեց ամենուրեք: Ռուսաստանի, Ուկրաինայի, Աբխազիայի եւ ամենատարբեր վայրերի հայ համայնքներից իրենց խորին շնորհակալությունն են հայտնում գրքի հեղինակ-տպագրիչ, հանրությանը քաջ հայտնի «Ամարաս» հրատարակչության տնօրեն Արկադի Գուրգենի Ասրյանին: Նա մանրակրկիտ ուսումնասիրած լինելով հայ հերոսների կյանքը՝ նշում է. «Արցախյան հերոսամարտի մի շարք քաջարիներ արժանի են Արցախի հերոսի կոչման, այդ թվում՝ Լեոնիդ Ազգալդյանը, ցավոք՝ հետմահու: Լեոնիդն ամենաարժանի Հերոսներից մեկն է»: Անվտանգության ու ֆինանսական գծով փորձագետ Իգոր Բագիրյանն ասաց. «Երբ այսօր այսքան վտանգներ են սպառնում մեր երկրին, առավել սուր է դառնում Լեոնիդի նմանների պակասը: Երբ ամեն անգամ ընկերներով հավաքվում ենք նրա գերեզմանի մոտ, այս միտքն է առավել տանջում. Ո՞ւր ես, Լեոնիդ, դու այսօ՜ր էիր առավել անհրաժեշտ հայ ժողովրդին»:
Դիմում ենք Երեւանի ավագանուն. երբ քննարկելու կլինեք փետրվարի 14-ին Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով վերանվանելու հարցը, հորդորում ենք լսել ավագանու եւ հասարակության ձայնը: Հուսով ենք, որ մայրաքաղաքի համար նման կարեւորության հարցը քննող Երեւանի ավագանին կմիանա բազմաց ձայնին եւ միանգամայն արժանի լուծում կտա այդ վաղուց հասունացած խնդրին:
ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազատամարտի ՈԳԵՂԵՆ ՈՒԺ» սոցիալ-մշակութային կենտրոնի նախագահ
«Առավոտ»
14,02.2017