Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սիրո բանաձեւ

Փետրվար 15,2017 13:00

Սերը տարիք չի հարցնում

Արմենն ու Անին իրենց կամքով տեղափոխվեցին ծերանոց մոտ 70 տարեկան հասակում: Անին մանկավարժ էր, իսկ Արմենը` անասնաբույժ: Զույգը հանդիպել էր այգում՝ թոռնիկների հետ զբոսնելու ժամանակ: Դրանից հետո ավելի հաճախ էին սկսել հանդիպել, սիրահարվել էին ու որոշել ամուսնանալ: Ընտանիքի անդամներն այդ փաստը լավ չէին ընդունել, ինչն էլ հանգեցրել էր նրանց՝ ծերանոց տեղափոխվելու որոշմանը: Ծերանոցում զույգն ամուսնացավ:

Այնտեղ գտնվելու տարիները զույգի համար անգնահատելի էին: Արմենն ամեն առավոտ կնոջ համար սուրճ էր պատրաստում, ու երբ դուրս էր գալիս զբոսնելու` առանց դաշտից հավաքած ծաղիկների ետ չէր վերադառնում, իսկ ձմռանը խանութից մեխակներ էր գնում: Անին էլ սիրում էր իրենց սենյակն իր գեղեցիկ ասեղնագործություններով զարդարել: Նա շատ հետաքրքիր էր հագնվում. բոլոր հագուստների հետ կրում էր զանազան զարդեր ու մազակալներ, շատ գեղեցիկ կոշիկներ ուներ: Անին ու Արմենը 12-13 տարի միասին ապրեցին ծերանոցում, ու երբ մի անգամ աշխատակիցներից մեկը հարցրել էր, արդյո՞ք չեն զղջում ընտանիքը թողնելու ու ծերանոց տեղափոխվելու համար, Անին պատասխանել էր. «Արմենի հետ ապրածս յուրաքանչյուր տարին մեկ կյանք է ինձ համար»:

Ցավոք, Անին ու Արմենն այլեւս ողջ չեն, որպեսզի պատմությունը լսեինք հենց իրենց շուրթերից, նրանց մասին խոսեցինք այն ծերանոցի աշխատակիցներից մեկի հետ, որտեղ բնակվում էր զույգը: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Անին ու Արմենը միակ տարեց զույգը չէր, որ գրավել էր ծերանոցի աշխատակիցների ուշադրությունը:

Մարատն ու Սոնան ծերանոց էին եկել արդեն ամուսնացած: Հետո պարզվեց, որ Մարատը, չնայած, որ լավ հարազատներ, ընտանիքի անդամներ ուներ, փախել էր տանից ու անհայտ կորած էր համարվում: Տղաները ոստիկանություն էին դիմել, ու որոշ ժամանակ անց, երբ գտել էին, իմացել էին, որ ամուսնացել էր Սոնայի հետ: Մարատն ու Սոնան, ծերանոցի աշխատակցի խոսքերով, իրար շատ նման էին, կարծես քույր ու եղբայր լինեին՝ երկուսն էլ կարճահասակ էին ու թմբլիկ: Հետաքրքիր է, որ երկուսն էլ մահացան նույն շաբաթվա ընթացքում՝ մեկը մյուսի ետեւից:

Վահեն ու Սուսանը նույնպես մահացել էին մի քանի օրվա տարբերությամբ: Երկուսն էլ հիվանդ չէին: Աշխատակցի խոսքերով` Սուսանը, ով Ռիգայից էր, անչափ գեղեցիկ էր ու հիասքանչ ձայն ուներ, չէր դիմացել ամուսնու մահվանը:

Էմման եւ Արծրունը վերջին ամուսնական զույգն էր, որի մասին մեզ պատմեց ծերանոցի աշխատակիցը: Էմման տեղափոխվել էր ծերանոց ամուսնու՝ Ռուբիկի հետ, բայց ամուսինն այնտեղ մահացավ: Ծերանոցի բնակիչներից Արծրունը սիրահարվեց Էմմային ու որոշեցին ամուսնանալ: Հենց ծերանոցում հարսանիք արեցին, Էմմայի վարսերը զարդարել էին բաց կապույտ ու վարդագույն ծաղիկներով ու մատանիներով փոխանակվել:
Նյութի բոլոր հերոսների անունները փոփոխված են:

Իմ առաջին դպրոցական սեր

«Առաջին սերը, ինչպես որ հացը, ի՛նչ էլ որ անես` միշտ կուտ է գնում»` ասում էր Պարույր Սեւակը: Բայց քարի միջից էլ է ծաղիկ ծաղկում: Գուցե մեր հարցազրույցի տասնչորսամյա հերոսները կոտրեն այս կարծրատիպն, ու նրանց սիրային կարուսելը շարունակի իր պտույտը:

-Ինչպե՞ս եք ծանոթացել:
Ռոբերտ- Ծանոթացել ենք դպրոցի բակում ձնագնդի խաղալու ժամանակ: Իսկ շփվելուց հետո հասկացանք, որ իրար համար ենք ստեղծված:
-Ի՞նչն առաջինը գրավեց ընկերոջդ՝ ընկերուհուդ մեջ:
Ռոբերտ – Հավանեցի Աշխենի խելացիությունը, գեղեցկությունը, համեստությունը:
Աշխեն- Շատ սիրեցի նրա համարձակությունը:
-Աղի բլիթ երբեւէ կերե՞լ եք, ուտելու դեպքում տեսե՞լ եք իրար երազում:
Ռոբերտ- Կերել եմ, բայց չեմ դիմացել եւ ջուր եմ խմել:
Աշխեն- Չեմ կերել:


-Ընտանիքի անդամները գիտե՞ն, որ հանդիպում եք: Ի՞նչ կարծիք ունեն:
Ռոբերտ- Մենք ամեն ինչ գաղտնի ենք պահում, չնայած քույրիկս ոնց որ գլխի է ընկնում:
-Նկարագրեք իրար մեկ բառով:
Ռոբերտ- սիրուն:
Աշխեն-խելացի:

Ժամանակն է բլից հարցերի: Երկուսին մի քանի հարց կտանք, որին պիտի մեկ բառով պատասխանեն: Ռոբերտը կպատասխանի Աշխենի նախասիրությունների մասին հարցերին, Աշխենն էլ` հակառակը: Տեսնենք, թե որքան լավ են ճանաչում իրար:
-Ո՞րն է դպրոցում նրա սիրելի առարկան:
Ռոբերտ- Անգլերենը: Ճիշտ
Աշխեն- աշխարհագրությունը: Ճիշտ
-Ի՞նչը կարող է նյարդայնացնել նրան:
Ռոբերտ-Անտարբերությունը: Ճիշտ
Աշխեն- Շատ խոսելը: Սխալ
-Ո՞րն է նրա ամենասիրելի նվերը:
Ռոբերտ- Ծաղիկներ: Ճիշտ
Աշխեն- Փող: Ճիշտ
-Ո՞րն է նրա ամենասիրելի գույնը:
Ռոբերտ- Կարմիր: Ճիշտ
Աշխեն-Սեւ: Ճիշտ
-Ո՞րն է նրա ամենասիրելի երգը:
Ռոբերտ- Selena Gomez- «Same old love»: Ճիշտ
Աշխեն- Major Lazer- «Light it up»: Ճիշտ
-Ո՞րն է նրա ամենասիրելի ֆիլմը:
Ռոբերտ- Կյանք ու կռիվ: Ճիշտ
Աշխեն- Կյանք ու կռիվ: Ճիշտ
-Ո՞րն է նրա ամենասիրելի ուտելիքը:

Ռոբերտ- Տոլմա: Ճիշտ
Աշխեն- Բլինչիկ: Ճիշտ

Ռոբերտն ու Աշխենը, պարզվում է, իրար լավ գիտեն: Իսկ կպտտվի՞ նրանց սիրո կարուսելը, թե՞ կեսից կանգ կառնի, իրենք ինքները պիտի որոշեն:
Հարցազրույցի հերոսների անունները փոփոխված են:

Սերը սրտի ձեռքի գործն է

Կա սեր, որ ծնվում է պատահական հանդիպման արդյունքում: Կա սեր, որ առաջանում է երկարատեւ շփումից հետո: Անուշն ու Գուրգենը ծանոթացել են դեռ մանուկ հասակում, բարեկամացել, ընկերացել ու մի օր հասկացել, որ սիրում են իրար: Հիմա ունեն իրենց երջանիկ փոքրիկ ընտանիքը:

-Ի՞նչն էր առաջին բանը, որ գրավեց նրա մեջ:
Գուրգեն- Ճիշտն ասած շատ շուտ էր` մոտ տասը տարի առաջ, չեմ հիշում(ծիծաղում է):
Անուշ- Առաջին բանը, որ հավանել եմ ամուսնուս մեջ, եղել է նրա խելացիությունը: Ես նրան հաճախ կոչում եմ իմ հանրագիտարան: Նաեւ արտաքինն եմ հավանել:
-Նկարագրե՚ք առաջին հանդիպումը:


Անուշ- Մենք դեռ մանկուց իրար ճանաչում ենք, բայց որպես զույգ առաջին հանդիպման ժամանակ աննկարագրելի հուզված ու շփոթված էի, քանի որ չէի սպասում, որ ինքն ինձ սիրո խոստովանություն կաներ:

-Պատմեք մի զավեշտալի պատմություն ձեր հարաբերություններից:
Գուրգեն- Մի անգամ Անուշը զանգահարեց ու ասաց, որ շատ վատ բան է պատահել, ու որ քաղաքում մենակ է: Խնդրեց հանդիպել: Երբ տեսա նրան, առաջարկեց մի տեղ նստել ու զրուցել, բայց հենց մտանք սրճարան. հասկացա, որ անակնկալ է պատրաստել ինձ համար` շատ լավ իմանալով, որ անակնկալներ չեմ սիրում: Ու երբ անակնկալը տեսա` սկսեցի առանց դադարի ծիծաղել:

-Իսկ ի՞նչ անակնկալ էր:
Գուրգեն- Էդ մեկը չեմ ասի:
-Պատմե՚ք մեկ վեճ՝ կռիվ ձեր հարաբերություններից:
Անուշ- Մի անգամ շատ լուրջ վիճել ենք, երբ Գուրգենը դեռ բանակում էր: Գնացել էր զորավարժանքների ու հեռախոսը տվել էր ընկերոջը, որն էլ ինձ խաբում էր նրա գտնվելու վայրի մասին: Բարկացա նրա վրա ու այդպես մեկ ամիս չխոսեցինք:
-Ինչպե՞ս հաշտվեցիք:

Գուրգեն- Խաթրն առնելու համար ազատման թերթիկ եմ վերցրել:
-Ինչպե՞ս որոշեցիք ամուսնանալ:
Գուրգեն- Բանակից երբ եկա, երեք օր անընդմեջ գնացի Անուշի հոր հետ խոսելու: Վերջապես թույլտվություն տվեց, նշանվեցինք ու միասին որոշեցինք ամուսնության օրը:
-Նշե՚ք երեք ընդհանրություն:
Անուշ- Տեսքով ենք իրար շատ նման, համբերատարությամբ եւ երկուսս էլ զիջող ենք, բայց ոչ իրար:

-Աղի բլիթ ուտելուց հետո, երբեւէ տեսե՞լ եք իրար երազում:
Անուշ- Երկուսս էլ կերել ենք, բայց երբեք իրար չենք տեսել:
-Նախկինում պատկերացրե՞լ եք, որ իր նման մեկը պետք է լինի ձեր կողքին թե՚ արտաքինով, թե՚ բնավորությամբ:
-Երբեք չենք մտածել, թե ինչպիսին կլինի մեր կողակիցը: Բայց երկուսս էլ շատ ուրախ ենք, որ հենց իրար ենք գտել:

-Ի՞նչ պլաններ ունեք ապագայում:
-Բալիկներ ունենալ ու դաստիարակել իսկական հայ զավակներ:
-Նկարագրե՚ք իրար մեկ բառով:
Անուշ- Հանրագիտարան:
Գուրգեն- Խելառ:

Սահուն անցում կատարենք բլից հարցերին: Գուրգենը պիտի պատասխանի Անուշի նախասիրություններին վերաբերող հարցերին, Անուշը` հակառակը:
-Ի՞նչը կարող է նյարդայնացնել նրան:
Անուշ- Անակնկալները: Սխալ, որովհետեւ Գուրգենին նյարդայնացնում է Անուշը (ծիծաղում է):

Գուրգեն- Խաբեությունը: Ճիշտ
-Ո՞րն է նրա ամենասիրելի նվերը:
Անուշ- Սպորտի հետ կապված ինչ-որ մի բան: Ճիշտ
Գուրգեն- Փուչիկ: Ճիշտ
-Ո՞րն է նրա ամենասիրելի ֆիլմը:
Անուշ- Բրիգադա: Ճիշտ
Գուրգեն- Ոչ մի ֆիլմ չի հիշում, ոնց կարող է սիրել: Ճիշտ
-Ո՞րն է նրա ամենասիրելի ուտելիքը:
Անուշ- Հավի դոշ: Ճիշտ
Գուրգեն- Ամեն ինչ սիրում է: Ճիշտ
Ակնհայտ է, որ Անուշն ու Գուրգենն էլ իրար լավ գիտեն, չնայած այսքան տարի իրար ճանաչելուց հետո այլ կերպ չէր կարող լինել:

Սերը օտար չի լինում

Նրանք առաջին անգամ հանդիպեցին ընդհանուր ընկերոջ ծննդյան օրը, Աիդան ազգությամբ հայ է, իսկ Կարլոն` իտալացի: Հանդիպեցին, երկար զրուցեցին, ապա որոշեցին հանդիպել մեկ անգամ եւս, բայց հաջորդ հանդիպումը կայացավ երկու ամիս անց, այն էլ` պատահականորեն:

Աիդա- Առաջին անգամ չպատկերացրինք, որ ամեն ինչ այսպես կստացվի ու որ երբեւիցե նորից կհանդիպենք:
-Ի՞նչն էր առաջին բանը, որ գրավեց նրա մեջ :
Կարլո- Առաջին բանը, որ ինձ գրավեց` նրա գեղեկությունն էր եւ ժպիտը:
Աիդա- Նա ինձ այնքան յուրահատուկ թվաց առաջին հանդիպման ժամանակ, շատ հետաքրքիր ու բարի:

Մեծ սիրով հիշեցին նաեւ իրենց ժամադրություններից մի քանիսը, պատմեցին, թե ինչպես սկսեցին ընկերություն անել:
Կարլո-Ամենախենթ ժամադրությունը հոկտեմբերի 5-ին էր: Գինու փառատոնն էր, որոշել էինք գնալ Արենի` փառատոնին մասնակցելու: Շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք միասին, նաեւ մեր ընդհանուր ընկերների հետ, իսկ երբ արդեն ժամանակն էր վերադառնալու, ճանապարհին երկար զրուցեցինք եւ հենց այդ ավտոբուսի մեջ այդ օրը որոշեցինք լինել ընկեր եւ ընկերուհի: Դա մեր համատեղ կյանքի ճանապարհորդության սկիզբն էր։

-Ե՞րբ հասկացաք, որ սիրում եք նրան եւ ինչպե՞ս ասացիք:
Կարլո- Առաջինը ասացի ես՝ մի քանի ամիս հանդիպելուց հետո, բայց ամաչում էի, ավելի շուտ՝ չգիտեի ինչպես ասել, քանի որ վստահ չէի, որ նա էլ է այդպես զգում, շշնջացի ականջին, նա ժպտաց եւ նույնը շշնջաց իմ ականջին։
-Պատմե՚ք մեկ զավեշտալի պատմություն ձեր հարաբերություններից:


Աիդա- Ամուսինս իրականում շատ համեղ է պատրաստում ամեն բան, ամենածիծաղելի դեպքն այն էր,որ առաջին անգամ այցելեցինք Ստեփանավան` իմ ծննդավայր, եւ Կարլոն որոշեց զարմացնել մայրիկիս իր լավ ճանաչված խնձորե տորթով:Երկար ժամանակ պատրաստեց-պատրաստեց եւ վերջում, երբ պետք է դներ ամանի մեջ, ամբողջը այս ու այն կողմ թափվեց, եւ մենք այդպես էլ այն չհամտեսեցինք։
Պատմեցին, որ սկզբում շատ էին վիճում, քանի որ աշխատանքի պատճառով շատ ժամանակ չէին ունենում իրար տեսնելու, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ հարթվեց:
-Ինչպե՞ս որոշեցիք ամուսնանալ:

-Երկուսս էլ մեր ընտանիքներից հեռու էինք եւ ընտանեկան ջերմության կարիք էինք զգում: Այդ պատճառով որոշեցինք ստեղծել մեր փոքրիկ ընտանիքը, որը մեր երկուսի ընտանիքների մասնիկը կլիներ եւ որոշեցինք ամուսնանալ։
-Նշե՚ք երեք ընդհանրություն եւ երեք տարբերություն ձեր միջեւ:
Կարլո- Իրականում մենք շատ նման ենք, բայց երեւի ավելի շատ արտաքնապես, իսկ բնավորության նմանություններն այն են, որ մենք երկուսս էլ շատ բարի ենք, երեւի մի քիչ ավելի շատ` քան հարկավոր է լինել, երկուսս էլ շուտ բռնկվող եւ զգայուն ենք։
Աիդա-Իսկ տարբերությունները,… ամուսինս ավելի կազմակերպված է, սիրում է, երբ ամեն ինչ իր տեղում է լինում, ես շատ ուշադրություն չեմ դարձնում այդպիսի բաների, բայց զգում եմ, որ ժամանակի ընթացքում նմանվում ենք իրար։

-Նախկինում պատկերացրե՞լ եք, որ իր նման մեկը պետք է լինի ձեր կողքին թե՚ արտաքինով, թե՚ բնավորությամբ:
Կարլո -Երբեք չեմ մտածել, թե ինչպիսին կլինի իմ ապագա կինը։
Աիդա -Միշտ երազում էի, որ իմ ապագա ամուսինը լինի բարի, հասկացող, նվիրված իր ընտանիքին եւ այդպես էլ ստացվեց: Բայց երբեք չէի կարծում, որ կլիներ իտալացի։
Երկուսն էլ Հայաստանը շատ են սիրում եւ դա էր պատճառը, որ որոշեցին բնակվել ոչ թե Իտալիայում, այլ հենց այստեղ:

Աիդա- Որոշեցինք բնակվել Հայաստանում գործի բերումով, բայց շարունակեցինք մնալ այստեղ, քանի որ Կարլոյին շատ դուր է գալիս Հայաստանը, իսկ ես իմ հայրենիքը շատ եմ սիրում։

-Ընտանիքի անդամները դե՞մ էին ձեր ամուսնությանը` հաշվի առնելով այն, որ տարբեր ազգերից եք:

Աիդա- Իմ ընտանիքը դեմ չէր, քանի որ բոլորը շարունակ նշում էին, որ իտալացիները շատ նման են մեզ` հայերիս։
Կարլո- Իմ ընտանիքը դեմ չէր, քանի որ ես հայերին միշտ էլ միայն լավ հատկանիշներով եմ ներկայացրել ընտանիքիս անդամներին։ Եվ երբ այցելեցին մեզ, համոզվեցին:
-Ո՞րն է այն բառը, որ լավագույնս նկարագրում է նրան:

Կարլո- Նա հրաբուխ է, քանի որ նա բնական է, բնության մասնիկ: Իրականում շատ հանգիստ է, բայց երբ ինչ-որ բան այն չէ, հրաբուխի պես ժայթքում է:
Աիդա-Կարլոն անթերի է: Իրականում չկան անթերի մարդիկ, բայց նա ինձ համար անթերի է, եւ չկա մի բան, որ կցանկանայի փոխել նրա մեջ։
Ապագա պլանների մասին դժվարանում էին խոսել, քանի որ իրենք էլ չգիտեին, թե աշխատանքը իրենց որ երկիր կտանի: Այժմ ժամանակն է բլից հարցերի` պարզելու, թե նրանք ինչքան լավ են ճանաչում միմյանց:
– Ո՞րն է նրա ամենասիրելի երգը:
Կարլո-‹‹Wish You Were Here›› Ճիշտ
Աիդա-‹‹Stairway to Heaven›› Ճիշտ
– Ո՞րն է նրա ամենասիրելի ֆիլմը:
Կարլո-‹‹Forest Gump›› Ճիշտ
Աիդա- ‹‹Superhero›› Ճիշտ
– Ո՞րն է նրա ամենասիրելի ուտելիքը:
Կարլո- Մածնաբրդոշ: Ճիշտ
Աիդա- Հավով պատրաստված ամեն ինչ: Ճիշտ
Սերը չի հարցնում տարիք, ժամանակ, ազգություն կամ տարածություն: Սրանք ընդամենը փոքր խոչընդոտներ են սիրո արահետի վրա:

 

ՄԵԼԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ
ՌՈԶԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

14,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728