Լրահոս
Օրվա լրահոսը

Վարսենիկ Ավանյան-Կարմենին կրկին սիրահարվեց ամուսինը՝ ջազմեն Վահագն Հայրապետյանը

Փետրվար 15,2017 12:30

Համաշխարհային օպերային գրականության նմուշներ կան, որոնք թեեւ վաղուց անպակաս են հեղինակավոր թատրոնների խաղացանկից, բայց դրանցից որոշներն առաջին պրեմիերայից հետո, դրական եւ բացասական իմաստով, ճակատագրական են դարձել ոչ միայն հեղինակների, այլեւ երաժիշտների, այդ թվում՝ ռեժիսորների, երգիչների համար: Նման օպերաներից մեկ- երկուսը նույնիսկ սիրված են դասական երաժշտությունը չնախընտրող հանդիսատեսի կողմից: Օրինակ՝ Բիզեի «Կարմենը», որն իր հաստատուն տեղն ունի նաեւ Երեւանի Ազգային օպերային թատրոնում: Ի դեպ, ֆրանսիացի կոմպոզիտորի այս երկը, որը գրվել է ըստ Պրոսպեր Մերիմեի «Կարմեն» նովելի, առաջին անգամ բեմադրվել է 1875թ. մարտին՝ Փարիզում: Այն արժանացել է սուր քննադատության, ինչն էլ ընդամենն ամիսներ անց՝ հունիսին, ուղղակի պատճառ է հանդիսացել սրտի կաթվածից կոմպոզիտորի հանկարծահաս մահվան:

Վարսենիկ Ավանյանը ամուսնու՝ Վահագն Հայրապետյանի եւ դստեր հետ:

Ժամանակին «Առավոտի» հետ զրույցում օպերային դիվա Ելենա Օբրազցովան խոսելով իր նախընտրած դերերգերի մասին՝ առաջինը նշեց Կարմենը եւ առանց մանրամասնելու ասաց. «Գնչուհի Կարմենի ողբերգական պատմությունը հեռու չէ իմ անձնականից… Այո, լքեցի Խոզեին հանուն մի ցլամարտիկի՝ Էսկամիլիոյի: Եվ դա հանուն մեծ սիրո: Ի վերջո, դա իմ ընտրությունն է…»: Օրերս մեր Օպերային թատրոնում էլ հիշյալ ներկայացման հերթական բեմադրության ավարտից հետո ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանը դիմելով տիկնոջը՝ Կարմենի դերակատար Վարսենիկ Ավանյանին, բարձրաձայնեց՝ ես քեզ կրկին սիրահարվեցի…

Մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանը նոր անուն չէ թատրոնում, սակայն երգչուհուն այնքան էլ հաճախ չենք հանդիպում: Մասնագետներն այսօր էլ հիշում են արվեստագետի մուտքը թատրոն (2007 թ.)՝ Փառանձեմի դերերգով, Գեղամ Գրիգորյանի ռեժիսուրայով, Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի պրեմիերային: Մենք էլ մտաբերեցինք Վարսենիկ Ավանյանի եւ բարիտոն Ասատուր Բալջյանի բեմելը Երաժշտական կամերային թատրոնում, Էդ. Խադոյանի՝ «Հեյ, ով կա այդտեղ» ներկայացման մեջ, ըստ Վ. Սարոյանի համանուն երկի (ռեժիսոր՝ Դավիթ Հակոբյան), տպավորված ենք ժամանակին Վահագն Հայրապետյանի՝ Acoustic colors ջազ-կվարտետում նրա կատարումներից, ընդ որում՝ այս քառյակը հիանալի ներկայացնում էր ջազ, ֆոլկ, դասական երաժշտության սինթեզ: Նշենք, որ քառյակը ելույթներ է ունեցել ոչ միայն Երեւանում, այլեւ հյուրախաղերի մեկնել Ռուսաստան, Գերմանիա:

Կարմեն՝ Վարսենիկ Ավանյան, Խոզե՝ Լիպարիտ Ավետիսյան:

Զրուցելով Վարսենիկ Ավանյանի հետ՝ նշենք, որ նա հիշեցրեց հատուկենտ հայաստանցի, հիմնականում արտասահմանցի այն ճանաչված երաժիշտներին, որոնք ավելի շատ տեղեկացնում են, հիշում իրենց պրոֆեսորներին, գործընկերներին, մի կողմ թողնելով «ես»ը:

«Երեւանի կոնսերվատորիայում ուսանել եմ անվանի մանկավարժ Սերգեյ Դանիելյանի դասարանում, այնուհետեւ ավարտել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Մարինա Ալեքսեեւայի ղեկավարությամբ, դասեր եմ վերցրել մեծանուն Զառա Դոլուխանյանից, երբ Մոսկվայից վերադարձա, Գեղամ Գրիգորյանը ինձ վստահեց Փառանձեմի դերերգը, որն իմ առաջին մեծ աշխատանքն էր թատերարվեստում, այդ ընթացքում մեկնում էի դարձյալ Մոսկվա վարպետության դասերի՝ Ելենա Օբրազցովայի մոտ»,- հայտնեց մեր զրուցակիցը: Հավելեց, որ մեր կոնսերվատորիայում իր պրոֆեսորի ղեկավարությամբ սովորել է մեցցո սոպրանոյի համար գրված շուրջ 15 դերերգ: Անդրադառնալով Կարմենին՝ հավաստիացրեց, թե այնքան էր մտերմացել Օբրազցովայի հետ, որը նույնիսկ մեկ անգամ Չայկովսկու «Պիկ թագուհին» ներկայացումից առաջ, ընդ որում շպարված, հորդորել է Միխայլովյան թատրոնի տնօրենին եւ դիրիժորին՝ լսել իրեն. «Տիկին Օբրազցովան, որքան մեծ երգչուհի էր, նույնչափ էլ՝ մարդ: Նրան հրավիրեցի Երեւան, հյուրընկալվեցինք Գեղամ Գրիգորյանի տանը…»:
Կրկին անդրադառնալով Կարմենին՝ Վարսենիկ Ավանյանը հատուկ նշեց գործընկերներին, այդ թվում՝ Լիպարիտ Ավետիսյանին (Խոզե), Գեւորգ Հակոբյանին (Էսկամիլիո) եւ մյուսներին:

Երգչուհին՝ Փառանձեմի կերպարում:

Նկատենք, որ «Կարմենից» հետո երաժիշտների շրջանում ծավալված զրույցի թեման ոչ միայն հիացմունքն էր Վարսենիկ-Կարմենի հասցեին, այլեւ տարակուսանքը, թե ինչո՞ւ երգչուհին դեռեւս հանդես չի եկել Ալմաստի (Սպենդիարյան՝ «Ալմաստ»), Ամներիսի (Վերդի՝ «Աիդա»), Ազուչենայի (Վերդի՝ «Տրուբադուր») դերերգերով, որոնք թատրոնի խաղացանկում են:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

14,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728