Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա՜-արա՜, ի՞նչ ես անում». ըստ վկայի՝ ոստիկանն ուզեցել է խփել կին-ցուցարարին

Փետրվար 14,2017 23:50

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչական դատարանում այսօր քննվում էր Ոստիկանության՝  քաղաքացիական ակտիվիստ, «Հայ կանանց ճակատ»-ի անդամ Սուսաննա Սիմոնյանի (լուսանկարում) դեմ ներկայացրած հայցը, որով ոստիկանությունը պահանջում է նրան պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով (ըստ դրա՝ վարչական իրավախախտում է համարվում ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը):

Այս գործով որպես վկա հարցաքննվեց քաղաքացիական ակտիվիստ Անուշ Կարապետյանը, որին 2016 թ. հունիսի 22-ին՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդության քննարկման ժամանակ դատարանի դիմաց տեղի ունեցած հավաքի վայրից բերման էին ենթարկել Սուսաննա Սիմոնյանի հետ միասին:

Կինը Սուսաննա Սիմոնյանին ներկայացրեց որպես իր «պայքարակից ընկեր»: Պատմեց, որ խաղաղ հավաքի միջոցով Սեֆիլյանին զորակցելու համար հավաքվել էին դատարանի մոտ: Անուշ Կարապետյանը հիշեց, թե ինչպես են իրեն բերման ենթարկել. «Հանգիստ կանգնած էինք, հանկարծ երկու «զդառովի»՝ սպիտակ համազգեստով աշխատակիցներ մոտեցան, ձեռքերս բռնեցին՝ տանում էին…Մեքենա եկավ, «կարմիր գլխարկովները» եկան, ուզում էին բռնել, ասեցի, որ վերքեր ունեմ վիրահատությունից հետո եւ կարող եմ ինքս բարձրանալ մեքենա: Ոչ սեռ հաշվի առան, ոչ տարիք ու համարյա շպրտեցին ինձ մեքենայի մեջ»:

Վկան պնդեց, որ ոստիկանները հայհոյել են իրենց. «Նրանցից մեկն ինչ-որ բան ասեց, Սուսաննան ասեց՝ «մամադ ա»: Մեքենայից իջնեցնելուց էլ ոստիկաններից մեկը ուզեց խփի՝ ոտքը պարզեց ու հայհոյեց, բայց մյուսները բռնեցին ու ասին՝ «արա՜-արա՜, ի՞նչ ես անում»: Լացեցի այդ վիրավորանքից, չէի պատկերացնում նման վերաբերմունք մեր նկատմամբ»:

Ըստ վկայի՝ առաջին դեպքը չէ, երբ հավաքների ժամանակ ոստիկանները հայհոյում են ցուցարարներին: «Ոստիկաններն իրենց վատ են պահում, այդ բառերը սովորական են իրենց դեպքում»,-ասաց կինն ու հուզմունքից հեկեկաց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728