Փետրվար 14-ին Ազատության հրապարակից մեկնարկել է երթ՝ ի պաշտպանություն Հաց Բերող Արթուր Սարգսյանի: Երթի կազմակերպիչներն են «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը: Կազմակերպիչներից «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ Արթուր Սարգսյանին ազատությունից զրկել են ընդամենը հաց տանելու համար, եւ խոշտանգման են ենթարկում:
Երթի մասնակիցները վանկարկում են՝ «Ազատություն Հաց բերողին», «Սերժիկ, հեռացիր, Հայաստանը մոռացիր», «Մահ ռեժիմին»:
Երթի նախաձեռնողներից մեկն էլ նշեց, որ այս օրերին քննարկվում է Լապշինի արտահանձնման հարցը, մինչդեռ մեր երկրում էլ կա Լապշին՝ ի դեմս Արթուր Սարգսյանի, որը ռեժիմի զոհն է:
Նաեւ զուգահեռ անցկացվեց Հայաստանին հանձնված ադրբեջանցու հետ, որին ինչպես ցույցի կազմակերպիչներն ասացին՝ «առոք-փառոք պահում են», իսկ մեր հերոսներին փակում բանտերում»:
Կարդացեք նաև
Այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի գլխավոր դատախազության շենք՝ իրենց պահանջները ներկայացնելու, որոնցից գլխավորը՝ Հաց բերող Արթուր Սարգսյանին ազատ արձակելն է, քանի որ, ըստ նրանց, նա ապօրինի է պահվում անազատության մեջ եւ առողջական լուրջ խնդիրներ ունի:
Երթին մասնակցում են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը, դերասանուհին Թամար Հովհաննիսյանը, Կարո Եղնուկյանի կինը՝ Ռուզան Եղնուկյանը, Վարուժան Ավետիսյանի տիկինը եւ «Սասնա Ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի մայրը:
Նշենք, որ երթի մասնակիցների թիվը 100-ից չի անցնում, նրանց ուղեկցում են ոստիկանները: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը անընդհատ մասնակիցներին հորդորում է փողոցը չփակել եւ չխանգարել երթեւեկության կանոնները:
Գոհար Հակոբյան