ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պնդում է, որ իրենց ու Ծառուկյան Դաշինքի համագործակցությանը խանգարեց այսօր իսկ դաշինքից հեռանալու մասին հայտարարած ՍԴՀԿ-ն:
«Ով փոս է փորում, ինքն էլ ընկնում է մեջը: Ամպագորգոռ բառերով մեկնաբանել՝ ինչու այդ դաշինքը տեղի չունեցավ, փորձել գնահատականներ հնչեցնել այս կամ այն անձի նկատմամբ, անբարոյական եմ համարում»,- Aravot.am-ին ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՍԴՀԿ վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի պարզաբանմանը՝ Դաշինքից հեռանալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Նարեկ Գալստյանը իրենց հեռանալը բացատրել էր դաշինքի կողմից մի շարք պայմանավորվածություններ խախտելու ու գողերի ու ժուլիկների դաշինք դառնալու հանգամանքով:
Կարդացեք նաև
«Այն, ինչ ցանում ես, այն էլ հնձում ես: Ըստ էության, նաեւ մեր մասնակցության բացակայությունն այդ Դաշինքին պայմանավորված էր նրանով, որ ՍԴՀԿ-ն հասցրել էր ավելի շուտ հանդիպել, ու, ըստ էության, հասկանում եմ պարոն Ծառուկյանի հոգեբանությունը, որ երկու հնչակյան միավոր չէին տեսնում այնտեղ: Դա պարզապես հնարավոր չհամարվեց, ու ես հասկանում եմ դա: Ես չեմ կարծում՝ ՍԴՀԿ-ի որոշումն է չմիանալ Դաշինքին, որովհետեւ տեղյակ եմ, որ ընդամենը մեկ անձ էր մտնելու ցուցակ, մյուս տեղերի մասով պայմանավորվածություն չկար: Իսկ հիմա հայտարարել, թե մենք չէին կարող լինել, որովհետեւ այսպես էր, այնպես էր, առնվազն անկիրթ է: Եթե փորձել եք համագործակցել ու ինչ-որ հարցերի շուրջ պայմանավորվել, բայց չի ստացվել, գեղեցիկ չէ փնովել այն քաղաքական ուժին, որի հետ փորձում էիր ճանապարհ գնալ»,- ասաց տիկին Սարգսյանը:
Տիկին Սարգսյանը չի տխրել Ծառուկյան դաշինքի հետ չկայացած համագործակցության համար, որովհետեւ, ըստ նրա, ինքն ու Ծառուկյանը հին բարեկամներ են. «Իմ կողմից որեւէ բան չի կարող փոխել այդ հարաբերությունները, որովհետեւ կյանքը չի սկսում ու ավարտվում խորհրդարանական ընտրություններով: Ես միշտ գնահատել եմ մեր բարեկամությունը ու մնում եմ այն կարծիքն, որ ամենամեծ հնարավորություններն ունի ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ու ես նրանց հաջողություններ եմ մաղթում»:
Մեր հարցին՝ եթե ՍԴՀԿ-ի հեռանալուց հետո իրեն առաջարկեն միանալ Ծառուկյան Դաշինքի ցուցակին, կմիանա՞, տիկին Սարգսյանը պատասխանեց. «Որեւէ խնդիր չեմ տեսնում… ակնկալում ենք՝ միգուցե նման առաջարկ լինի, եթե լինի, միանշանակ կողմ կլինենք դրան»:
Տիկին Սարգսյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե Ծառուկյան դաշինքի ցուցակում տեղ են գտել ՀՀԿ-ից դուրս մնացած անհատներ. «Ես հասկանում եմ՝ այս ընտրություններում ինչ տրամաբանություն է դրված: Բոլորը փնտրում են մարդիկ, որոնք կարող են վարկանիշայինով առավելագույն ձայներ բերել: Հիմա Վարդան Ղուկասյանը Գյումրիում բավականաչափ ձայներ ունի, ու այդ հնարավորությունն օգտագործվում է, իսկ ՀՀԿ-ում նման մարդիկ չկա՞ն: Օհանյան-Օսկանյան դաշինքում արդյոք չե՞ն լինի նման մարդիկ, որեւէ մեկը դա չի կարող հերքել կամ հաստատել: Ես հասկանում եմ՝ ինչի համար է դա արվել ու դրա մեջ որեւէ պարսավելի բան չեմ տեսնում»:
Aravot.am-ը նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանից փորձեց ճշտել՝ արդյոք Ծառուկյան Դաշինքը համարո՞ւմ է գողերի, ժուլիկների ու ՀՀԿ-ից դուրս մնացածների դաշինք: Ի պատասխան մեր հարցին՝ պարոն Ղուկասյանն ասաց. «Ես այս կյանքն ապրել եմ ու գիտեմ՝ ձեր ամեն բառի տակ ինչ է թաքնված: Այդքան բան, շնորհակալություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ