Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզների եւ դպրոցների տնօրեններին ներքին կարգով հանձնարարե՞լ են աշխատել Արտակ Սարգսյանի օգտին

Փետրվար 14,2017 17:56

Նախկին ՕԵԿ-ական, այսօր ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է «ՍԱՍ»-ի Արտակ մականունով, մեր տեղեկություններով, որեւէ  լծակ չի խնայում կրկին պատգամավոր դառնալու համար:

Ուշագրավ է, որ Արտակ Սարգսյանը նախորդ 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, անգամ` Ազգային ժողովում հարց չի հնչեցրել, իսկ նիստերին մասնակցել է միայն քվեարկություններին մասնակցելու համար:

Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Արտակ Սարգսյանին փորձում է օգնել Երեւանի քաղաքապետարանը. մանկապարտեզների եւ դպրոցների տնօրեններին ներքին կարգով հանձնարարում են աշխատել հենց Արտակ Սարգսյանի օգտին:

Զրուցեցինք Արաբկիր վարչական շրջանում գտնվող մանկապարտեզների տնօրենների հետ: Թիվ 24 մանկապարտեզի տնօրեն Գոհար Գալստյանը հերյուրանք որակեց այդ տեղեկությունը: «Մենք մանկապարտեզ ենք, մենք ուսումնական հաստատություն ենք, նման բաներով չենք զբաղվում: Մենք միջոցառման ենք պատրաստվում թումանյանական օրերի վերաբերյալ, ժամանակ չունենք` քաղաքականությամբ զբաղվենք»,- արագ-արագ ասաց Գալստյանը: Ի դեպ, նա չհերքեց, որ ՀՀԿ-ական է:

Թիվ 31 մանկապարտեզի տնօրեն Մարինե Ամիրյանը եւս հերքեց լուրերը, թե Արտակ Սարգսյանի համար է աշխատում: «Նման բան չկա, եթե փաստեր կան, ներկայացրեք, խնդրեմ: Նման բան մեզ մոտ չկա: Ես ժամը տասից մինչև վեցը ներառյալ հիմնարկում եմ, թող մոտենա որևէ ծնող ու ասի, որ ես իրեն մոտեցել եմ նման հարցով»,-ասաց նա: Հարցին` Դուք Հանրապետակա՞ն եք, տիկինը մեծ գոհունակությամբ հայտարարեց. «Իհարկե, Հանրապետական եմ: Բայց մեզ մոտ նման բաներ չկան, եթե ունեք փաստեր, կանչեք, ես կմոտենամ համապատասխան վայր:

Թիվ 23 մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հովիկյանի հետ էլ զրուցել չհաջողվեց, նա տեղում չէր, հեռախոսազանգին պատասխանող աշխատակիցն ասաց, թե Հովիկյանի հետ խոսելու համար «վերադասից» պետք է թույլտվություն ստանալ: Վերադասն էլ, պարզվում է, հենց ինքը` Հովիկյանն է:

Նշենք, որ այս ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրել է մի քանի թեկնածուների՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ Արթուր Գեւորգյանին, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի որդուն՝ Արման Բաբլոյանին, նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանին եւ այլոց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728