Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» լուծարումը սկսվում է, խոշոր պարտատերերը հայտնի են (Տեսանյութ)

Փետրվար 14,2017 17:42

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ), ֆինանսների նախարարությունը, Երեւանի ՋԷԿ-ը, «Հայբիզնեսբանկը», «Գազպրոմ Արմենիան» «Նաիրիտ» գործարանի խոշոր պարտատերերն են: Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ սնանկության գործով կառավարչի նշանակած «Նաիրիտի» պարտատերերի առաջին ժողովը:

«Նաիրիտ գործարան»-ի սնանկության գործով կառավարիչ նշանակված Կարեն Ասատրյանն ասաց, որ ներկայումս «Նաիրիտ» գործարանում ընթանում է գույքագրում: Կառավարչի տվյալներով, Ֆիննախին «Նաիրիտը» պարտք է 303 միլիոն 444 հազար 194 դրամ, ՊԵԿ-ին` 10 միլիարդ 377 միլիոն 116 հազար 214 դրամ, Երեւանի ՋԷԿ-ին գործարանի պարտքը կազմում է 22 միլիարդ 822 միլիոն 368 հազար դրամ եւ 7 միլիոն 598 հազար՝ 945 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: «Գազպրոմ Արմենիային» պարտք է 1 միլիարդ 359 միլիոն 809 հազար 268 դրամ: Խոշոր պարտատերերն ընդգրկվեցին խորհրդի կազմում, բացի «Հայբիզնեսբանկից», որի պարտքային պահանջը գրավով ապահովված է:

«Նաիրիտի» պարտատերերի մասին դիտեք տեսանյութում


Կառավարիչ Կարեն Ասատրյանն ասաց, որ գույքագրումն ավարտվելուց հետո պարբերաբար խորհրդի նիստ ու պարտատերերի ժողով կհրավիրվի:

Ժողովին ներկա «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ըստ որի գործարանի աշխատավարձի պարտքը կազմում է 784 հազար դրամ, առաջարկեց «Նաիրիտը» սնանկության տանելու գործընթացը դադարեցնել եւ քննարկել կառավարություն ներկայացրած գործարանի առողջացման ծրագիրը: Քանի որ, ըստ պարոն Իսրայելյանի, հենց այդ խոշոր պարտատերերն էլ պետք է շահագրգռված լինեն, որպեսզի «Նաիրիտն» աշխատի:

Կառավարիչ Կարեն Ասատրյանն ասաց, որ լուծարման գործընթաց սկսելուց հետո պարտապանը հնարավորություն ունի նաեւ առողջանալու: Նրա խոսքերով, պարտապանները դիմել են դատարան եւ իրենց պարտքերն են պահանջում, հետեւաբար սնանկության գործընթացն անխուսափելի է:

Կառավարիչը դիմեց պարտապաններին` ասելով, որ ի գիտություն ընդունեն գործարանի նախկին տնօրենի առաջարկը: Նա նաեւ թվարկեց, թե ով կարող է առողջացման ծրագիր ներկայացնել: Ըստ նրա, ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահոված պահանջների առնվազն մեկ երրորդին տիրապետող պարտատերը եւ այլն:

Մանրամասները` տեսանյութում

Կարեն Ասատրյանը նաեւ ասաց, որ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիր դատարանում չի ներկայացվել եւ այդ ներկայացման ժամկետը լրացել է եւ օրենքի համաձայն պետք է սկսի լուծարման գործընթաց:

Կարեն Իսրայելյանը սակայն համոզված է, որ միտումնավոր տանում են լուծարման, «Նաիրիտի» գույքի օտարման: Ըստ նրա, թթվածնի արտադրամասից արդեն սարքավորում են ապամոնտաժել, որը եղել է պահեստային սարքավորում. «Նաիրիտի» աշխատանքի ժամանակ միշտ էլ պետք է լինի պահեստային սարքավորում, որպեսզի միշտ կարողանա աշխատել: Եթե այս ընթացքում ապամոնտաժվեն սարքավորումներ, որոնք պետք են «Նաիրիտի» աշխատանքի համար, արդեն ոչ մի ներդրող չի գա «Նաիրիտն» աշխատեցնելու»:

Նախկին տնօրենը նաեւ ասաց, որ 2015 թվականի դեկտեմբերին գործարանի առողջացման ծրագիրը կառավարությունը ներկայացրել է ԱԺ, այն նաեւ քննարկվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում, սակայն որեւէ արդյունք չկա. «Եվրոպա- Ասիա» հոլդինգի կողմից ներկայացված ծրագիրն էլ ուղարկվել է ՀՀ վարչապետին, էներգետիկայի նախարարին, բայց կրկին անարդյունք»:

Նախկին տնօրենի հաշվարկներով «Նաիրիտի» գույքը 40-50 միլիոն դոլարի է` եթե օտարումը կազմակերպեն բարեխղճորեն, «Նաիրիտի» պարտքը, սակայն, կազմում է 100 միլիոն դոլար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728