«Հայ ազգային կոնգրես» եւ «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունները մեկ դաշինքի կազմում կմասնակցեն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Լոռու մարզի վարկանիշային ցուցակի թեկնածուների անուններն արդեն իսկ հայտնի են: Սակայն նշեց նաեւ, որ ցանկում հնարավոր են որոշակի փոփոխություններ ու լրացումներ, այդ իսկ պատճառով կուսակցության վարկանիշային ցանկը մինչեւ պաշտոնական գրանցումը չեն ցանկանում հրապարակել:
«Կարող է վաղն այնպես ստացվի, որ այդ մարդկանցից մեկը հրաժարվի, կամ մեկն ավելանա: Դրա համար, որպեսզի չասվի ու հետո թյուրիմացություն լինի, ավելի լավ է համբերենք մինչեւ պաշտոնապես կհայտարարվի: Կազմում կլինեն 9-11 անդամ: Թեկնածուները հիմնականում մեր կուսակցությունից են, մի քանի հոգին են, որ համակիրներից են: Մանկավարժ, բիզնեսի բնագավառից ներկայացուցիչ, ինժեներ, մեխանիկ, ֆիզիկ: 3 կին թեկնածուներ ունենք»,- տեղեկացրեց Ա. Մանուկյանը:
Այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դաշինքի շանսերն առաջիկա ընտրություններում, Ա. Մանուկյանն ասաց, որ այսօր կանխատեսումներ անելն այնքան էլ ճիշտ չէ: Քանի որ առանց կեղծիքների ընտրություններ հնարավոր չէ անցկացնել: Վստահ է, որ այս անգամ էլ կեղծիքներ կլինեն.
«Կանխատեսումն անշնորհակալ բան է: Մանավանդ այսօր մեր էս իրականության մեջ մեր ներկա իշխանությունների բոլոր ինտրիգային աճպարարություններն ու ամեն ինչը նկատի ունենալով դժվար է որոշակի բաներ կանխատեսել: Բայց որ որոշակի շանսեր կան, բնական է, եթե չլիներ, իմաստ էլ չէր լինի մտնել պայքարի մեջ: Արվել է հնարավորինս, որպեսզի գոնե ընտրատեղամասերում կարողանանք պահպանենք մաքրությունը: Ընտրացուցակների պաշտոնապես ներկայացնելը ԿԸՀ կայքում, տեսախցիկների տեղադրելը, սրանք մի շատ մեծ բաժին իշխանություններին զրկում են կեղծիքների հնարավորությունից: Մինչ այս նրանք իրենց գրպանում, մոտ 500 հզ. ընտրակեղծիքի հնարավորություն ունեին: Հենց էդ հույսով էր, որ Սերժն ասում էր. «ինչքան ուզեմ, էդքան կխփեմ»: Բայց հիմա էդ ինչքան ուզելու ու խփելու հնարավորությունից մենք զրկել ենք իրանց: Բայց դրսում ընտրակեղծիքների, վարչական ճնշումների, կաշառքների, այդ բոլոր լծակները դեռ մնում են: Արդեն անձնագրեր են հավաքում, ընտրակաշառքի չափի մասին է խոսվում»:
Կարդացեք նաև
ՀԱԿ վարչության անդամն ասաց, որ իրենք կողմ են դաշինքային ձեւաչափին, սակայն ոչ բոլոր կուսակցություններն են ցանկանում մտնել դաշինքի կազմի մեջ. «Կարծես թե չստացվեց մեծ ու լայն ճակատային համախմբում ապահովել, որը ցանկալի էր: Մենք միշտ կողմ ենք եղել դրան: Կան որոշակի քաղաքական ուժեր, որոնք որ առանձնակի խնդիրներ են դրել իրենց առջեւ եւ չմիավորվեցին»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ