Լրահոս
Օրվա լրահոսը

«2017 թ-ին Հայաստանում կբացվի 2000 աշխատատեղ միայն տեքստիլի ոլորտում». Սուրեն Կարայան

Փետրվար 14,2017 16:31

«Մենք ակնկալում ենք, որ 2017 թ-ին մենք ձեզ հետ միասին ականատես կլինենք մի շարք նոր ձեռնարկությունների բացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը այս ոլորտում, որը կլինի գրեթե բոլոր մասերում: Եվ ամենաուրախալին այն հանգամանքն է, որ աշխատատեղեր կլինեն նաև Հայաստանի սահմանամերձ հատվածում»,- այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի երկրորդ փուլի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը :
Կարայանի խոսքով՝ թեթև արդյունաբերության ոլորտը դեռևս 2011 թ-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է որպես թիրախաճյուղ: Ոլորտը բավականին մեծ ներուժ ունի ինչպես զարգանալու, այնպես էլ արտահանման ուղղությամբ. «Տարեցտարի՝ այս վերջին տարիներին հատկապես մենք արձանագրում եք այս ոլորտի աճ, սակայն պետք է արձանագրել, որ այն ներուժը , որն ունի այս ոլորտը, դեռևս ամբողջովին իրացված չէ»,-ասաց նա:

Կարայանը հույս հայտնեց , որ այս ծրագրի 2-րդ փուլի մեկնարկը հնարավորություն կտա առավելագույնս իրացնել այդ ներուժը:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Սուրեն Կարայանն ասաց, որ կբացվի 2000 աշխատատեղ միայն տեքստիլում ներդրումային ծրագրի մասով հենց այն կազմակերպությունների հետ, որոնց հետ ամեն օր աշխատել են: Իսկ երկրորդ փուլի ֆինանսավորումը կկազմի 2 մլն եվրոյի չափով:

Շնորհանդեսը շարունակեց արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, որը ծրագրի մեկնարկին եղել է արտադրման հիմնադրամի նախագահը. «Երբ սկսում էինք առաջին փուլը, կասկածը մեծ էր, որ չէինք հաջողի, այսօր ուրախությամբ պետք է ասենք, որ մենք հաջողել ենք: Առաջին փուլի ծրագրի հաջողությունը տեսանելի է եղել՝ 2016 թ-ի նոյեմբերին, երբ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության 50- ամյակին հնչեց այս ծրագրի անունը, այն էլ որպես հաջողված ծրագիր, որտեղ մենք կարողացանք ներկայացնել մեր առաջին դիզայներներին նորաձևության ոլորտում և արտադրողների հնարավորություններն ու արտադրանքը»:

Ռ. Հարությունյանը վստահեցրեց, որ ծրագիրը շատ կարևոր է, և լավ է, որ 2-րդ փուլը սկսում է ներառել ավելի մեծ շրջանակ, քան թեթև արդյունաբերությունը: «Ներառվել է Հայաստանի համար ավանդական ոլորտը՝ կոշկագործությունը և կաշվի արտադրությունը, որը նույնպես կներառի ավելի շատ ընկերություններ, մենք էլ կկարողանանք, համեմատ ավելի մեծ քանակով ընկերությունների աջակցել», ասաց նա:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պես Արմեն Եգանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, «Ծրագիրը միտում ունի բարձրացնել տեղական արտադրանքի մրցունակությունը և մրցունակության բարձրացման ճանապարհով նոր շուկաներ մուտք գործել : Ընդհանուր առմամբ, երբ որ դիտարկենք տեքստիլի ոլորտի ցուցանիշները, մենք դինամիկ աճ ենք գրանցում թե´ արտադրման, թե´ արտահանման ոլորտում, սակայն այդ ամբողջը վերագրել մի ծրագրի, այդքան էլ ճիշտ չէ: Ծրագիրը բնականաբար ունեցել է իր ազդեցությունը ընկերությունների վրա, որովհետև այն ունի որոշակի ուղղվածություն, այսինքն` ընկերությունները ընտրվել են ըստ չափորոշիչների և աջակցություն են ստացել, որպեսզի բարելավեն իրենց տեխնիկական վիճակը՝ կադրային առումով, մյուս բաղադրիչը եղել է շուկա դուրս գալը: Այդ ընկերությունների արտադրանքի վրա ձևավորվել են մոդելային շարքեր, նաև որոշակի քանակով արտադրություն է եղել ներկայացման համար և ներկայացվել տարբեր միջազգային միջոցառումներին», ասաց նա:

Տեղեկացանք, որ հիմնականում ռուսական շուկայի վրա են տարվել աշխատանքները, բայց նախատեսվում է մուտք գործել նոր շուկաներ, իսկ առաջին փուլի համար տրամադրվել է մեկ միլիոն դոլար:

ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման ծրագրի համակարգող Արաքսյա Գրիգորյան ասաց , որ պատրաստվել են 230 մոդելներ. «Այս մոդելներից կան պատվերներ , երբեմն պատվիրատուները, տեսնելով որակյալ արտադրանք, պատվիրում են այն, հնարավոր է որոշ դետալների փոփոխություններ կատարեն»:

Գրիգորյանի խոսքով՝ սա հնարավորություն է ցույց տալու, որ Հայաստանը ի վիճակի է կարելու միջին և միջինից բարձր որակ ունեցող արտադրանք: Համագործակցությունը եղել է «Յուդաշկին» նորաձևության տան հետ. «Տեսնելով Հայաստանում պատրաստված արտադրանքի որակը՝ պատվիրվեցին մի քանի նմուշներ, որոնք հոկտեմբեր ամսին ցուցադրվեցին Փարիզում, իսկ մարտ ամսին կպատրաստվեն նոր նմուշներ, որոնք նույնպես կցուցադրվեն Փարիզում»:

Հարցին, թե գնային ինչ տարբերություններ կան, Արաքսյա Գրիգորյանը պատասխանեց, որ գինը որոշվում է հումքից կախված:

 

Ռոզա Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728