Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Փետրվար 14,2017 16:24

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ:

Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության ու առողջապահության նախարարները քննարկել են բուժհաստատությունների միավորմանն առնչվող հարցեր, կարևորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը:


Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում: Շրջելով խրամուղիներով` նախարարը տեղում ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, ինչպես նաև խրախուսել դիրքապահ մի քանի զինծառայողների:


Շրջայցի հաջորդ կանգառը Գեղարքունիքի մարզի Վահան համայնքում էր: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել են մարզի ղեկավարության, սահմանամերձ համայնքի բնակիչների հետ: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը մշտապես գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում: Լսելով բնակիչների խնդիրները՝ ՀՀ պաշտպանության նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել են, որ սահմանամերձ գյուղացու պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, և առաջապահ հենակետերում արվում է ամեն ինչ՝ բնակչության անվտանգությունն առավել ապահով դարձնելու համար:


Շրջայցի շրջանակում պատվիրակությունը եղել է նաև 3-րդ բանակային զորամիավորման զինավաններից մեկում, որտեղ ընթացող շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն առաջիկայում ծառայությունը կշարունակի նոր ու հարմարավետ պայմաններում: Նորակառույց զինավանում Վիգեն Սարգսյանը ծանոթացել է կատարված ու ընթացիկ աշխատանքներին, ունկնդրել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումների հրամանատարների զեկույցները:

Մեկօրյա այցը եզրափակվել է Բերդում: ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները ծանոթացել են զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, քննարկել են բժշկական հաստատությունների միավորմանն առնչվող հարցեր:

Լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում պաշտպանության ու առողջապահության նախարարներն ամփոփել են այցը, ընդգծել խնդրահարույց հարցերին տեղում ծանոթանալու և համատեղ քննարկելու կարևորությունն ու արդյունավետությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728