Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավարն Ախուրիկում հեղափոխություն է արել․պնդում է պարտված ՀՀԿ-ականը (Տեսանյութ)

Փետրվար 14,2017 16:19

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում նախորդ օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պարտվել էր 8 տարվա գյուղապետ, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը։ Նրանից 15 ձայնով առաջ էր անցել անկուսակցական, 27-ամյա Հովհաննես Պողոսյանը։ Այս ընտրությունների արդյունքները հետաքրքիր են նրանով, որ Վարդիթեր Գասպարյանը ընդգրկված է ՀՀԿ վարկանիշային ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ Տիկնոջն, ըստ էության, ընդգրկել են ցուցակ՝ ՀՀԿ-ին ԱԺ ընտրություններում ձայներ բերելու համար, սակայն, նա տվյալ դեպքում չի կարողացել ձայներ ապահովել իր համար։

Վարդիթեր Գասպարյանը ընտրությունների արդյունքները բողոքարկել էր թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովն այսօր վերահաշվարկ կատարելուց հետո էական խախտումներ չէր հայտնաբերել։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մարգարյանը, դիմումատուն ընտրախախտման փաստեր, ապացույցներ չի ներկայացրել, միայն պահանջ է ներկայացրել՝ նշելով՝ իմ փաստերը պարկի մեջ են։ Մարզպետունի Մարգարյանն էլ առաջարկել է հանձնաժողովի անդամներին բացել պարկերը ու կատարել վերահաշվարկ։ Ըստ Մարզպետունի Մարգարյանի, վերահաշվարկի արդյունքում անվավեր ճանաչված 5 քվեաթերթիկ ճանաչվել են վավեր, որից 2-ն ավելացվել է Վարդիթեր Գասպարյանին՝ նրա ձայները դարձել են 264, մյուս երեքը ավելացվել են մյուս թեկնածուի՝ Հովհաննես Պողոսյանի ձայներին։ Վերջինիս ձայները դարձել են 280, ու եթե մինչ այդ երկու թեկնածուների ձայների տարբերությունը 15 էր, այժմ դարձավ 16՝ ի վնաս ՀՀԿ-ականի։

ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը, սակայն, շարունակում է պնդել, որ ընտրակարուսել կոչվող ընտրամեխանիզմն է աշխատել տվյալ դեպքում, 90-ական թվականների ընտրություններն են վերադարձել իրենց համայնք։ Նա պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին։ Հետաքրքիրն այն է, որ տիկին Գասպարյանը իր պարտության մեջ մեղադրում է Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանին։ «էսօր, երբ 90-ական թվականների ընտրակեղծարարության մեխանիզմ է օգտագործվում ընդդիմադիր ուժերի կողմից, որոնք անընդհատ դեմոկրատիա են թմբակահարում, պետք է ասեմ, որ գործող իշխանությունները, ինչու չէ, նաև իշխանամետ մարդիկ, որոնց շարքին ես եմ պատկանում, ոնց որ թե էնքան դեմոկրատ են դարձել այլևս, որ նույնիսկ խախտումների պարագայում փորձում են իներտ մնալ։ Ես չեմ կարծում, որ դա է ճիշտը, երբ որ գիտես ընդդիմությունը՝ ՀԱԿ-ն այսօր փաստորեն հեղափոխության միջոցով վերցնում է մի համայնք, բայց ոչ մաքուր ընտրության միջոցով»,-ասում է Վարդիթեր Գասպարյանը։
Ըստ նրա, ինքը որպես ՀՀԿ-ական՝ բացարձակ դեմոկրատ ընտրություններ է կազմակերպել, թույլ չի տվել իր լծակները օգտագործել, սակայն մյուս կողմը ընտրատեղամասը «մի քեֆտուն» է դարձրած եղել, քյաբաբ են կերել, կերուխում են կազմակերպել, ընտրաթերթիկ են դուրս տարել ու սկսել են ընտրակարուսելը։

«Մենք՝ Հանրապետականներս, իրոք, դեմոկրատ ենք, ես կարող էի բողոք ունենալ իմ թիկունքում կանգնած Հանրապետականներից, բայց ոչ, շատ ժողովրդավար են, ինչ-որ տեղ ավելի, քան կարելի է մեր պայմաններում լինել, շատ ժողովրդավար են»,-ասում է Վարդիթեր Գասպարյանը։

Հարցին՝ ՀՀԿ-ն նեղսրտած չէ՞ իր պարտությամբ, քանի որ իրեն ընդգրկել են ՀՀԿ վարկանիշային ցուցակ՝ որպես ԱԺ թեկնածու, Վարդիթեր Գասպարյանը պատասխանեց, որ Ախուրիկի գյուղապետի ընտրությունները ցույց տվեցին, որ ինքը ժողովրդավար է և կարող է ընտրություններ կազմակերպել Եվրամիության ու Եվրախորհրդի չափանիշներին համապատասխան։ «Փառք ու պատիվ ՀՀԿ-ին, որ ոչ մի լծակ չի օգտագործում», -ասում է Վարդիթեր Գասպարյանը։

Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանն էլ պարտված տիկնոջ՝ իրեն վերագրած հեղափոխության վերաբերյալ ասաց․ «Անկեղծ ասեմ չէի էլ ուզենա մեկնաբանել, չկա այն արժեքավոր թվարկած փաստարկը, որին կարելի էր անդրադառնալ՝ բացառությամբ մեկ դրվագի։ Եթե քվեարկության արդյունքները որակավորվել են որպես հեղափոխության, այո՛, համաձայն եմ դրա հետ ու ողջունում եմ դա, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը պարտվել է։ Դա նաև իմ դիրքորոշմանը, քաղաքական տեսակետներին համահունչ արդյունք է արձանագրվել։ Թեկնածուն ինքնառաջադրվել է, եթե այդքան տառաճանաչ չեն, կրթական ցենզ չունեն․․․ Եվ ես՝ որպես Ախուրիկ գյուղի բնակիչ, դա իմ հայրենի գյուղն է, որպես ընտրող եմ իմ քաղաքացիական պարտքը կատարել, գնացել, քվեարկությանը մասնակցել եմ»։

Ըստ Մուրադ Գրիգորյանի, ՀՀԿ-ական թեկնածուն իր վրա է բարդում իր պարտությունը, քանի որ հոգեբանորեն տրամադրվել էր, որ անվերջ հաղթելու էր ու ցմահ իշխելու էր։

Մուրադ Գրիգորյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728