Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կոչումը չէ, ոչ էլ ցանկանում եմ ներքաղաքական թեմայով դեբատների մեջ մտնել». Ֆրանսիայի դեսպան

Փետրվար 14,2017 16:11

ԱՄՆ-ից և Գերմանիայից հետո ՀՀ-ին օժանդակող երրորդ երկիրը Ֆրանսիան է: ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի փոխանցմամբ՝ 2016-ին ՀՀ-ին աջակցությունը Ֆրանսիայի կողմից կազմել է 20 միլիոն դոլար տարեկան կտրվածքով: «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսին դեսպանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին օժանդակությունը հինգ անգամ աճել է:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցություններին և նոր համաձայնագրի ստորագրմանը՝ դեսպանը հայտնեց, որ բավականին գոհացնող պայմաններում են տեղի ունենում ԵՄ-Հայաստան բանակցությունները: Ըստ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի՝ շուտով արդեն կստորագրվի երկուստեք բավարարող համաձայնագիր:

Ֆրանսիայի դեսպանը նաև տեղեկացրեց, որ մարտի 8-ին ՀՀ նախագահը պաշտոնական հրավերով կայցելի Ֆրանսիա:

ՀՀ-ում ընտրական գործընթացներում ներդրված էլեկտրոնային համակարգի մասին դեսպանն ասաց, որ այդ համակարգի ներդրումը կբարձրացնի հանրության վստահությունը: Այս առիթով նա ասաց. «Իմ կոչումը չէ ոչ էլ ցանկանում եմ ներքաղաքական թեմայով դեբատների մեջ մտնել: Ինչ վերաբերում է տեխնիկական և այլ միջոցներով՝ տեսախցիկներով ընտրական գործընթացներին հետևելուն՝ նպատակը ոչ այնքան տեխնիկական մոտեցումները բարելավելն է, այլև վստահություն ապահովելը: Հենց այս պատճառով էլ որոշակի վարանումից հետո ԵՄ-ն որոշեց աջակցել այդ գործընթացին: ԵՄ-ն 7 միլիոն եվրոյի ներդրում է կատարել, որ ՀՀ-ում ավելի որակյալ ընտրություններ անցկացվեն»:

Հարցին՝ Ֆրանսիայի կառավարությունն իր հերթին ներդրում կատարե՞լ է և արդյոք ի՞նչ ակնկալիքներ ունեն Հայաստանից, քանի որ յոթ միլիոն եվրոյի ներդրումը մեծ գումար է, պարոն դեսպանը պատասխանեց. «Իրոք, յոթ միլիոն եվրոն ծանրակշիռ գումար է: Ֆրանսիան անհրաժեշտ չհամարեց այդ օժանդակությանն իր բաժին օժանդակությունն ավելացնել: Պետք է նաև հստակ պատկերացնել այն իրողությունը, որ այդ յոթ միլիոն եվրոյի 18 տոկոսն ապահովում է ֆրանսիացի հարկատուն: Մեկ միլիոնն արդեն ընդհանուր այդ զամբյուղի մեջ Ֆրանսիայի կողմից ցուցաբերված օժանդակությունն է»:

Անդրադառնալով տնտեսական հարաբերություններին և ներդրումներին՝ դեսպանը նշեց. «Մենք հետևում ենք ՀՀ կառավարության տնտեսական ոլորտի ցանկացած քայլին, հատկապես հարկային ոլորտին առնչվող փոփոխություններին, մենաշնորհի դեմ պայքարին, կոռուպցիայի դեմ պայքարին, և գործարար աշխարհին վերաբերող ցանկացած քայլ չի կարող աննկատ մնալ»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցերին՝ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն վստահեցրեց, որ համանախագահները ջանքեր չեն խնայում, որ նորից հաստատվեն երկխոսության հնարավորությունները. «Համանախագահները, երեքն էլ համոզված են, որ հակամարտությունը խաղաղ կարգավորումից զատ այլ լուծում չունի: Ստեղծված առկա իրավիճակն ընդունելի չի կարող լինել հակամարտության ոչ մի կողմի համար, քանի որ երկուստեք կան զոհեր: Ոչ միայն քառօրյա պատերազմի ընթացքում եղան զոհեր, այլև մինչև այսօր էլ զոհեր գրանցվում են շփման գծի երկայնքով»:

Ֆրանսիայի դեսպանը նաև վստահեցրեց, որ հակամարտության լուծումը միջնորդներից չէ կախված, այլ հակամարտող կողմերի՝ երկուստեք ցուցաբերած քաղաքական կամքից:

Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ համանախագահների կողմից չի տրվում հասցեական գնահատական հրադադարի խախտման դեպքերի առնչությամբ, Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն հորդորեց կարդալ մեկուկես տարվա ընթացքում համանախագահների արած հայտարարությունները և վստահեցրեց, թե տեսանելի կլինի, որ այնտեղ իսկապես հստակ ուղերձներ կան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728