Ինչո՞ւ որոշեցիք դաշինքով մասնակցել ընտրություններին, դուք էլ եք ասել, որ նախորդ ընտրություններին ավելի մեծ ռեսուրսներ ունեիք, քան հիմա, ուրեմն ինչո՞ւ դաշինքով գնացիք: Մեր այս հարցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Նախ, ինչո՞ւ ոչ, որովհետեւ մենք Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ի հետ ունեցել ենք շատ արդյունավետ, շատ սկզբունքային ու անբիծ համագործակցություն: Ինչո՞ւ պետք է դաշնակցից հրաժարվի այս կամ այն կողմը, եթե այդ դաշնակիցն իրեն արդարացրել է»:
Մեր հարցին՝ չհաջողվե՞ց համոզել միասնական ցուցակով մասնակցել, ոչ թե դաշինքով, որովհետեւ ավելի հեշտ է հաղթահարել 5%-ի շեմը, քան դաշինքի դեպքում՝ 7 %-ի՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ պիտի նման բան համոզեինք: Մենք խնդիր չենք դնում 5 տոկոսն անցնելու: Մեր նպատակն այն չի, որ մենք հաղթահարենք պատնեշը: Մենք շատ ավելի մեծ առաքելություն ենք մեր առաջ տեսնում: Դրա մասին թող մտածեն այն ուժերը, որոնց միակ նպատակն է մի կերպ մտնել պառլամենտի մեջ: Մեր մանկության երազանքը չի եղել գալ եւ աշխատել պատգամավոր եւ անպայման օգտագործել այդ լծակները՝ սեփական ազդեցության համար: Մեր նպատակը մի քիչ ավելի բարձր է, այն է, որ մենք կարողանանք մեր քաղաքական ազդեցությամբ փոխել երկրի կուրսը»:
Հարցին՝ այս ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք՝ նա պատասխանեց. «Հենց այդ սպասելիքներն ունենք, որ մենք կկարողանանք այս ընտրությունների արդյունքում ստանալ այնպիսի հնարավորություն, որ կփոխենք երկրի կուրսը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ