«Ես կանգնած եմ լինելու յուրաքանչյուր գյուղացու կողքին, ով անարդարացիորեն զրկված կլինի ջրից, կամ կհանդիպի այլ խոչընդոտի, որ կառաջացնեն ոլորտի պատասխանատուները»,- այս մասին Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ասել է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Ոռոգման շրջանին ընդառաջ Արմավիրի մարզպետարանում կազմակերպված հանդիպմանը հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իրենց հուզող հարցերը ներկայացրեցին ՋՏՊԿ նախագահին և մարզպետ Աշոտ Ղահրամանյանին:
Համայնքների ղեկավարների բարձրաձայնած խնդիրները, հիմնականում, վերաբերում էին խմելու և ոռոգման ջրի մատակարարման ցանցերի վատթար վիճակին կամ բացակայությանը:
Արսեն Հարությունյանը լսել է բոլոր խնդիրները և խոստացավ հնարավորինս սեղմ ժամկետներում ՋՏՊԿ մասնագետների հետ քննարկել դրանք և լուծումներ առաջարկել:
Կարդացեք նաև
«Ես՝ որպես ոլորտի պատասխանատու, ամենաշատն եմ ուզում, որ բոլոր համայնքներն ապահովված լինեն ոռոգման ջրով, սակայն պետք է իրատես լինել: Շատ համայնքներում խորհրդային տարիներից մնացած ջրագծերն արդեն հնացել են, որոշներում ընդհանրապես ցանց չկա: Այս բոլոր խնդիրները կարգավորելու համար ահռելի գումարներ են հարկավոր: Իմ այցի նպատակներից մեկն էլ բոլոր խնդիրների գույքագրումն ու առաջնահերթությունները հստակեցնելն էր: Փուլ առ փուլ կփորձենք լուծումներ գտնել»,- ասել Ա. Հարությունյանը:
Բարձրացված խնդիրներից մի քանիսը լուծումներ ստացան հենց տեղում: Օրինակ՝ Տարոնիկ համայնքում, որտեղ 1992 թվականից ի վեր խմելու ջուր չկա, մարտի 10-ից կմեկնարկի նոր պոմպակայանի շինարարությունը: Այս մասին խոստացավ մարզպետ Ղահրամանյանը:
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն