Երեկ՝ փետրվարի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ մեկնարկել է Վարդան Սիսակյանի դատավարությունը: Սույն քրեական գործով դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 3-ին: Վ. Սիսակյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական լիազորությունները չարաշահելը»), խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վ. Սիսակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածքային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչ, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Ըստ Հայաստանի հատուկ քննչական ծառայության 2016թ. դեկտեմբերի 27-ի հաղորդագրության՝ Վ. Սիսակյանի մտերիմ Գագիկ Հարությունյանն այլ քաղաքացու անունով Հայաստան է ներմուծել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա, որը 2013թ. օգոստոսի 28-ին ձեւակերպվել է «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով: Ավտոմեքենայի մաքսազերծումից խուսափելու եւ այն անարգել տնօրինելու նպատակով Գ. Հարությունյանը դիմել է տեսուչ Վ. Սիսակյանին, որպեսզի նա մաքսային ռեժիմի փոփոխություն կատարի: Վերջինս փոխել է մաքսային ռեժիմը եւ հաստատել «վերաարտահանում» մաքսային ռեժիմով ձեւակերպված հայտարարագիրը: Այսինքն՝ ըստ այդ ձեւակերպումների՝ «Մերսեդես-Բենցն» իբր Բագրատաշենի անցակետով դուրս է բերվել ՀՀ-ից, իրականում Գ. Հարությունյանն ավտոմեքենան թաքցրել է Հայաստանի տարածքում, որոշ ժամանակ անց այն օտարել է մի անձի, որը որոշ ժամանակ հետո մասնատել եւ վաճառել է այն: Վ. Սիսակյանի գործողությունների պատճառով, ավտոմեքենան չմաքսազերծելու հետեւանքով, պետական բյուջե չի մուտքագրվել Գ. Հարությունյանի կողմից պարտադիր վճարման ենթակա 15 միլիոն 669 հազար 690 դրամ գումարը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ