Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր աուդիտի նորմը վերականգնելու են. հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտում նորամուծություններ կլինեն (Տեսանյութ)

Փետրվար 14,2017 13:46

Ֆինանսների նախարարությունը մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի ոլորտները կարգավորելու նոր հայեցակարգ է մշակել:

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» ակումբում ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ այս բարեփոխմամբ նախատեսվում է ստեղծել «Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների պալատ». այն կիրականացնի մասնագետների որակավորում եւ շարունակական զարգացում ֆինանսական հաշվետվությունների միջազգային չափանիշների եւ աուդիտի միջազգային չափանիշների ժամանակին թարգմանություն, աուդիտի որակի ապահովման համար գործողություններ, նախարարությանը կից ստեղծվելու է հանրային վերահսկողության խորհուրդ, որը պատասխանատու կլինի հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման ուղղությամբ, ներդրվելու է տարեկան աուդիտի պարտադիր պահանջ փոփոխված չափանիշներով՝ խոշոր կազմակերպությունների նկատմամբ, սրանց սահմանումը համապատասխանեցվելու է ԵՄ-ի դիրեկտիվներով ներկայացված չափանիշներին:

Փոխնախարարի ներկայացմամբ՝ փոփոխությունների արդյունքում վերանայվելու է աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը հաշվառման նոր համակարգի ներդրման միջոցով:

«Ֆինանսների նախարարությունն առաջարկում է՝ հաշվապահական հաշվառման եւ արտաքին աուդիտի ոլորտի կարգավորողի դերակատարումը հանձնի այդ նպատակով օրենքով ստեղծված մասնագիտական կառույցին՝ իրեն վերապահելով ոլորտների նկատմամբ վերահսկողություն: Բարեփոխումներով կարգավորողի եւ վերահսկողություն իրականացնողի գործառույթների հստակ տարանջատում կլինի»,-ասաց պարոն Անանյանը: Նրա խոսքերով՝ բարեփոխման համար անհրաժեշտություն կլինի օրենսդրական փոփոխություն կատարել:

«Մենք կարծում ենք, որ պալատի գործառույթը պետք է փոխանցել այսօր գործող Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի հիման վրա օրենքով ստեղծված պալատին, իսկ հսկողության գործառույթը կիրականացնի խորհուրդը, որը կգործի ֆիննախի ներքո»: Պարոն Անանյանն ասաց, որ ասոցիացիան համաձայն է իրենց առաջարկության հետ:

Մանրամասն՝  տեսանյութում

Խորհուրդը, որը գործելու է նախարարությանը կից, ըստ փոխնախարարի, գործելու է հասարակական հիմունքներով:

Պարտադիր աուդիտի իրավական նորմը 2014 թվականին հանվել էր, եւ ինչպես ասաց փոխնախարարը, առաջարկվում է այդ նորմը վերականգնել:

Մանրամասն՝  տեսանյութում

Դավիթ Անանյանն ասաց, որ իրենց հաշվարկներով պարտադիր աուդիտի նորմի պահանջը կտարածվի մոտ 250-300 խոշոր կազմակերպությունների վրա:

Պալատի ֆինանսական միջոցները գոյանալու են անդամավճարով եւ այլ բարեգործական միջոցներից, ըստ Անանյանի, բարեփոխումների արդյունքում պետբյուջեում տուրքերի գծով եկամուտները պակասելու են 7,5-8 միլիոն դրամով:

«Հաշվապահական հաշվառման վարման կանոնները կլինեն շատ թափանցիկ եւ նորացված»,-վստահեցրեց պարոն Անանյանը:

Նոր համակարգն, ինչպես ասաց փոխնախարարը, կգործի 2019 թվականից, մինչ այդ նախատեսվում է, որ 2018-ին արդեն օրենսդրական փոփոխությունները ամբողջովին կատարված կլինեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728