Լրահոս
Օրվա լրահոսը

Թե՛ այն պնդումները, որ ընտրությունները բացասաբար են ազդում տնտեսության վրա, թե՛ դրանց հակառակ կարծիքներն ինտուիտիվ մակարդակի վրա արված հայտարարություններ են. «168 ժամ»

Փետրվար 14,2017 12:46

Հայաստանում կա գրանցված մոտ 2.5 մլն ընտրող (ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների)։ Համապետական ընտրությունների մասնակցում է ընտրողների 55-60%-ը (օրինակ, 2013 թվականի նախագահական ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի, մասնակցել է 1.5 մլն մարդ)։ Ըստ տարբեր գնահատականների՝ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք ակնկալում է ընտրողների մոտ 5-10%-ը։ Նույնքան էլ փող չի պահանջում, սակայն երբ առաջարկում են՝ չի մերժում։ Կարճ ասած, կարող ենք շատ մոտավոր ենթադրել, որ ընտրակաշառք վերցնում է ընտրությանը մասնակցած անձանց 15-20%-ը։ Այսինքն՝ 220- 300 հազար մարդ։

Կաշառքի չափը շատ փոփոխական է։ 5000 դրամը մեզանում արդեն մի տեսակ խորհրդանշական է դարձել՝ ընտրակաշառքների մասին խոսելիս, սակայն եղել են տեղեկություններ 10, անգամ 20 հազար դրամի մասին (ի դեպ, հիմա խոսում են, որ որոշ թեկնածուներ մինչև 100 դոլար են խոստանում)։

Ինչևէ, 5000 դրամի դեպքում ստացվում է, որ համապետական ընտրությունների ժամանակ բաժանվում է մոտ 1-1.5 մլրդ դրամի ընտրակաշառք, 10 հազար դրամի դեպքում՝ 2-3 մլրդ դրամ։ Կարո՞ղ է արդյոք 3 մլրդ դրամը (թեկուզ շատ կարճ ժամանակահատվածում՝ 1 ամսվա մեջ) եղանակ փոխել տնտեսության մեջ, դժվար թե։

Սրանք, կրկնում ենք՝ փաստերով չհիմնավորված շատ կոպիտ հաշվարկներ են։ Գործնականում անհնար է պարզել՝ որքան գումար է ծախսվել ընտրակաշառքի վրա։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է ըստ ամիսների դիտարկել ՀՀ առևտրային բանկերում ՀՀ քաղաքացիների ցպահանջ հաշիվների ու ավանդների փոփոխությունը, կամ՝ բանկային համակարգից դուրս կանխիկ դրամի ծավալների փոփոխությունները, որպեսզի հասկանանք, թե ընտրական ամիսներին որքան փող է բանկային հաշիվներից դուրս եկել և ընտրակաշառքների տեսքով մտել շրջանառություն։ Կարելի է նաև համադրել ըստ ամիսների տնտեսական աճի կամ տնտեսական ակտիվության ցուցանիշները՝ հասկանալու համար, թե ընտրություններից հետո ինչպես է փոխվել դինամիկան։

Սակայն դա նույնպես մեծ հաշվով ոչինչ չի տա, որովհետև՝ նախ ցանկացած ազդեցություն դրսևորվում է որոշ ժամանակ անց, և բացի այդ՝ հետընտրական ամիսներին տնտեսական նկատելի աճ կամ անկում տեսնելու դեպքում էլ չի կարելի միանշանակ պնդել, թե այդ փոփոխությունը պայմանավորված է ընտրություններով։ Այս ամենը նշանակում է, որ ընտրական պրոցեսների իրական ազդեցությունը չափելու համար հարկավոր է անցկացնել լուրջ վերլուծություն՝ հաշվի առնելով տնտեսության վրա ազդող բոլոր գործոնների ազդեցությունները։ Իսկ դա չափազանց դժվար գործ է՝ նկատի ունենալով ստվերայնության բարձր մակարդակը։ Այսինքն, թե՛ այն պնդումները, որ ընտրությունները բացասաբար են ազդում տնտեսության վրա, թե՛ դրանց հակառակ կարծիքներն ընդամենն ինտուիտիվ մակարդակի վրա արված հայտարարություններ են:

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728