«Ժառանգություն» կուսակցությունը 2 տարի է՝ համագումար չի արել, ինչն օրենքի խախտում է։ Համագումարով պետք է նոր վարչություն ընտրվեր, նոր նախագահ, եւ որոշվեր ընտրությունների փուլում իրենց անելիքը։ Այնպես, որ շաբաթ օրը որոշում կայացրած հին վարչությունը լեգիտիմ չէ՝ ընտրված չէ համագումարի կողմից։ Սա էլ է հարուցել «Ժառանգության» ընդդիմադիր դժգոհությունը։
Այս տեսակետը պաշտպանողներից մեկը «Ժառանգության» Սյունիքի մարզային գրասենյակի համակարգող Աննա Հակոբյանն է: Նա թեեւ կուսակցական չէ, բայց կարծում է, որ կուսակցական պատկանելիությունը որոշիչ չէ: «Ես այսքան տարի իմ աշխատանքում չեմ թերացել: Ավելին՝ իմ կատարածի, իմ գործընկերների կատարած գործի համաձայն, Սյունիքի մարզում «Ժառանգություն» կուսակցության հետ մարդիկ միշտ հաշվի են նստում, այսինքն՝ գիտեն, որ գոյություն ունի մի պատնեշ, որ իրենք չեն կարող անցնել»,- ասաց Աննա Հակոբյանը, որը չի ընդունում ոչ մի տեսակի դաշինք. «Գտնում եմ, որ դա մեզ համահունչ չէ, մեր կուսակցությանը, մեր գաղափարախոսությանը: Երկրորդ. ես չեմ պատկերացնում, որ այդ մարդկանց հետ մենք ինչ-որ ընդհանուր բան ունենք ու այդ դաշինքի մեջ լինենք: Եվ ես այս ընտրություններին ոչ աշխատանքները կհամակարգեմ, ոչ էլ ինչ-որ մի գործի կմասնակցեմ»։
Անդրադառնալով համագումարին՝ տիկին Հակոբյանն ասաց, որ իրենք նախ պահանջել էին համագումար անցկացնել, որ վարչությունը լինի լեգիտիմ։ «Այսինքն՝ էդ վարչությունն իրավունք չունի ինչ-որ բան որոշելու, որովհետեւ ինքը չի անցել էն օրինաչափությունները, ինչ որ նախատեսվում է»,- ասաց նա։ Այս հարցում իրենց համախոհները երկու-երեք հոգի չեն, ավելին են՝ հարյուրավոր, հազար հոգի։
Զրուցեցինք նաեւ հակառակ թեւի մոդերատոր Հովսեփ Խուրշուդյանի հետ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է համագումար չանելու եւ վարչության որոշումը ոչ լեգիտիմ համարելու հայտարարություններին, պարոն Խուրշուդյանն ասաց, որ ապրիլին այդ համագումարը հրավիրելու են։ «Տեխնիկապես ուղղակի հնարավոր չէր հասցնել, որ մինչեւ փաստաթղթերը հանձնելը բավարարվեր իրենց պահանջը։ Դա եւս շատ հարգելի պահանջ է, առանց այդ պահանջի էլ, իրոք, ժամանակը եկել է, եւ մենք պետք է համագումար հրավիրեինք։ Իսկ համագումար չհրավիրելու պատճառը, եթե նույնիսկ ինչ-որ խախտում եղել է, ֆորսմաժորային իրավիճակն էր»:
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում