Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Իջեւանի, Դիլիջանի, Բերդի եւ Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոններից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2017թ. փետրվարի 1-ի դրությամբ Տավուշի մարզում հաշվառված է 6594 աշխատող փնտրող անձ: Իջեւանում հաշվառված է աշխատանք փնտրող 2244, Դիլիջանում՝ 2316, Բերդում՝ 883, Նոյեմբերյանում՝ 1151 անձ: Տավուշի մարզում հաշվառված է 5112 գործազուրկ, որից 3145-ը կանայք են:
Վերջին տարիներին Դիլիջանում պետական բյուջեի միջոցներով եւ տարբեր կազմակերպությունների կողմից մեծ ներդրումներ են կատարվել: Դիլիջանում կառուցվել են ՀՀ կենտրոնական բանկի տեղի մասնաճյուղ, պետական եկամուտների կոմիտեի Դիլիջանի ուսումնական կենտրոն, Դիլիջանի միջազգային դպրոց, «Թումո« կենտրոն, գործարկվել են տասնյակ հյուրանոցներ, առողջարաններ, հանգստյան տներ:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիլիջանը ցանկանում էր դարձնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, սակայն դա իրականության չդարձավ: Տավուշի մարզի Իջեւանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջանները Ադրբեջանին սահմանամերձ են, Դիլիջանի տարածաշրջանը սահմանամերձ չէ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ