«Ծառուկյան» դաշինքի ցուցակը պատրա՞ստ է
– Այսօր մամուլում արդեն հրապարակումներ կային «Ծառուկյան» դաշինքի առաջին տասնյակի վերաբերյալ: Դուք կհաստատե՞ք հրապարակված ցուցակը:
– Քանիցս ասել եմ, նորից եմ կրկնում`դուք ինձնից որեւէ անուն չեք լսելու`մինչեւ փետրվարի 16-ը, 18. 00-ն, երբ ընտրացուցակները կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ պահից սկսած ես պատրաստ կլինեմ պատասխանել լրագրողների բոլոր հարցերին: Մեկ բան կարող եմ հստակ ասել`ցուցակը գլխավորելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այլ անուններ, ներառյալ իմ անունը, ես չեմ տալու:
– Այնուհանդերձ, տեւական ժամանակ շրջանառվում էին տարբեր կուսակցությունների, միավորումների եւ անհատ գործիչների անուններ, նաեւ հայտարարություններ եղան, որոնք կլինեն դաշինքի ցուցակում:
Կարդացեք նաև
-Ես խնդրում եմ, ձեր հարցն ուղղեք այն գործիչներին, ովքեր տվել են այդ անունները: Այդ ընթացքում ևս ես ասել եմ նույն բանը`նախընտրական շրջանում քաղաքական ուժերի եւ անհատ գործիչների մեջ ընթացող բանակցությունները քաղաքական մշակույթի կարեւոր կոմպոնենտներից են: Առ այս պահը ես որեւէ կուսակցության եւ գործչի անուն չեմ տվել եւ չեմ տալու: Կխոսենք ամսի 16-ից հետո:
– Երեկ, փաստորեն, ըստ էության փլուզվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքը`Արամ Սարգսյանն ու Վիկտոր Դալլաքյանը չեղյալ համարեցին նախնական պայմանավորվածությունները` խոսելով ստվերային գործարքների մասին: Վիկտոր Դալլաքյանը նույնիսկ բավական լուրջ մեղադրանքներ հնչեցրեց`ասելով, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է ղեկավարում այդ գործընթացները եւ համամասնական ցուցակում ընդգրկված են հիմնականում «Համախմբում» կուսակցության գործիչները: Այս ամենից ժամեր անց Սեյրան Օհանյանի շուրջ, արդեն իրավական հաստատմամբ, ձեւավորվեց նոր դաշինք`«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»: Չե՞ք կարծում, որ դաշինքային համախմբումները մեզանում կենսունակ չեն դառնում:
– Դաշինքային ֆորմատների մասին իմ մոտեցումները ես քանիցս ասել եմ: Դրանք չեն փոխվել: Ինչ վերաբերվում է երեկ տեղի ունեցածին, ես կոռեկտ չեմ համարում գնահատականներ տալ: Մենք ասել ենք, որ բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին վերաբերվում ենք հարգանքով:
Ես մեծագույն հարգանքով եմ վերաբերվում թե Րաֆֆի Հովհաննիսյանին, թե Արմեն Մարտիրոսյանին, բայց այսօրվա «Ժառանգությունն» ինձ համար, կարծում եմ նաեւ հանրության համար, Զարուհի Փոստանջյանն է: Անկախ նրանից, որ հաճախ, տարբեր հարցերի վերաբերյալ, ես եւ տիկին Փոստանջյանը ունեցել ենք տարբեր մոտեցումներ եւ հնարավոր է էլի ունենանք, Զարուհի Փոստանջյանին ես համարում եմ սկզբունքային, հանրային մեծ հեղինակություն ունեցող եւ հարգանքի արժանի գործիչ:
– 2015 թվականին, «Նոր Հայաստանի» համագումարում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանը մասնակից է եղել պետական դավաճանության, իսկ Արմեն Մարտիրոսյանը բազմիցս ասել է, որ Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի կադրն է եւ հավասար պատասխանատվություն է կրում:
– Այդ բոլոր այս հարցերը խնդրում եմ իրենց ուղղեք: Մնացյալն`արդեն ասացի:
– Այնուհանդերձ, հնարավոր համարո՞ւմ եք համագործակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հետ, մանավանդ, երբ երեկ Վարդան Օսկանյանն ասաց, որ դաշինքը պատրաստ է համագործակցել ընդդիմադիր դաշտում գործող ուժերի հետ
– Եթե հիշում եք, ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանն ասաց, որ մենք պատրաստ ենք առողջ մթնոլորտում եւ սերտ աշխատել այն քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը մեր երկրում լրջագույն բարեփոխումներ իրականացնելն է:
Զրույցը`Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ