Այսպիսի քաղաքականության համար իրոք խելք պետք չէ՛
Անցած շաբաթ տեղի ունեցած մի քանի կուսակցական համագումարները հավակնում են դառնալ առաջիկա ընտրությունների ինտելեկտուալ նշաձողը, որի «հասակով» էլ կընթանա հիմնական գործընթացը:
Եվ այդ «նշաձողը» միանգամայն արժանի է չակերտների, քանզի, ինչպես ասված է ներկայիս ժամանակաշրջանը լավագույնս բնորոշող ասույթում, այդպիսի քաղաքականության համար իրոք խելք պետք չէ՛: Ընդ որում, պետք չէ ոչ այդպիսի քաղաքականությունը վարողին, ոչ էլ այդպիսի քաղաքականության սպառողին:
Որքա՞ն խելք է պետք, օրինակ, կուսակիցների «կաշին քերթելու» կամ ընդդիմախոսներիդ աչքերն «այ էս մատներով հանելու», իսկ հետո Պուտինին մեջբերելու համար: Ավելին՝ խելքը հակացուցված է ուրվագծվող միտմանը: Չէ՞ որ միջինից ցածր մակարդակի խելքն էլ կհուշեր մայրաքաղաքի ամենամեծ դահլիճներից մեկում հավաքվածներից յուրաքանչյուրին, որ քաղաքական առումով այդտեղ անելիք չկա եւ չի կարող լինել:
Կարդացեք նաև
Բայց հավաքվել էին, ինչ-որ բաներ էին լսում, նույնիսկ ծափահարում եւ ինչ-որ բաներ ոգեւորված վանկարկում…
Ոչ, իհարկե, խելք էլ ունեն, մի բան էլ ավելին: Ուղղակի «խաղի կանոնն» է այդպիսին, երբ խելքդ պիտի դնես մի կողմ: Առժամանակ: Շատ չէ, եւս մեկուկես ամիս: Իսկ հետո… հետո ո՞վ է հիշելու, թե ի՞նչ են ասել, ո՞վ է ասել, խոստացել են «կաշին քերթեն», «աչքերը հանեն», թե՞ «բռնեն եւ տեղում բռնաբարեն»…
Չէ՞ որ նրանք համոզված են, որ մարդիկ հիշողությունը լարել չեն սիրում, պատճառահետեւանքային ուղղակի կապերը չեն տեսնում, հոգնած են, զզված են… ու մի ամիսուկես էլ կզզվեն ու նորից կմոռանան, մինչեւ հաջորդ ընտրություններ… եւ կյանքը «մեկ ա՝ չի փոխվելու»…
Բայց այս ամենը հետեւանք է, հետեւանք այն բանի, որ ընտրությունները կորցրել են իրենց բուն իմաստը: Քաղաքական դաշտի «կոնստրուկտորներն» ընտրողների համար այնպիսի քաղաքական «ճաշացանկ» են պատրաստել, որտեղ ոչ մի «ուտելու» բան չկա:
Երկրի առջեւ ծառացած մարտահրավերներն, ըստ ամենայնի, ոչ ոքի չեն հուզում, եթե չեն տեղավորվում այս ամայացման գործընթացի տրամաբանության մեջ: Քաղաքականությունը մեռել է, այսպիսի քաղաքականությունն այլեւս քաղաքականություն էլ չէ:
Սակայն, մյուս կողմից, միանգամայն օրինաչափական գործընթաց է: Հայաստանի այդ ո՞ր մի դաշնակիցն է հանդուրժում քաղաքականություն. Ղազախստա՞նը, Բելառո՞ւսը, թե՞ «ռազմավարական դաշնակից» եւ «դարավոր բարեկամ» Ռուսաստանը: Եվ ինչո՞ւ պիտի Հայաստանում տիրեն այլ բարքեր, չէ՞ որ դա սպառնալիք կարող է դառնալ այս եվրասիական երանությանը:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով առաջիկա ընտրություններին, հանգստացրեց ռուս եւ ռուսերեն իմացող ընթերցողներին առ այն, որ այստեղ կարեւոր պահը «կայուն մեծամասնության» երաշխավորումն է, որը պետք է ապահովի Հայաստանում «քաղաքական գործընթացի շարունակականությունը»: «Տվյալ փաստերը հաշվի առնելով՝ մենք չենք տեսնում ծանրակշիռ պատճառներ, որպեսզի Երեւանն արմատապես փոխի իր արտաքին քաղաքական կուրսը»:
Դե իհարկե՛, չի տեսնի պարոն դեսպանը: Այսպիսի քաղաքական դասավորությունը Մոսկվան երազել է տեսնել Երեւանում սկսած Հայաստանի անկախությունը ճանաչելու օրվանից: Չէ՞ որ կյանքը ցույց տվեց, որ մինչեւ վերջ չփլուզված կայսրությունը գնաց, որպեսզի վերադառնա, եւ այդ ճանապարհին չկա եւ չի՛ կարող լինել որեւէ բարոյական խոչընդոտ:
Իսկ ինչո՞ւ պետք է լինի: Ռուսաստանում իշխող չեկիստների եւ կրիմինալի այդ համաձուլվածքը չի ունեցել որեւէ բարոյական խոչընդոտ, երբ ինքն էր գալիս իշխանության իր իսկ երկրում, եւ ինչու նա պիտի խնայի Հայաստանը, մանավանդ, երբ հայկական քաղաքական ուժերն իրե՛նք նման հարցադրումներով հանդես չեն գալիս: Ուրվագծվում է միանգամայն «եվրասիական» համայնապատկեր, որը մենք տեսնում ենք ՌԴ Պետդումայի անվանումը կրող քաղաքական բալագանում, ինչն այլեւս ծիծաղելի չէ: Իսկ ով էլ կարող էր նման հարցադրումներով հանդես գալ, եւ սպասվում էր, որ հանդես կգա՝ դաշինքացավի եւ ռեյտինգացավի այս անուղեղ մրցավազքում նրանց վրա հագցրեցին, կամ իրենց իսկ կամքով կամ անիմացության բերումով հագան մի-մի «եվրասիական» զսպաշապիկ ու ձկան պես բերանները ջուր են առել, որ հանկարծ «չխախտվի միասնությունը», «չխաթարվի լայն կոնսոլիդացիան» եւ այլ քառակուսի պատճառաբանություններով…
Եվ որպես հետեւանք, այո՛, կաշի էլ կքերթեն, աչք էլ կհանեն, իսկ հետո էլ Պուտինին կմեջբերեն… իսկ ի՞նչ էիք ուզում: Դե, ուրեմն, հնձեք ձեր ցանած մոլախոտը, սա ձե՛ր ցանածն է, այլ ոչ թե երկնքից իջավ:
… Իսկ խրախճանքը Հայաստանում այս եվրասիական ժանտախտի ժամանակ դեռ ինչ-որ ժամանակ էլ կշարունակվի: Ճիշտն ասած, խրախճանք էլ առանձնապես չկա, մնացել է ժանտախտը…
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
14,02.2017