Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիրոջն ընդառաջ»-ի մաքրագործող հուրը

Փետրվար 14,2017 11:00

Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը: Նախնյաց օրենքի համաձայն՝ մինչեւ Քրիստոսի ծնունդը ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր եւ աղոթեր:

Մարիամը՝ Հիսուս Քրիստոսի մայրը, եւս պահպանեց այս օրենքը եւ քառասուն օրական Հիսուսին տարավ տաճար: Այնտեղ է եղել Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրել է իր կյանքը երկարացնել այնքան, մինչեւ տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա, հրաշքով զգալով Փրկչի ներկայությունը, Աննա մարգարեուհու հետ ընդառաջ է ելնում մանուկ Հիսուսին: Այստեղից էլ առաջացել է «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը: Եկեղեցու հայրերը մեկնաբանում են. «Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին: Քրիստոսը՝ Աստծո Միածին Որդին, երկնքից խոնարհվեց եւ մեր փրկության համար աշխարհ եկավ»:

Տյառնընդառաջը (Տրնդեզը) ամենասիրված տոներից է Հայաստանում, որն այսօր պարտադիր նշում են այն ընտանիքները, որոնք նշանված կամ նոր ամուսնացած զավակներ ունեն: Տրնդեզ, Տյառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ եւ բազմաթիվ այլ անուններով է հայտնի տոնը, որը հայ ժողովուրդն արդեն հազարամյակներ շարունակ նշում է: Տոնի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը: Երեկոյան եւ առավոտյան ժամերգությունների ընթացքում Ավետարանների ընթերցումները նվիրվում են քառասնօրյա Փրկչի Տաճար գալուն: Նորապսակները այդ տոնական օրը գալիս են եկեղեցի, որի բակում մեծ խարույկ է վառվում, ուր երգվում են հոգեւոր երգեր: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տյառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տոնի ժողովրդական ավանդույթներից այսօր պահպանվել է նաեւ խարույկավառությունը:

Տյառնընդառաջի հիմնական ծեսը խարույկ վառելն էր եւ այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները՝ փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը, եւ պտտեցնում կրակի շուրջը, մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Տրընդեզի խարույկին վերագրվել են տարբեր հատկություններ: Կա մի հավատալիք, ըստ որի՝ չբեր կինը, այրելով իր քղանցքը Տրնդեզի կրակով, անպայման կհղիանա եւ արու զավակ կունենա: Տղամարդիկ կրակի վրայով թռել են նրա միջոցով մաքրագործվելու, իսկ երեխաները՝ չարից ազատվելու համար: Նախկինում խարույկի ծխի ուղղությամբ կատարել են նաեւ գուշակություններ. հետեւելով ծխի ուղղությանը՝ որոշել են տարվա բերքառատությունը (եթե ծուխը թեքվել է հարավ կամ արեւելք, ակնկալել են առատ բերք, իսկ եթե թեքվել է հյուսիս կամ արեւմուտք` համարել են, որ երաշտ կլինի):

Հին ժամանակներում տոնը ուրախացնում էր հատկապես փեսաներին: Խարույկի վրայով թռչելուց հետո նրանք իրավունք էին ստանում այցելել իրենց հարսնացուներին:
Ըստ Ս. Գրիգոր Տաթեւացու. «Խարույկի կրակը բորբոքելիս՝ հայցում ենք աստվածային սիրո հուրը՝ ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով եւ կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»:

Այսօր նաեւ աշխարհի մոտ 100 երկրում նշվում է Սուրբ Վալենտինի կամ բոլոր սիրահարների օր: Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սուրբ Վալենտինիուսի հիշատակին: Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար: Այս տոնը նշում են աշխարհի կաթոլիկները, իսկ Առաքելական եկեղեցում որպես սիրահարների հովանավոր հանդիասնում է սրբադասված զորավար՝ Սուրբ Սարգիսը, որի տոնը շարժական է, եւ այս տարի նշվեց փետրվարի 11-ին:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

14,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728