Լրահոս
Օրվա լրահոսը

Գանգատներ` 2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի ԼՂՀ քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ

Փետրվար 14,2017 10:54

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (հետայսու՝ Դատարան) է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ: Մասնավորապես,

1. ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատուներ) զոհվածների մարմինների նկատմամբ միջամտության հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Երեք զինծառայողների առնչությամբ գանգատներում բարձրացվել է նաև նրանց կյանքի իրավունքի և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման հարց:
22 գանգատները ծանուցվել են Ադրբեջանի իշխանություններին. Պատասխանի համար տրվել է ժամկետ` մինչև 28.03.2017թ:

2. 02.04.2016թ Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց երեք անդամների մերձավոր ազգականների անունից (3 դիմումատուներ) սպանված անձանց կյանքի իրավունքի, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, սպանվածների մարմինների նկատմամբ միջամտության հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Սպանվածներից մեկի առնչությամբ գանգատում բարձրացվել է նաև խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման հարց:

Այս գանգատները միավորվել են մեկ գանգատում և ծանուցվել են Ադրբեջանի իշխանություններին. Պատասխանի համար տրվել է ժամկետ, մինչև 27.11.2017թ:

3. 02-05.2016թ մարտական գործողությունների հետևանքով տուժած և պոտենցիալ տուժող հանդիսացող 693 քաղաքացիական անձանց անունից (Թալիշ գյուղի 133, Մատաղիս գյուղի 133, Մարտակերտ քաղաքի 132, Ճարտար քաղաքի Ներքին Ճարտար թաղամասի 229, Մարտունի քաղաքի 13 և Ասկերանի շրջանի բնակավայրերի 37) քաղաքացիական բնակավայրերի ոչ խտրական հրետակոծության հետևանքով նրանց կյանքի, սեփականության, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի, ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Թալիշ, Մատաղիս և Մարտակերտ բնակավայրերի բնակիչների դեպքում բարձրացվել է համայնքային ինքնությանը պահպանելու և համայնքային համագոյակցության իրավունքին միջամտելու իրավաչափության հարցը՝ որպես անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի ինքնուրույն ասպեկտ:
Գանգատները առանձնացվել են 360 գանգատներում, տրվել են անվանումներ և համարներ. Դեռևս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

4. 3 գանգատ ներկայացվել է չորսական անչափահասների անունից (զոհված աշակերտ և այլոք)՝ Ճարտար, Մատաղիս և Թալիշ բնակավայրերից:
Գանգատները գրանցվել են, տրվել են անվանումներ և համարներ. Դեռևս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

5. Հայ Առաքելյայց Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի անունից Թալիշ գյուղի եկեղեցու ու մատուռի հրետակոծման հետևանքով մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփականության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով:
Գանգատը գրանցվել է, տրվել է անվանում և համար. Դեռևս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

Որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ Դատարանից ակնկալվում է իրավունքների խախտման փաստի արձանագրում, որի դեպքում Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր կլինի նախ արդարացի փոխհատուցում տրամադրել իրավունքի խախտման զոհերին, ապա՝ ստեղծել և արդյունավետ գործարկել մարտական գործողությունների ընթացքում կատարված մարդու իրավունքների բոլոր խախտումների քննության մեխանիզմներ, բացահայտել խախտման համար պատասխանատուներին և ենթարկել արդարացի պատժի, դադարեցնել ազգային հատկանիշով պայմանավորված խտրական պետական քաղաքականությունը:

 

Իրավաբան-իրավապաշտպանների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728