Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն մարդկային նկարագրի

Փետրվար 14,2017 10:16

Ամեն օր գրել նախընտրական վիճակի եւ դաշինքներ մտնել-դուրս գալու մասին` պարզապես անհնարին է: Եվս մեկուկես ամիս բացառապես այդ խարդավանքներով ուղեղը զբաղեցնելու համար պողպատյա առողջություն է պետք: Ուզում եմ այսօր այդ թեմայից շեղվել եւ ձեր ուշադրությունը դարձնել մեկ այլ, իմ կարծիքով, կարեւոր խնդրի վրա:
Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, չեմ կիսում հայ ժողովրդի համընդհանուր հիացմունքը «Սասնա ծռերի» գործողությունների հետ կապված: Ոստիկանական գնդի վրա զենքով հարձակվելը, մարդ սպանելը, պատանդ վերցնելը, իմ կարծիքով, չի արդարացվում ոչ մի վեհ նպատակներով եւ ոչ մի ազգափրկիչ հռետորաբանությամբ: Ավելին` գրավյալ գունդը շրջապատող ոստիկանների վրա հարձակվելը կամ ուժով այդ շղթան ճեղքելը նույնպես չի տեղավորվում պետական կարգի մասին իմ պատկերացումների մեջ: Այո, պատմությունն այդ ամենը կարող է արդարացնել եւ հերոսացնել, առասպել սարքել: Պատմությունն այդպիսի բան է. կարող են մարդու արձանը դնել, հետո քանդել, գերեզմանից դիակը հանել, վառել, հետո` նորից արձան դնել: Բայց ես ապրում եմ այսօր եւ այստեղ` թե 50 տարի հետո ինչ կլինի, չեմ կարող ասել:

«Հաց բերող» Արթուր Սարգսյանն էլ ինձ համար ոչ լեգենդ է, ոչ էլ երիտասարդներին դաստիարակելու օրինակ: Այդքանով հանդերձ` նրան կրկին երկու ամսով կալանավորելը նույնպես չի տեղավորվում իրավական եւ բարոյական ոչ մի չափանիշների մեջ: Մեր իրավապահ համակարգում առայժմ «Սովետ» է` այդ համակարգի ներկայացուցիչներին թվում է, որ իրենց նպատակը ոչ թե հանցագործությունը կանխելն է, իսկ եթե չի հաջողվում կանխել` բացահայտելն է, այլ բացառապես պատժելն ու վրեժ լուծելը: Մարդուն պետք է կալանավորել այն դեպքում, եթե նա, ազատության մեջ մնալով, կարող է ազդել նախաքննության մարմնի վրա: Օրինակ՝ եթե որեւէ նախարարի կամ պատգամավորի երբեւէ ձերբակալեն, ապա իմաստ ունի, որ նա մնա ազատազրկման վայրում, քանի որ շատ հավանական է, որ իր «ախպերության» միջոցով փորձի ազատվել պատասխանատվությունից: Արթուր Սարգսյանը, բնականաբար, նման լծակներ չունի: Նախաքննությունը, հաշվի առնելով այդ հանգամանքը եւ Արթուրի առողջական լուրջ խնդիրները, նրան որոշել էր ազատ արձակել` փոխելով խափանման միջոցը քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Բայց երեւի մտածում էին, որ նա, որպես շնորհակալություն, պիտի իր կարծիքը չարտահայտի, լռի: Անկախ նրանից, թե ով է համաձայն նրա արտահայտած կարծիքի հետ, ով` ոչ, նման մոտեցումը, իմ կարծիքով, անմարդկային է եւ անիրավ:

…Կարելի է համակրել այս կամ այն կուսակցությանը, կարելի է ամիսներով դեգերել տարբեր դաշինքների արանքում, կարելի է րոպեն մեկ մտնել եւ դուրս գալ իշխանության եւ ընդդիմության մեջ: Միակ բանը, որը չարժե անել, մարդկային նկարագիրը կորցնելն է:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Նյութը, միաժամանակ, մի քանի տարբեր – եւ հակասական- մակարդակների վրա քննարկվում է այստեղ: Իրեւի իսկապէս ուղեղային formatting-ի հարց մը ունինք, Արեւելքում եւ Արեւմուտքի մէջ ապրող հայերի միջեւ:

    Յուլիսի ահաբեկչական գործողության – որ անշուշտ «արգիլված» է այդպէս կոչել – վերաբերող օրինական գործընթացը տեւաբար ներկայացվում է որպէս Պետության կողմէ «վրէժ լուծելու» քայլեր:

    Արդարեւ, վերեւ նշված են նաեւ նոր հանցագործություն կանխելու եւ պատիժի նկատողությունները: Անոնք ճիշդ են: Սա «վրէժ լուծելու» պատմությունն է, անհեթեթ մօտեցումը:

    Եթէ «վրէժ լուծելու» միտում լինէր, այդ մարդիկը բանտում… ասենք… շատ ծանր կացությունների կ’ենթարկվէին : Օրինակի համար, 1995-ի քաղաքական ձերբակալությունների շրջանին, մարդ մահացաւ բանտում, ահաւոր պայմանների մէջ: Երեւի անկէ ի վեր ճանապարհ կտրել ենք դէպի քաղաքակրթություն: Այժմ, ոստիկաններ սպանող խմբակը եւ դրսում նրա գործօն զօրակիցները շատ հեռու են նոյնանման վերաբերմունքից…

    Քրէական Օրէնքի մէջ կա մի հիմնական տվյալ, էական չափանիշ՝ տարհամոզելու միտումը: Dissuasion: Deterrance: Սա զուտ օրինական հղացք է: Նշանակում է որ քրէական արարքի հետեւանքների չափը, չափսը, պէտք է որ ճշտվի այնպէս, որ այդ հետեւանքները օրինակելի դառնան, տարհամոզիչ դառնան, որպէսզի այլ մարդիկ տատամսին նոյնանման հանցագործություն կատարելէ:

    Կացությունը դիտողի մտքում, եթէ Յուլիսի դէպքերը հանցագործություն չեն, արդէն իմաստ չունի նյութը որեւէ ձեւով քննարկել զուտ օրինական մակարդակի վրա: Բանտարկյալները ազգային հերոսներ են, եւ պիտի անմիջապէս անպարտ արձակվին, վերջ:

    Սակայն այդ դէպքերը հանցագործություն համարողը չի կարող նկատի չունենալ վերոհիշյալ օրինական տվյալները:

    Այս է օրինական բացատրությունը Պետության խստագոյն մօտեցման, այս նյութին մէջ:

    Ցաւալի իրականությունը այն է որ Յուլիսի արյունահեղ հիմարության հետեւանքը եղաւ այն, որ Հայաստան դարձաւ մի քիչ աւելի «ոստիկանական պետություն», եւ շատ մը հայեր համակերպած են ատոր, տեսնելով թէ, այլապէս, որքան աւելի վատ է լինելու կացությունը:

    Ջանացէք պահ մը հանդարտօրէն (այս խօսքս Խմբագրին չէ ուղղված) ընկալել այս պարզաբանումը: Ոչ թէ ռուսական ծայրագոյն գերզգայնությամբ, ողբերգական ռոմանթիզմով, նոյնիսկ առանց մի կաթիլ խմելու՝ խոր հարբեցման հոգեվիճակի, «քմայքո՜տ ձիեր», դավայ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728