Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ Քոչարյան եմ տեսնում, ոչ Ստալին եմ տեսնում, ոչ Պինոչետ». Արմեն Մարտիրոսյանը՝ Քոչարյանի թիմի հետ դաշինքի մասին

Փետրվար 13,2017 23:45

Մենք ներկայացրել էինք, թե նախկինում «Ժառանգությունը» եւ Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ քննադատություններ էին հնչեցրել Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հասցեին, ինչպես էին նախկինում Ժառանգության անդամներն արտահայտվել նրանց մասին ու հիմա ինչպես են դաշինքով նույն անձանց հետ գնում ազատ, արդար ընտրությունների:

Մասնավորապես, նշել էինք, թե Ժառանգության համար սկզբունքային հարցի՝ ԵՏՄ անդամակցության շուրջ Օհանյանն ու մյուսներն ինչ մոտեցում էին որդեգրել: Տարիներ առաջ՝ 2012-ին, խոսելով Վարդան Օսկանյանի մասին, Արմեն Մարտիրոսյանն ասել էր. «Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի ամենալավ, վստահելի կադրերից մեկն է եղել, եթե Քոչարյանը ռուսական կամ եվրասիական դաշտում է գտնվում, ինչպես կարող է Օսկանյանը արեւմտյան դաշտում գտնվել»:

Թե ինչպես են այսքան տարբեր գաղափարակիրներ հիմա միմյանց հետ ճանապարհ անցնելու՝ Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն իր պարզաբանումները ներկայացրեց:

Նրա համար անհասկանալի է, ինչո՞ւ են Մարտի 1-ի հարցում Օսկանյանին մեղադրում, երբ նա ընդամենը առավոտ ասել է՝ պետք չի արյունահեղություն լինի, չեմ ուզում սրել իրավիճակը: Նա կրակելու հրաման չի տվել, 10 մարդուն էլ ինքը չի սպանել:

Մեր հարցին՝ այդ մարդիկ Ձեզ համար սկզբունքային հարցի՝ ԵՏՄ անդամակցության շուրջ լրիվ տարբեր դիրքորոշում ունեն, ինչպե՞ս եք պատկերացնում իրենց հետ համագործակցությունը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Օրակարգում հստակ նշված է՝ Հայաստանի ինքնիշխանություն, հավասարակշռված քաղաքականություն»: Մենք ճշտեցինք՝ դո՞ւք եք գնալու ռուսամետների իրենց դաշտ, թե՞ իրենք են գալու ձեր դաշտ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.

«Ոչ իրենք են գալու մեր դաշտ, ոչ էլ մենք ենք գնալու իրենց դաշտ, այլ Հայաստանը վարելու է ինքնիշխան, հավասարակշռված քաղաքականություն: Լեգիտիմ իշխանություն ձեւավորելով՝ մենք կարող ենք հասնել նրան, որ ցանկացած պետության ասենք՝ ոչ: Եթե մեր գործընկերները մինչեւ այդ տեսել են, որ ԵՏՄ-ում է ճիշտ, որեւէ խնդիր չկա, որովհետեւ այսօր Հայաստանի խնդիրն է, անկախ նրանից՝ մենք ԵՏՄ-ում կլինենք, թե չենք լինի, այս վարչակարգի օրոք ամեն ինչ արվելու է, որ երկրում մարդ չմնա, ինչը մենք տեսնում ենք: Քաղաքական դաշտը պետք է այլասերվի մինչեւ վերջ, ԶԼՄ-ների միջոցով պետք է ոչնչացվեն այն ընդդիմադիր փշրանքները, որ գոյություն ունեն»:

Մեր հարցին՝ Դուք ընդդիմադիր համարո՞ւմ եք այդ դաշինքի անդամներին՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Որտեղ ես կամ, այդ միավորումը չի կարող ընդդիմադիր չլինել»:

Մեր հարցին՝ Իսկ Քոչարյանին տեսնո՞ւմ եք այդ ուժի հետեւում՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ես այդ ուժի հետեւում Քոչարյանին էլ չեմ տեսնում, Պինոչետին էլ չեմ տեսնում, Ստալինին էլ չեմ տեսնում, Գորբաչովին եւ մնացածներին էլ չեմ տեսնում: Նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չեմ տեսնում»:

Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կարող էիք չտեսնել, բայց գոնե Քոչարյանի թիմի անդամներին չե՞ք տեսնում՝ Արմեն Մարտիրոսյանը զարմացավ՝ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի հետքը չենք նշում. «Վարդան Օսկանյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել է փոխարտգործնախարար: Սեյրան Օհանյանը Ղարաբաղում բարձրաստիճան պաշտոնատար անձ է եղել»: Մեր դիտարկմանը, որ Օհանյանին Հայաստան առաջինը բերել է Քոչարյանը, նա հենց Քոչարյանի հրամանագրով է նշանակվել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ եւ ՊՆ փոխնախարար՝ Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. «Այն ժամանակ բոլորը Լեւոն Տեր-Պետրոսյանի ենթակայության տակ չէ՞ին, կարող ենք նաեւ դա ասել»:

Հարցին՝ Անդրանիկ Թեւանյանը Քոչարյանի հետ չի՞ ասոցացվում՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Նորից եմ կրկնում՝ ոչ Քոչարյան եմ տեսնում, ոչ Ստալին եմ տեսնում, ոչ Պինոչետ, ոչ էլ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյան»:

Մենք ճշտեցինք՝ անկեղծ մտավախություն չունե՞ք, որ սրանով Քոչարյանին եք աջակցում, իր համար եք ճանապարհ բացում՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ: Իսկ ուրիշ ի՞նչ ուրվականներ կան, որ կարելի է պատկերացնել ու դրա դեմ պայքարել`իրական ֆիզիկական իշխանությանը թողած: Ուրվականներին հանգիստ թողեք, իրական իշխանության մասին է խոսքը, որի կատարած քայլերի շնորհիվ անցյալ տարի 48 հազար մարդ է  Հայաստանից գնացել»:

Մեր դիտարկմանը՝ ո՞ւմ եք հետ եք դուք հիմա քայլում, դա կարեւոր չէ՞՝ Արմեն Մարտիրոսյանը հարցին հարցով պատասխանեց՝ Քոչարյանը իմ կողքը կանգնած է, ես չե՞մ տեսնում»: Նրան, որ Քոչարյանի մարդիկ են կանգնած՝ նա արձագանքեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի մարդիկ են կանգնած, Քոչարյանինը չեն»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչ ակնկալիքներ ունեք, դաշինքը ինչքա՞ն ձայն կկարողանա հավաքել՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Էական չէ: Էականն այն է, որ հասարակությունը մոբիլիզացվի եւ պայքարի»:

Թե ինչ է առաջարկում այս դաշինքը, որ մյուսները չեն առաջարկում, ինչու պետք է ընտրողը ձայն տա հենց ձեր դաշինքին՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պետք է ընտրի, որովհետեւ այստեղ է կուտակված պետական կառավարման փորձը, հմտությունները, իմաստությունը, նաեւ բարեփոխումներ անելու մեծ ցանկությունը, որը նաեւ ամրագրված է ծրագրով եւ կոնկրետ քայլերով: Եթե Ժառանգությունը մի տեղ կա, ուրեմն դա ընդդիմադիր միավորում է եւ միավորում է՝ հանուն Հայաստանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728