Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսկանյանը սխալ է արել եւ թող հատուցի». Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատությունները՝ Օհանյան-Օսկանյանի հասցեին

Փետրվար 13,2017 23:00

Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախորդ խորհրդարանական, նախագահական ընտրություններում քարոզարշավների ժամանակ բոլոր մարզերում խոսում էր 20 տարվա կեղծած ընտրությունների մասին՝ հորդորելով մարդկանց ազատվել «Լեւոն-Ռոբերտ-Սերժ» եռանկյունուց: Բայց, ինչպես հայտնի է, այսօր նա այդ եռանկյունու հետ անմիջականորեն կապված մարդկանց հետ դաշինքային ցուցակ է կազմել ու գնում է ազատ, արդար ընտրությունների:

Թե «Ժառանգությունը» նախկինում ինչ հայտարարություններ է արել Սեյրան Օհանյանի եւ Օսկանյանի հասցեին ու հիմա ինչպես է արդարացնում նրանց, ներկայացնենք կոնկրետ թվականներով:

2013-ի նախագահական ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրում էր ՊՆ-ին՝ զորք ու զինվորներ չբերեք ժողովրդի դեմ, հետո իր շտաբը ապրիլի 9-ին տարածեց հայտարարություն, որ Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում ՊՆ-ն զորք է բերել՝ թույլ չտալով Րաֆֆի Հովհաննիսյանին իշխանափոխություն անել: Այդ ժամանակ ՊՆ նախարարը եւ նույն զորք բերողը Սեյրան Օհանյանն էր, որին այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը տեսնում է իշխանափոխության գնացող իրենց դաշինքի առաջնորդի դերում:

2012-ի հոկտեմբերին Րաֆֆի Հովհաննիսյանը, խոսելով այն ժամանակ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու վտանգի առջեւ կանգնած Օսկանյանի մասին, հայտարարել էր, չնայած դեմ են, որ նրան զրկեն անձեռնմխելիությունից, բայց նա դեռ պատասխան պիտի տա արտաքին հարաբերությունների շատ հարցերում սխալների համար. «Իմ համեստ կարծիքն այն է, որ Օսկանյանը սխալ է արել և թող հատուցի, բայց մինչև հասնելը Օսկանյանի հարցին, թող մյուսները պատասխանեն և ընտրություններից առաջ նրան քավության նոխազ չդարձնեն»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ «Ժառանգության» մյուս անդամներն Օսկանյանի համար ավելի խիստ պատիժ էին առաջարկում՝ խոստանալով նրան նստեցնել դատարանի մեղադրյալի աթոռին:

Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը բազմիցս են խոսել Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի մասին՝ հայտարարելով, որ այդ ոճրագործությունները բացահայտված չեն ու դրանում իշխանություններն են մեղավոր: Նրանք հայտարարում էին, որ  այսօր տիրող իրավիճակը սկիզբ է առել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, ու խոստանում էին բացել ոճրագործությունների ծալքերը: Արմեն Մարտիրոսյանը քննադատում էր Քոչարյանին՝ ասելով, որ ներկայիս վատ վիճակը գալիս է հատկապես իր կառավարման տարիներից. «Քոչարյանի ժամանակ տեղի չունեցավ կառավարման համակարգի ինստիտուցիոնալացում, ավելի շատ նա հիմնվեց անձերի վրա, մոնոպոլացվեց ամեն ինչ»:

Արմեն Մարտիրոսյանն այսպիսի հայտարարություն էր արել. «Կառավարման համակարգը, որ այսպես է, հո մի օրում չի՞ դարձել: Ասենք, որ այս 10 տարի ՀՀԿ-ն եկավ իշխանության եւ լրիվ փոխվե՞ց: Չէ: Ունեցել ենք նախագահություն Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, 95-ից ունեցել ենք կեղծված ընտրություններ: Չէ՞ որ աստիճանաբար դեգրադացվեց եւ արդյունքում ունեցանք այն, ինչ ունենք: Հիմա ասենք՝ կապ չունի՞ որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի նախագահ է եղել եւ այս կառավարման համակարգն է բերել: Եթե քայլ անում ենք՝ ուրեմն բովանդակային, հակառակ պարագայում դուրս է գալու, որ մենք ուզում ենք անձերը փոփոխել, ոչ թե իշխանություն»: Հիմա Ժառանգությունը նույն Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների հետ պայքարում է՝ իշխանափոխության համար:

Հիշեցնենք, որ 2012-ի ապրիլին Ժառանգությունը ընդդիմադիրների ստեղծած միասնական շտաբը լքեց եւ բոյկոտեց՝ հենց Օսկանյանի մասնակցության պատճառով: Այն ժամանակ Ժառանգությունը հայտարարեց, որ ի դեմս Օսկանյանի՝ շտաբում տեսնում են Ռոբերտ Քոչարյանին:

Երեւանի ավագանու ընտրություններին ընդդիմադիր դաշտի միասնական ճակատ ձեւավորելու առաջարկը «Ժառանգությունը» նույնպես մերժել էր ու հիմնական պատճառը, Արմեն Մարտիրոսյանի՝ 2013-ի մարտի 23-ին ասուլիսում հայտնած խոսքերով՝ հետեւյալն էր՝ այն չձեւավորվեց, որովհետեւ իրենք դեմ էին միասնական ցուցակի՝ Օսկանյանի գլխավորելուն:

Ավելի վաղ՝ 2012-ի հունիսի 29-ին, խոսելով Վարդան Օսկանյանի մասին, Արմեն Մարտիրոսյանն ասել էր. «Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի ամենալավ, վստահելի կադրերից մեկն է եղել, եթե Քոչարյանը ռուսական կամ եվրասիական դաշտում է գտնվում, ինչպես կարող է Օսկանյանը արեւմտյան դաշտում գտնվել»:

Այստեղ ակնհայտ է, որ սկզբունքային լուրջ հակասություններ կան Ժառանգության եւ նորաստեղծ դաշինքի անդամների գաղափարների միջեւ: Ազգային ժողովում ԵՏՄ անդամակցության քվեարկությանը Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյան, Վահե Հովհաննիսյանը ոչ դեմ էին քվեարկել, ոչ՝ կողմ, պարզապես չէին մասնակցել, իսկ Ստեփան Մարգարյանը ոչ միայն կողմ էր քվեարկել, այլեւ արդարացնում էր, որ դրանով ինքնիշխանության կորուստ չի լինում: «Ժառանգությունը» դա անվանեց դավաճանների քվեարկություն ու հիմա այդ «դավաճանների» հետ դաշինք է կազմել:

Սեյրան Օհանյանը նույնպես ԵՏՄ անդամակցությանը կողմ էր: Նա հայտարարարել էր՝ «ԵՏՄ-ին չանդամակցելը, համապատասխան համագործակցություն չունենալը Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, որը հանդիսանում է նաև երկրի անվտանգության երաշխավորներից մեկը, հատկապես Թուրքիայի առումով նշանակում է չմտածել ապագայի մասին»:

Այս ամենի մասին Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությունները՝ առաջիկայում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728