«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը հարց է ուղղում նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին՝ ինչն էր խանգարում ձեզ բարձրաձայնել քաղբանտարկյալների հարցը, երբ իշխանության մեջ էիք:
Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարարն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր՝ այո՛, Հայաստանում, իհարկե, քաղբանտարկյալներ կան:
«Ի՞նչն էր խանգարում Սեյրան Օհանյանին, երկար տարիներ լինելով պաշտոնատար անձ բարձրացնել քաղբանտարկյալների հարցը եւ փորձել լուծումներ գտնել: Չէ՞ որ նրանք նոր չեն դարձել քաղբանտարկյալ: Այո՛, քաղբանտարկյալներ կան, ես կոնկրետ Շանթի ընկերների մասով եմ ասում: Ինձ չի թվում, որ այն ժամանակ Սեյրան Օհանյանը չգիտեր՝ նրանք քաղբանտարկյալ են, ի՞նչ փոխվեց հիմա: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Շանթի ընկերներից Վարդան Վարդանյանը փոխգնդապետ էր, բանակի հենց ստեղծման օրվանից ծառայել է բանակում, իր ներդրումն ունի բանակի կայացման գործում, անմիջական Օհանյանի ենթակայության տակ է աշխատել:
Սեյրան Օհանյանը կարող էր ժամանակին հայտարարությամբ հանդես գալ, որ գոնե նրա պատժաչափերն այդքան խիստ չլինեին: Բայց լինելով իշխանության մեջ, ունենալով նման պաշտոն՝ ոչինչ չէր անում այն ժամանակ, ինչի համար հիմա հանկարծ ինչ-որ բան պետք է փոխի: Բնական է, որ որեւէ հույս Օհանյանի կամ որեւէ այլ մեկի հետ չենք կապում, որ ինչ-որ բան կփոխեն: Ընդամենը շահարկումներ են»,- Aravot.am-ին ասաց Ռուզաննա Բադալյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, նախընտրական շրջանում շատերը կշահարկեն քաղբանտարկյալների հարցը, կփորձեն դիվիդենտներ շահել, ձայներ հավաքել՝ հիշեցնելով քաղբանտարկյալների առկայությունը. «Այն հարցերը, որոնք հուզում են ժողովրդին, այն հարցերը, որոնք կարեւոր են, կբարձրաձայնվեն, անկախ նրանից՝ պատրաստ են լուծել այդ հարցերը, թե՝ ոչ: Բայց այդ բարձրաձայնումները հավատ չեն ներշչնում, այ երբ ընտրություններից հետո փորձեն ինչ-որ բան անել, այդ ժամանակ հավատ կներշնչի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ