Լրահոս
Օրվա լրահոսը

Հարց Սեյրան Օհանյանին՝ «Իսկ Վոլոդյա Ավետիսյանը քաղբանտարկյա՞լ է»

Փետրվար 13,2017 20:12

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր Օսկանյան-Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան  դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին՝ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, պատասխանել է՝ «Քաղբանտարկյալներ այսօր Հայաստանում, իհարկե, կան, բայց  ես այսօր չեմ ուզում այդ ուղղությամբ…»:

Պարոն Օհանյանն այսօր չի նշել, թե իր կարծիքով ովքեր են այսօրվա քաղբանտրակյալները, սակայն հիշեցնենք, որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը դատապարտվել է 6 տարվա ազատազրկմամբ, բազմիցս հայտարարել է, որ ինքը քաղաքական հայացքների  համար է հետապնդվել եւ դատապարտվել: Վոլոդյա Ավետիսյանին իրավապաշտպանները  եւս քաղբանտարկյալ են համարում:

Հիշեցնենք նաեւ, որ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ  քրեական գործ հարուցվեց այն բանից հետո, երբ նա  2013 թվականին սկսեց բողոքի ցույցեր անել՝  ի պաշտպանություն ազատամարտիկների՝ պահանջելով  բարձրացնել նրանց կենսաթոշակները:

2014 թվականի հուլիսի 17-ին Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկմամբ՝ խարդախության մեղադրանքով:

Սեյրան Օհանյանն իր պաշտոնավարման ժամանակ, երբ  պաշտպանության նախարար էր, Վոլոդյա Ավետիսյանի վերաբերյալ ասում էր, որ բարիդրացիական հարաբերություններ ունի, սակայն երբեւէ քաղբանտարկյալ չի համարել:

2013 թվականին հոկտեմբերի 28-ին Սեյրան Օհանյանն՝ Ավետիսյանին քաղաքական հետապնդումների վերաբերյալ հարցին ի պատասխան ասել է՝ «Գտնում եմ այն, ինչ տեղի է ունեցել, կապված է նրա անձնական գործունեության հետ, և փորձը՝ միջամտելու մեր Զինված ուժերի համալրման հաշվառման խնդիրներին։ Քաղաքական նրա գործունեության հետ, կարծում եմ, կապ չունի և նույնիսկ, եթե քաղաքական գործունեությունը նրա չլիներ և տեսնեինք, որ ինքը կապված է այդ հարցի հետ նրա նկատմամբ հետապնդումն իրականացվելու էր»:

2014-ի հուլիսի 17-ին Ավետիսյանի դատավճռի հրապարակումից հետո, Ավետիսյանն իր դատապարտման մասին հայտարարել էր, որ քաղաքական հետապնդման եւ այն ժամանակվա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածության չկատարելու արդյունք է: Նույն օրն Օհանյանն Ավետիսյանի հայտարարության մասին ասել է՝  «Պայմանավորվածություն չկատարելու վերաբերյալ ես միշտ ասել եմ՝ մենք պայմանավորվելենք հանդիպել, որպեսզի համապատասխան առաջարկություններ տանք՝ զինծառայողների սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ, այն զինծառայողների, ովքեր կենսաթոշակային տարիքում են: Ես երբեւիցե չեմ ասել, որ այդ պայմանավորվածությունը չկատարելու համար են նրան ձերբակալել: Պայմանավորվածությունը մեր միջեւ է եղել, նա խախտել է, բայց ինքը նաեւ այլ խախտում է արել, որի համար այսօր պատասխան է տալիս»:

Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների՝ բազմաթիվ հարցեր անպատասխան է թողել, նա խոստացել է առաջիկա ասուլիսներից մեկում բոլոր հարցերին պատասխանել:

Հիմա, երբ Օհանյանն արդեն իշխանությունում չէ, եւ ընդդիմադիրի դիրքերից է հանդես գալիս, հետաքրքիր է՝ իր կարծիքը Վոլոդյա Ավետիսյանի մասին փոխե՞լ է, արդյոք նրան արդեն համարում է քաղբանտարկյալ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728