Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ

Փետրվար 13,2017 17:59

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տրամադրության տակ եղած տվյալների համաձայն՝ հետխորհրդային տարածքի երկրներում գործում է մասնագիտացված միջազգային հանցավոր խումբ, որն էլեկտրոնային նամակներով ուղարկված վնասաբեր համակարգչային ծրագրերի կիրառմամբ կատարում է հափշտակություններ:

Կարևորելով անձնական տվյալների, կորպորատիվ գաղտնիքների և ֆինանսական տեղեկատվության անվտանգությունը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ստացվող էլեկտրոնային նամակների նկատմամբ ցուցաբերել առողջ կասկածամտություն, ոչ պաշտոնական կամ անհայտ ծագման հասցեներից ուղարկված նամակներն առանց բացելու անմիջապես ջնջել կամ ձեռնարկել անվտանգության հետ կապված  համապատասխան այլ միջոցներ:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ վերոնշյալ եղանակով հափշտակության դեպք է արձանագրվել նաև Հայաստանում. օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամները ՀՀ-ում գործող առևտրային բանկի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին ՀՀ գերատեսչություններից մեկի անունից ուղարկել են վնասաբեր ծրագրեր պարունակող մի քանի տասնյակ կեղծ նամակներ, որոնց միջոցով ներթափանցել են բանկի ներքին համակարգչային ցանց և տիրացել այնտեղ պահվող տեղեկատվությանը:

Այնուհետև, բանկի սերվերներից մեկի վրա տեղադրվել և գործարկվել է հեռակա համակցման ծրագիր, որի կիրառմամբ առևտրային բանկի բանկոմատները սպասարկող սերվերը վարակվել է վնասաբեր համակարգչային ծրագրերով՝ խափանելով դրանց բնականոն աշխատանքը: Հետագայում Հայաստան ժամանած հանցավոր խմբի անդամները Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հասցեներում գործող թվով 22 բանկոմատների ստեղնաշարերի միջոցով մուտքագրելով հատուկ հրահանգներ, ապօրինի ելքագրել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր առմամբ շուրջ 133 մլն ՀՀ դրամ գումար:

Վերոնշյալ հանցանքները կատարած օտարերկրյա երեք քաղաքացիների ինքնությունը պարզվել է:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (շահադիտական նպատակներով վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը), 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (hանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) նախատեսված հանցագործություններ կատարելու համար: ՀՀ ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նրանց նկատմամբ հայտարարվել է միջպետական հետախուզում:

Ներկայումս օտարերկրյա իրավասու մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում անդրազգային հանցագործությանը հնարավոր առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ չնայած իրենց քողարկված բնույթին, կիբերհանցագործությունները ևս թողնում են որոշակի «հետքեր», որոնք հնարավորություն են տալիս ամբողջությամբ բացահայտել գործարկված հանցավոր մեխանիզմը:

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728