ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ կայացել է քննարկում՝ հեծանվային սպորտի, նետաձգության և առագաստանավային սպորտի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Նախարարը նշված մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ այսօրվա քննարկումը մեծամասամբ վերաբերում է մարզաձևերի մասսայականացման և տարածման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացմանը: «Սպորտի բարձրագույն նվաճումները ձեր ամենօրյա աշխատանքն են, հիմա անհրաժեշտ է մտածել նաև սպորտի մասսայականացման ուղղությամբ: Խնդրում եմ ուսումնասիրել Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների, խոշոր քաղաքների, բնակավայրերի հնարավորությունները, դրանց բնակլիմայական պայմանները, օգտագործել տեղի մարզչական ներուժը»,- ասել է նախարարը:
Հ. Ռոստոմյանը հորդորել է կատարված ուսումնասիրություններից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել ծրագրեր՝ իրենց ղեկավարած մարզաձևերի զարգացման և մասսայականացման համար: «Ծրագրերի իրագործմանը կաջակցի նաև մեր նախարարությունը: Այստեղ ամենաառանձնահատուկը առագաստանավային սպորտն է, որով զբաղվելու համար ջրային համապատասխան պայմաններ են անհրաժեշտ: Եվ, ի տարբերության դրա, ամենամասսայականը կարելի է գնահատել հեծանվային սպորտը, որով զբաղվելը համեմատաբար մատչելի է: Ես այս մարզաձևի տարածման կոնկրետ առաջարկների եմ սպասում»,- ասել է Հ. Ռոստոմյանը:
Նախարարի խոսքերով՝ վերոհիշյալ մարզաձևերի մասսայականացման և զարգացման ուղղությամբ համակարգային մոտեցման շնորհիվ հնարավոր կլինի նաև նպաստել էկոտուրիզմի և սպորտային տուրիզմի զարգացմանը մեր երկրում:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն