Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարո Ստեփանյան-ֆեստը կներառի երկու սիմֆոնիկ և երեք կամերային համերգներ

Փետրվար 13,2017 16:23

 

Փետրվարի 13-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում անցկացվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս։ Երաժշտական տոնը յուրաքանչյուր տարի նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին և կրում է նրա անունը։ Այս տարի այն նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և կրելու է «Հարո Ստեփանյան-ֆեստ» անվանումը։

Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն ասուլիսի ընթացքում առանձնահատուկ շեշտեց այն փաստը, որ իրադարձությունն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարությանն աջակցությամբ:

«Կարևորում եմ, որ մեր հասարակության մեջ կա փառատոն, որը, եթե կարելի է այդպես ասել, շատ նեղ մասնագիտական է, բայց ունի շատ կարևոր առաքելություն և նպատակ: Հասարակությունը պետք է տեսնի մեր հերոսներին»,-ասաց նա՝ հավելելով, որ Հարո Ստեփանյանը մեծագույն կոմպոզիտոր է:

Սերգեյ Սմբատյանը շեշտեց նաև, որ փառատոնի շրջանակում արդի կոմպոզիտորները հնարավորություն կունենան ներկայացնել այն ամենն, ինչին նրանք նվիրել են իրենց կյանքը:

Փառատոնի շրջանակում ներկայացվելու է նաև Վարդան Աճեմյանի գործերից: « Այս փառատոնը հիանալի նախաձեռնություն է: Մենք պետք է անպայման մեծարենք մեր մեծերին: Հարո Ստեփանյանը մեր մեծ կոմպոզիտորներից է, ով ստեղծագործել է տարբեր ժանրերում: Գրել է գործեր, որոնք, կարծես, մոռացված են: Երիտասարդական նվագախմբի այս նախաձեռնությունը ուրախացնում է: Նորից կհնչեն Հարո Ստեփանյանի, ինչպես նաև մեր նորագույն կոմպոզիտորների գործերը, կներկայացվեն պրեմիերաներ: Համոզված եմ, որ այս փառատոնը կբացահայտի նորանոր գործեր, որոնք հետագայում կյանք կունենան»,-ասաց Վարդան Աճեմյանը:

Փառատոնի գեղարվեստական հարցերի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը մանրամասն ներկայացրեց փառատոնային ծրագրերը: Նա ընդգծեց, որ փառատոնն ընդգրկելու է 5 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային, հագեցած բազմազան ծրագրերով, հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներով։

Երաժշտական այս գեղեցիկ նախաձեռնության շրջանակներում հանդես կգան բազմաթիվ մենակատարներ, այդ թվում՝ անվանի դաշնակահարուհի Նարե Արղամանյանը։

Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի շրջանակներում թվայնացվել են Հարո Ստեփանյանի երբևէ չկատարված կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կներկայացվեն ունկնդրի դատին առաջին անգամ: Փառատոնի փակման համերգը (փետրվարի 28) հնարավոր կլինի դիտել առցանց՝ SYOA TV-ի միջոցով:

Հարո Ստեփանյանը (1897-1966թթ.) տաղանդավոր և ինքնատիպ կոմպոզիտոր է, ով մեծ ավանդ է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում: Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։
Անահիտ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728