Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկրետ հարցեր՝ կուսակցություններին. Քաղհասարակությունը հարցաշար է պատրաստել

Փետրվար 13,2017 14:52

 

Ավետիք Իշխանյանն ասաց, որ իսկապես շատ խնդիրների մասին կուսակցությունների տեսակետը չգիտենք, օրինակ, Ղարաբաղի հարցում ընդհանուր ձեւակերպումներ են անում: 

Մշտադիտարկումներ, դիտորդական առաքելություններ, այդ ամենից բացի առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղհասարակությունը որոշել է մասնակցություն ունենալ նաեւ բովանդակային հատվածին: Մի շարք ՀԿ-ներ հարցաշար են մշակել, որոնք պետք է ուղարկվեն կուսակցություններին, որոնք պետք է պատասխանեն հարցերին, ինչը կդառնա հանրային քննարկման առարկա: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը: Ըստ նրա, մենք առճակատումներ ենք տեսնում, թե ով ում դեմ դուրս կգա, ինչպես դուրս կգա, բայց բովանդակային քննարկումներ չեն լինում՝ կոռուպցիոն խնդիրների, մարդու իրավունքներին վերաբերող բացթողումների, քաղբանտարկյալների, սոցիալ-տնտեսական խնդիրների մասին:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ իրենք ընտրությունները դիտարկելուց բացի պետք է հետեւեն, թե ինչքանով են խաղաղ անցնում նախընտրական հավաքները: Նա նշեց, որ այն ընտրատեղամասերում, որտեղ դիտորդներ են եղել, պատկերը այլ է, բայց արդյո՞ք կարող են բոլոր ընտրատեղամասերում ունենալ դիտորդներ. «Հանրաքվեի ժամանակ մենք էլ չկարողացանք պահել, մեր աչքի առաջ լցոնումներ են եղել: Եթե պետք է լինում՝ դիտորդներին էլ կարող են հաշվի չառնել, իսկ մնացած դեպքերում ասում են՝ լավ, կողքի ընտրատեղամասում կանենք»:

Ավետիք Իշխանյանն ասաց, որ իսկապես կուսակցությունների տեսակետը շատ խնդիրների մասին չգիտենք, օրինակ, Ղարաբաղի հարցում ընդհանուր ձեւակերպումներ են անում: Բացի մի կուսակցությունից, որն ասում է՝ հանուն խաղաղության պետք է Ղարաբաղը հանձնենք, այլ կոնկրետ տեսակետ արտահայտող չկա. «Եթե կուսակցությունների համար իսկապես կարեւոր է Հայաստանում ազատությունը, պետք է պահանջեն մինչեւ ընտրությունները բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել: Բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, որեւէ մեկը չի ասում նման բան»:

Հելսինկյան քաղաքացիականն ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համոզմամբ՝ սա ամենա ոչ մրցակցային ընտրություններն են, տեսնում ենք պալատական պայմանավորվածություններ, դաշինքներ, որոնք դեռ չստեղծված՝ քանդվում են, բայց գաղափարի շարժ, բանավեճ չկա: Ուստի ՀԿ-ները պետք է փորձեն դեբատներ կազմակերպել:

Սաքունցի խոսքերով՝ անվտանգության սպառնալիքներ կան, լուրջ խնդիրներ` ԵԱՏՄ-ի անդամակցությամբ պայմանավորված՝ տնտեսական ակնհայտ զարգացումների կասեցումը, արտաքին մարտահրավերներ եւ չկա քննարկում: Քննարկում է գնում միայն, թե ով ում հետ կարող է միանալ: Միանում են, հեռանում են, սիրում են, ատում են՝ այդ ամենը մեզ հետ կարծես կապ չունի: Մենք գնահատեցինք իրավիճակը, որ զուտ դիտորդական առաքելությունը բավարար չէ, հանրությունը չի բավարարվում, ուստի մրցակցության հիմնական հնարավորությունն է հարցերը ներկայացնել, իրազեկել»:

Ըստ Արթուր Սաքունցի, ընտրողը պետք է կարողանա կողմնորոշվել ոչ թե նրանով, թե ով է լավ տղա, ով է օլիգարխ, ով սիրուն դեմք ունի, ով՝ ոչ, այլ՝ թե ինչ են առաջարկում, կոնկրետ լուծումներ. «Կան կոնկրետ հարցեր, որոնք հնարավոր չէ այլեւս սվաղել եւ հանրությանը մատուցել»:

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ՝ 95-ից մինչեւ հիմա հիշենք ընդդիմադիրներին, որտե՞ղ են հիմա ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, Ազգային միաբանությունը, ՀԺԿ-ն. «Նույնիսկ Կոմկուսը, որ գաղափարական ինչ-որ բաներ էր առաջարկում, որտե՞ղ են հիմա: Ոչ միայն նրա համար, որ իրենց տեր չեղան, այլ ժամանակին իրենք ճիշտ առաջարկ անելու դեպքում կդառնային այլընտրանքային եւ փողոց դուրս կբերեին մարդկանց»:

Վարուժան Հոկտանյանն ասաց, որ մոտ 400-500 դիտորդ սփյուռքից կլինեն, մոտ 150-ը՝ Վրաստանից. «Դա կար հանրաքվեի ժամանակ, նաեւ այս ընտրություններում կլինի, կծածկվի 1500-1800 տեղամաս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը` Մեդիա կենտրոնի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728