Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխող ՀՀԿ-ն եւ ընդդիմադիր ՀԱԿ-ն են քարոզում հողատվության գաղափարը»

Փետրվար 13,2017 15:00

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը նախընտրական գործընթացը համարում է գռեհիկ աթոռակռիվ

– Քառօրյա պատերազմի տարելիցին մոտենալով ադրբեջանական կողմը սկսում է ավելի ակտիվացնել սահմաններում իր գործողությունները: Վերջին օրերին սկսել են խոշոր տրամաչափի զինատեսակներ եւս կիրառել, դիվերսիաների հաճախականությունն էլ ավելացել է: Սրանք հայկական կողմին ահ ու սարսափի մեջ պահելու PR-ի՞ն միտված ակցիաներ են, թե՞ Ադրբեջանը նոր արկածախնդրությունների է պատրաստվում:

– Ճակատային գծում իրավիճակը թեժ պահելու մարտավարությունն Ադրբեջանի ընդհանուր քաղաքական գծի ներդաշնակ ու անքակտելի մասն է: Այժմ սրացումների հաճախականությունն ավելացնելու համար ժամանակավորապես լրացուցիչ մի գործոն է հայտնվել՝ ՀՀ ԱԺ գալիք ընտրությունները: Բանն այն է, որ պաշտոնական Բաքվի համար կարեւոր է, որպեսզի մեր խորհրդարանում զգալի մեծամասնություն կազմեն հենց այն քաղաքական ուժերը, որոնք սկզբունքորեն կողմ են Արցախի ներկայիս տարածքի երկու երրորդը հակառակորդին հանձնելուն եւ օտար խաղաղարարների մուտքը տարածաշրջան արտոնելուն՝ փոխարենն ակնկալելով հաշտեցում եւ տեւական խաղաղության հաստատում: Այդպիսի քաղաքական ուժերի թվին այսօր արդարացիորեն դասվում են իշխող ՀՀԿ-ն եւ ընդդիմադիր ՀԱԿ-ը՝ նրանք են Հայաստանում քարոզում հողատվության գաղափարը:

– Սահմաններում հայկական կողմը ամրացման եւ ժամանակակից տեխնոլոգիաներով արդիականացման աշխատանքներ է կատարում: Սա այն բավարար հետեւությո՞ւնն է, որը հայկական կողմը պետք է աներ մեկ տարի առաջ տեղի ունեցած կարճատեւ պատերազմից: Կա՞ն այլ տեսանելի քայլեր եւս:

– Հայկական իշխանությունները փորձում են լուծումները գտնել ճակատային գծում, մինչդեռ դրանք առաջին հերթին քաղաքական ոլորտում պետք է գտնվեն: Ադրբեջանի ռազմական ակտիվությունը նրա քաղաքականության արդյունավետ բաղադրյալն է, ու քանի դեռ մենք չենք կարողացել քաղաքական մակարդակում չեզոքացնել հակառակորդի նկրտումները, ռազմի դաշտում կշարունակենք չարդարացված կորուստներ ունենալ: Այս խնդիրը հնարավոր է լուծել, բայց մեր պատասխանատուները, դատելով իրենց պահվածքից, նման նպատակ եւ անգամ ցանկություն չունեն:

– Կարելի՞ է փաստել, որ ԼՂ հարցի խաղաղ կարգավորման շուրջ քաղաքական գործընթացը տեսանելի ապագայում դեռ փակուղուց դուրս չի գա, թեպետ համանախագահները փորձեր են անում գոնե արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կազմակերպել:

– Հարցը մեզ համար է փակուղի մտել: Ադրբեջանը հետեւողականորեն ավելացնում է իր քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական ճնշումն ու իր համար դրական շարժ է ապահովել այս երեք ուղղություններով էլ:

– Հայաստանում բուռն արձագանք ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ կատարվածը. քաղաքական ուժերն ու գործիչները նույնիսկ ծայրահեղ առաջարկներ հնչեցրին` խզել Բելառուսի հետ դիվանագիտական հարաբերությունները, դուրս գալ ԵԱՏՄ-ից եւ այլն: Հայաստանում բարձրացած աղմուկը համարժե՞ք էր կատարվածին, թե՞ դրսեւորվելու լավ առիթ էր: Չունե՞ր պաշտոնական Երեւանը լծակներ կամ քայլեր, որոնք կարող էր կիրառել, բայց չկիրառեց:

– Այդ աղմուկը պարզապես մեր անզորության վկայությունն էր: Մենք ինքներս ենք մեզ այնպիսի վիճակի մեջ դրել, որ ոչ պաշտոնական Երեւանն է կարողանում լիարժեք կերպով պաշտպանել Արցախի շահերը եւ ոչ էլ իր երբեմնի քաղաքական ինքնուրույնությունից զրկված Ստեփանակերտն է կարողանում իրեն դրսեւորել որպես իրապես ինքնիշխան պետություն: Անկախության հռչակումից քսանհինգ տարի անց էլ այն չունի քաղաքացիության մասին լիարժեք օրենք: Այսինքն՝ չունի լիարժեք քաղաքացիներ եւ չունի իր կողմից հաստատված կայուն սահմաններ: Համապատասխանաբար, ներկայումս Արցախն ընդամենը ինչ-որ մարդկանցով բնակեցված անորոշ պետական նկարագիր ունեցող տարածք է, որը միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս: Բացի մեզանից, բոլոր մնացյալների համար Լապշինը ապօրինի կերպով խախտել է Ադրբեջանի պետական սահմանը, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ինքնիշխան Ադրբեջանի իրավունքն է:

– ՌԴ-ի եւ Իսրայելի, որոնց քաղաքացին է բլոգերը, արձագանքը կատարվածին համարժե՞ք է` նկատի ունենալով ՌԴ-Ադրբեջան, Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների մակարդակը: Այդ հարաբերությունները կարո՞ղ են դեռ վերանայվել`չնայած արդեն հնչած պաշտոնական դիրքորոշումներին:

– Լապշինի հետ կապված պատմությունը ռուս-ադրբեջանական կամ իսրայելա-ադրբեջանական միջպետական հարաբերությունների վրա բացասաբար ազդելու իրական ներուժ չունի:

– Կարո՞ղ է Լապշինի հետ կատարվածը բերել շղթայական ռեակցիայի եւ հայկական պետությունների համար աշխարհում խնդիրներ ստեղծել, ինչպես շատերը կանխատեսում են:

– Ադրբեջանը Լապշինի հաջողված արտահանձնման գործողության միջոցով ստեղծեց իրավաքաղաքական նախադեպ, որը կարող է նրա համար աշխարհի տարբեր պետությունների քաղաքացի հանդիսացող Արցախի բարեկամների հանդեպ իսկական մարդաորս սկսել: Կարելի է ասել, որ կատարվածը պաշտոնական Բաքվի կողմից Արցախի նախկին այցելուներին եւ ապագա հնարավոր զբոսաշրջիկներին պետականորեն ահաբեկելու գործընթացի հաջողված մեկնարկն է:

– Որեւէ ուժի հետ, ընտրությունների համատեքստում, համագործակցելու առաջարկ ստացե՞լ եք: Առհասարակ, ներքաղաքական-նախընտրական գործընթացներն ինչպե՞ս կգնահատեք:

– Առաջարկներ չեմ ստացել, եւ այդ ուղղությամբ ինքս որեւէ նախաձեռնողականություն հանդես չեմ բերել: Նախընտրական գործընթացներն առայժմ ընդամենը գռեհիկ աթոռակռվի տպավորություն են թողնում: Տեսականորեն հնարավոր եմ համարում համագործակցությունս այն քաղաքական ուժի հետ, որը կցանկանա խորհրդարանում հողատվական գաղափարախոսության հիմնավոր այլընտրանքը ներկայացնել: Այլընտրանքային մոտեցումների մասնագիտական ձեւակերպումն ու կիրառման մեթոդաբանության նախապատրաստումը կարող եմ վերցնել ինձ վրա: Այս խնդրի լուծումն ապահովելու համար կարելի է եւ անտեսել որոշ՝ դրա համեմատությամբ երկրորդական կարգի հանգամանքներ:

 

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

11,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728